Պետական վերջին ռեկետը

05/09/2006

Վրաստանի իշխանությունների փորձերը՝ պահպանելու իրենց դեմքը եւ ձեւացնելու, թե վրացական ալկոհոլային խմիչքների նկատմամբ Ռուսաստանի կողմից բեռնարգելքի կիրառումը ոչ մի անուղղելի բանի չի հանգեցրել, օրեցօր անհամոզիչ են դառնում: Թեեւ հենց սկզբից էլ պարզ էր, որ Մոսկվան չափազանց ծանր հարված է հասցրել: Ինքնավստահ հայտարարություններն այլընտրանքային չինական շուկայի, եվրոպական եւ ամերիկյան հսկայական շուկաների մասին, Քուվեյթի (!!!) իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու անհեթեթ փորձերը, Պաշտպանության նախարարի նշանակումը՝ որպես ալկոհոլային խմիչքների արտահանման պատասխանատու, չկարողացան փրկել իրավիճակը: Իսկ կրած վնասի ակնհայտ նվազեցված ցուցանիշներն ընդամենն ընդգծեցին վիճակի ծանրությունը. եթե վնասն իրոք այդքան քիչ է (իսկ իշխանությունները վերջին ժամանակներս խոսում են ՀՆԱ-ի 10%-ի մասին), ուրեմն ինչո՞վ է պայմանավորված այս «ունայն ունայնությունը» եւ հյուսիսային հարեւանի հասցեին հնչող բարձրաձայն «անեծքները»:

Դեռ մի խնդրից գլուխ չհանած՝ իշխանությունները հայտնվեցին մի ուրիշ խնդրի առջեւ: Մի շաբաթից սկսվում է «ռթվելին»՝ խաղողի բերքահավաքը: Ի՞նչ անել դրա հետ, եթե երկրում առանց այդ էլ գինու արտադրության ավելցուկ կա: Խաղողի գների նույնիսկ աննշան իջեցումը (բնակչությունից խաղող գնելուց հրաժարվելու մասին խոսելն անգամ ավելորդ է) հզոր սոցիալական բողոքի ալիք կբարձրացնի: Դա անկասկած է: Կասկած չի հարուցում եւ այն, որ դա բացարձակ պետք չէ ժողովրդականությունը կորցրած հեղափոխական իշխանություններին: Առավել եւս, որ հոկտեմբերի 5-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք, համաձայն մի շարք փորձագետների ենթադրությունների, կարող են դառնալ ներկայիս իշխանությունների վախճանի սկիզբը՝ նույնիսկ առանց խաղողագործության բնագավառում ծագած բարդությունների: Ի դեպ, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հենց դրանով է բացատրում ընտրությունների անսպասելի տեղափոխումը դեկտեմբերից հոկտեմբեր: «Դեկտեմբերին խաղողագործական շրջաններում կաճի սոցիալական դժգոհությունը, իսկ հոկտեմբերին դեռեւս հնարավոր կլինի շարունակել խոստումներ տալ»,- կարծում է նա: Մի խոսքով, իշխանությունները պետք է ինչ-որ բան անեն: Եվ նրանք անում են:

Գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նրանց առաջարկեց հանուն Վրաստանի բարօրության առատաձեռն գտնվել եւ 10-ական տոննա խաղող գնել: «Ես հասկանում եմ, որ սա մի տեսակ ռեկետ է: Բայց խոստանում եմ, որ դա վերջին անգամ կլինի»,- հայտարարել է նախագահը եւ բացատրել, թե ինչ են անելու գործարարներն այդքան խաղողը: Սահակաշվիլու խորհրդով նրանք կարող են այն բաժանել իրենց աշխատակիցների մեջ: Նրա կարծիքով՝ դա կարող է լրացուցիչ խթան դառնալ ֆիրմաների եւ ընկերությունների շարքային աշխատողների հաջող գործունեության համար, ցույց կտա ղեկավարության հոգատարությունը կոլեկտիվի նկատմամբ եւն: «Ամենակարեւորը՝ պետական նշանակության գործ կարվի»,- միտքն ավարտեց նախագահը:

Կարելի է չկասկածել, որ գործարարների մեծ մասը հերթական անգամ օգնության ձեռք կմեկնի պետությանը: Բայց ի՞նչ կլինի դրանից հետո: Ի՞նչ ենք անելու հաջորդ տարի: Կպակասե՞ն խաղողի պլանտացիաները: Դժվար թե այնքան պակասեն, որ իրացման խնդիրները լուծվեն: Իսկ եթե անգամ պակասեն, ապա դրան զուգահեռ կպակասեն նաեւ բյուջետային մուտքերն ու եկամուտները, ինչն իշխանությունները, բնականաբար, չեն ցանկանում: Իրացման նոր շուկաները, որքան էլ իշխանությունները ցանկանան, դժվար թե այնքան կարողանան մեծացնել, որ խնդիրը լուծվի. գինու շուկան բավականին պահպանողական է, եւ մեծ է մրցակցությունը: Եվ ի՞նչ: Առանձնապես ոչինչ: Սահակաշվիլին վստահ է, որ մինչ այդ Ռուսաստանը խելքի կգա եւ կվերսկսի վրացական գինիների ներմուծումը: Անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը: Այն, որ բեռնարգելքը քաղաքական ենթատեքստ ունի, կասկած չի հարուցում, թեեւ Ռուսաստանը դրա համար ձեւական պատճառներ ուներ, եթե հավատանք նրանց լաբորատորիաների տվյալներին: Միջպետական հարաբերություններում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, եւ լավատեսության առիթ այդ իմաստով առանձնապես չունենք: Ավելի ճիշտ՝ ընդհանրապես չունենք: «Մենք պետք է գնանք Լեհաստանի եւ Մերձբալթյան երկրների ուղիով: Ռուսաստանը նրանց ձեռքերն էլ էր կապում, բայց նրանք չշեղվեցին բռնած ուղուց: Եվ հենց որ Մոսկվան համոզվեց, որ նրանք ուժեղ են եւ հպարտ, ինքը սկսեց այդ երկրների հետ տնտեսական կապեր զարգացնել: Այդպես կլինի եւ Վրաստանի դեպքում»,- հայտարարեց Սահակաշվիլին: Կլինի՞: Եթե անկեղծ լինենք, ապա նման զարգացումը վիճելի է թվում: Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների բացարձակ նորմալացումը ներկայիս ռեժիմի շահերից չի բխում: «Իշխանություններն ի դեմս Ռուսաստանի արմատավորում են թշնամու կերպարը: Իրենց անհաջողությունների ճնշող մեծամասնությունը նրանք գցում են Ռուսաստանի վրա՝ թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ էներգետիկայի, թե՛ տնտեսական զարգացման հարցերում: Ռուս-վրացական հարաբերությունների բարելավման դեպքում (թեեւ ռուսաստանյան քաղաքական որոշակի շրջանակներում տիրող տրամադրությունների պայմաններում դա անհնարին է թվում) Վրաստանի իշխանություններն այլեւս չեն կարողանա արդարացնել իրենց անօգնականությունը մի շարք կարեւոր հարցերում»,- հայտարարեց Զաքարեիշվիլին «168 Ժամ»-ին տված հարցազրույցում: Իսկ եթե այդպես է, ապա, ըստ քաղաքագետի, վրացական իշխանություններն առանձնապես չեն ձգտի հարաբերությունների լավացմանը, առավել եւս, որ պետք չէ դրա համար առիթ փնտրել. Ռուսաստանի հակավրացական դիրքորոշում ունեցող ներկայիս քաղաքական շրջանակների հետ հնարավոր չէ խոսել: