Պինոքիոն եւ նրա ընկերներն իսլամ են ընդունել

05/09/2006

Պինոքիոն, Թոմ Սոյերը եւ համաշխարհային գրականության այլ հայտնի 100 հերոսները դարձել են իսլամի հետեւորդներ: Նման վերափոխումից հետո է միայն Թուրքիայի դպրոցականներին թույլատրվել ուսումնասիրել այդ գրքերը դպրոցներում: Գրքերի վրա նշված է. «Երաշխավորված է Թուրքիայի Կրթության նախարարության կողմից»: Պինոքիոն խնդրում է իրեն մի կտոր հաց տալ եւ ասում է. «Հայր Կառլո, հանուն Ալլահի, ինձ հաց տուր»: Իսկ Թոմ Սոյերին, որը երբեք չի սիրել տնային աշխատանքներ անել, խորհուրդ է տրվում արաբերեն բառեր եւ աղոթքներ սովորել` փոխարենը նրան «համեղ եւ հատուկ նվեր» է խոստացվում: Խեղաթյուրումների են ենթարկվել շատ մանկական գրքեր, որոնց թվում են նաեւ Դյումայի «Երեք հրացանակիրները», Հյուգոյի «Թշվառները», Լաֆոնտենի առակները: Հայտնի գեղարվեստական ստեղծագործություններում արված իսլամական «կցումները» Թուրքիայում սկանդալ են առաջացրել: Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրատարակիչներին ուղղված սուր քննադատությամբ է հանդես եկել եւ արգելել է նման գրականության հետագա տարածումը: Իսկ Կրթության նախարարը հայտնել է, որ նախարարությունը նման հրատարակումների տպագրումը չի լիազորել: