Ծաղիկներ

05/09/2006

Ծաղիկներ նվիրելիս պետք է իմանալ, թե ում ի՞նչ նվիրել եւ ինչպե՞ս։

Երիտասարդ աղջիկներին կարելի է նվիրել բազմերանգ եւ ոչ թանկարժեք ծաղիկներից կազմված ծաղկեփունջ, նախընտրելի է կոկոն կամ կիսափակված վիճակում։

Սիրելի կնոջը կամ աղջկան նվիրում են ալ կարմիր վարդեր։ Եթե նա որոշ ժամանակով մեկնում է, ապա` անմոռուկներ։

Տարեց կանանց վառ գույնի ծաղիկներ չեն նվիրում։ Նախընտրելի են քրիզանթեմները, վարդերը, մեխակները։

Եթե հիվանդի եք այցելում, ապա հոտավետ, գառ գույնի ծաղիկները տեղին չեն։ Դրանք ազդում են հիվանդի նյարդային համակարգի վրա։

Նախընտրելի է տղամարդուն նվիրել երկարացողուն վարդեր, մեխակներ, խոշորածաղիկ քրիզանթեմներ (սպիտակ կամ կարմիր)։ Կանանց նույնպես նվիրում են մեխակներ, բայց հնարավորության սահմաններում ավելի մեղմ գունավորումներով` վարդագույն կամ դեղին։

Եթե դժվարանում եք ծաղիկներ ընտրել, նվիրեք բաց վարդագույն ծաղիկներ, դրանք հարմար են բոլոր դեպքերի համար։

Ծաղիկներն ընդունում են գոհունակության ժպիտով, թույլ տալով մյուսներին եւս միանալ եւ ապա ըստ ճաշակի դասավորում ծաղկամանում։

Փողոցում ծաղիկները պահեք գլխիկները դեպի ներքեւ։

Ծաղիկները մի պահեք ծոցագրպանում կամ պայուսակի մեջ։ Դա կարող է վիրավորել նրան, ում ուզում էիք ուրախացնել։

Ծաղկեփնջի մեծությունը որոշվում է սպասվելիք իրադարձությանը համապատասխան։

Հսկայական ծաղկեփունջը պատշաճ չէ աղջկա հետ հանդիպման գնացող երիտասարդի ձեռքում, ինչպես նաեւ պատշաճ չէ հարսանեկան սեղանին դրվելիք փոքրիկ փունջը։

Ինչպես պահել ծաղիկները, որպեսզի դրանք շուտ չթառամեն։ Ամենից առաջ սուր դանակով կտրեք կոթունի ծայրերը։ Երկար, շեղ կտրվածքը ծաղկին հնարավորություն է տալիս ավելի շատ ջուր ներծծել։ Կտրվածքը պետք է անել հոսող ջրի տակ, որպեսզի կոթունի մազանոթներում օդային խցաններ չառաջանան։ Կոթունի ներքեւի մասի տերեւները պետք է պոկել, հակառակ դեպքում կսկսեն նեխել եւ կեղտոտել ջուրը։ Վարդի կոթունից պետք է պոկել փշերը։ Եղեւնու, հասմիկի, քրիզանթեմի, վարդի կոթունները խորհուրդ է տրվում ներքեւի ծայրից ճեղքել 2-3 մասի։ Ալպյան մանուշակների կոթունները կարելի է տեղ-տեղ ծակել ասեղով։

Գեորգինների, կակաչների, մարգարտածաղիկների ցողունները նախքան ջրի մեջ դնելը պետք է այրել լուցկու բոցի վրա։

Խաշխաշի կոթունները պետք է պահել մոմի բոցի վրա կամ մի քանի վայրկյան մտցնել տաք ջրի մեջ։ Այդ դեպքում կտրվածքի ծայրին առաջացող կաթնանման հյութը կհոսի։

Մանուշակներն ամբողջությամբ ընկղմեք ջրի մեջ։ Որոշ ժամանակ անց հանեք եւ դրեք ծաղկամանի մեջ։

Վաղինակը, գեորգինը հարկավոր է 5-10 րոպե պահել տաք ջրի մեջ։