«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը` ներկայացնելով նաեւ մի խումբ ձեռնարկատերերի (ովքեր չէին ցանկացել ներկայանալ) դժգոհությունն այս նորաստեղծ կառույցի նկատմամբ: Ձեռնարկատերերը խմբագրություն ուղարկած նամակում մասնավորապես նշել էին, որ կառավարության որոշմամբ «ՀայԼեռՏեխ» հսկողության փոխարեն այժմ գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ընդամենն անվանափոխություն էր, եւ, որ իրականում «սայլը տեղից չի շարժվում»: Բացի այդ, նրանք գտնում են, որ կենտրոնի փորձագետների մեջ «բանիմաց անձնավորություն չկա», եւ բողոքում են նրանից, որ կենտրոնի ռեեստրում իրենց արտադրական վտանգավոր օբյեկտները չգրանցելու համար իրենք տուգանվելու են:
Ընթերցողին մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք այս նամակի մի մասը, որին արձագանքեց կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը: Նրա հավաստմամբ, այս կենտրոնը «ՀայԼեռՏեխի» իրավահաջորդը չէ. այս 2 կազմակերպությունների գործառույթները լիովին տարբեր են: Գեներալը նշեց նաեւ, որ կենտրոնում դեռ շարունակվում է միայն գրանցման գործընթացը, փորձաքննության փուլը դեռ չի սկսվել, ուստի այդ ձեռնարկատերերը չեն կարող տեղյակ լինել կենտրոնի փորձագետների բանիմացության մասին: Անանուն գործարարները խնդրել էին նաեւ Ա. Պետրոսյանին որոշ հարցեր ուղղել:
– Մշակվա՞ծ է արդյոք փորձաքննություն անցկացնելու որեւէ մեթոդ այն տեխնիկական սարքավորումների երկարակեցության եւ անվտանգության համար, որոնք 15-20 տարվա ծնունդով են եւ որոնք ժառանգաբար հասել են մեզ:
– «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մենք պետք է մշակենք տասնյակ եւ բազմաթիվ կանոնակարգեր` ըստ առանձին ուղղությունների` սկսած արտադրամասերից, լողամիջոցներից, հանքերից, կարուսելներից, բենզալցակայաններից: Եթե «պարոն ձեռնարկատերերին» հետաքրքրում է, թե որ բնագավառի մասին է խոսքը, ես կարող եմ պատասխանել: Այսօր գազի ոլորտի բոլոր օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը մշակված են եւ ընդունված կառավարության կողմից, վերելակներինը` նույնպես: Լողամիջոցներինը եւ հանքավայրերինը շուտով կմշակվեն: Սա մի ամբողջ բնագավառ է, ուստի 3 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ բոլոր ենթաօրենսդրական ակտերը մշակել: Ժամանակ է պետք:
– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մեկ սարքավորման փորձաքննությունը իրականացնելու համար եւ քանի՞ տիպի մասնագետների կողմից պետք է արվի:
– Սկսած 15 րոպեից, վերջացրած` ամիսներով: Մի վերելակը կարող է փորձաքննվել 2-3 ժամում, բենզալցակայանը` 5-7 ժամում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, օրինակ, փորձաքննությունը կարող է տեւել 2-3 ամիս: Մենք բոլոր գծերով մասնագետներ ունենք:
– Ինչպիսի՞ մոտեցումներ եւ մեթոդներ են մշակվում լաբորատոր եւ բնական փորձարկումների համար:
– Մենք ունենք Կանոնակարգերի մշակման մեթոդաբանական վարչություն, ուսումնամեթոդական ծառայություն, որպեսզի ինժեներատեխնիկական անձնակազմն ատեստավորում անցնի: Եվ եթե այդ «ձեռնարկատերերը» տղամարդ լինեին ու նշեին իրենց ձեռնարկությունների անունները, ես կնայեի, կտեսնեի, թե ովքեր են իրենց «բարձրագույն մասնագետները»:
– Ո՞ր նյութատեխնիկական բազայում կամ լաբորատորիայում է գնահատվում առանձին հանգույցների մաշակայունությունը, հուսալիությունը, հոգնածությունը, ամրությունը եւ այլն:
– Եթե իրենք իմանային օրենքի հիմնական հասկացությունները, այսպիսի հարցադրումներ չէին անի:
– Տվյալ տեխնիկական սարքավորման աշխատունակության ո՞ր չափանիշն է ձեզ իրավունք տալիս անվտանգ շահագործման երաշխիք տալու:
– Ամեն մի բնագավառ ունի կանոնակարգեր. մի քանիսը 140 էջանոց են: Կանոնակարգերում մանրամասնորեն, կետ առ կետ նշվում են տարբեր սարքավորումների նկատմամբ ներկայացվող պահանջները, օրինակ, որ ցիստեռնն ինչ հեռավորության վրա պետք է լինի, որ գազալցակայանն ինչ սարքավորումներով պետք է հագեցած լինի, եւ այլն:
– Ի՞նչ նորմատիվային փաստաթղթեր են մշակված տեխնիկական սարքավորումների վերաբերյալ, ո՞ւմ կողմից է ուսումնասիրված, եւ ինչո՞ւ ձեռնարկատերերն այդ մասին տեղյակ չեն:
– Օրենք եւ ենթաօրենսդրական ակտեր չիմանալը եւ դրանք խախտելը կենտրոնի կամ «168 Ժամ» թերթի խմբագրության գործը չէ, ձեռնարկատերերի խնդիրն է: Ամեն մի սարքավորման տեխնիկական վիճակի մասին տեղեկությունը գրվում է տեխնիկական անվտանգության կանոնակարգերում:
– Մեկ վերելակի կամ մեկ կռունկի օրինակով բացատրեք, թե կենտրոնն ի՞նչ տեխնիկական միջոցներով է հագեցված եւ ինչպիսի՞ մասնագետներով է անցկացնում փորձաքննությունը:
– Մենք արդեն ունենք վերելակների մասին կառավարության որոշում: Այդ կանոնակարգով է մասնագետը տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցկացնում: Մենք այժմ մշակում ենք բոլոր կանոնակարգերը: Միանգամից ոչ Մոսկվան է կառուցվել, ոչ էլ 3 ամսական երեխան կդառնա 50 տարեկան: Իհարկե, ժամանակ է պետք, որ ամեն ոլորտ հստակ կանոնակարգվի: Ոչ ես, ոչ փորձագետը, ոչ էլ լիազոր մարմինը (Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը- Կ.Թ.) չենք գնա այն քայլին, որ առանց ոլորտի կանոնակարգման փորձաքննություն անցկացնենք: Այսօր խոսքը գնում է մինչեւ սեպտեմբերի 1-ը գրանցվելու մասին: Փորձագետն այս գործընթացում ի՞նչ կապ ունի: Մեր փորձագետների 99%-ը բարձրագույն կրթություն եւ աշխատանքային փորձ ունեն: Ամեն մասնագետ սխալ փորձաքննության համար 500.000 դրամ տույժ է մուծելու:
– Երեւանի ճոպանուղու վթարից հետո ձեր կողմից տրված անվտանգության երաշխիքներն ի՞նչ եղան:
– Նախ, ճոպանուղու վթարից հետո ես ոչ մի երաշխիք չեմ տվել: Երկրորդ, այն ժամանակ «ՀայԼեռՏեխ» տեսչության գործառույթներն այլ էին: Այն ժամանակ տեսուչները տարին մի անգամ ստուգում էին եւ ոչ մի պատասխանատվություն չէին կրում: Իսկ այսօր կենտրոնը պատասխանատվություն է կրում եւ կանգնում օրենքի առաջ:
Ի դեպ, կենտրոնում գրանցված յուրաքանչյուր կազմակերպություն, ըստ օրենքի, պարտավոր է վճարովի հիմունքներով տարեկան մեկ անգամ փորձաքննության անցկացնել իր վտանգավոր օբյեկտները: Տարբեր օբյեկտների փորձաքննության գները տարբերվում են: Օրինակ, մի վերելակի փորձաքննությունն արժե 2500-2900 դրամ: Ա. Պետրոսյանի խոսքերով, տեխնիկական անվտանգության առումով արտասահմանյան կազմակերպությունները մինչեւ այժմ կենտրոնի համար ոչ մի խնդիր չեն ստեղծել: