Բացվեց Վենետիկի հայտնի կինոփառատոնը, որը համարվում է աշխարհի ամենահնագույն փառատոնը: 1932 թվականին մեկնարկած առաջին փառատոնին նույնիսկ հասցրել է մասնակցել Լյումիեր եղբայրներից մեկը: Ֆիլմերի ցուցադրումները, որպես կանոն, անցկացվում են Վենետիկից որոշակի հեռավորության վրա գտնվող Լիդո կղզում, որտեղ հնարավոր է հասնել միայն հատուկ հրավիրատոմսերով: Իսկ Վենետիկի հրապարակներից մեկում անվճար անցկացվելու են իտալական դասական ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ եւ տոնախմբություններ: Փառատոնի բացմանը ցուցադրվեց ամերիկացի ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Սեւ խոլորձ» ֆիլմը, որը կարելի է «կինոյի մասին կինո» անվանել, քանի որ ֆիլմի հիմքում հոլիվուդյան հայտնի դերասանուհու աղմկահարույց սպանության փաստն է: Մրցույթին մասնակցող ֆիլմերը կլինեն 21-ը, եւ ինչպես միշտ փառատոնը լի կլինի հնչեղ անուններով: Իր նոր` «Միջազգային առեւտրի կենտրոն» ֆիլմը ներկայացրեց ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը: Ֆիլմի հիմքում սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերն են: Ֆիլմը շատ նուրբ հոգեբանական հիմք ունի, այնտեղ չկան պայթյուններ եւ աղաղակող տեսարաններ, ֆիլմի հերոսները առավոտյան աշխատանքի գնացած եւ ավերված շենքի փլատակների տակ ժամեր անցկացրած մարդիկ են: Իսկ ռեժիսոր Դեւիդ Լինչը փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացնելու է «Ներքին կայսրություն» դրաման: Լինչը նաեւ կինոարվեստում իր ունեցած մեծ վաստակի համար «Ոսկե առյուծ» կստանա: Ժյուրիի նախագահը ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն է: