Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ, ով առաջարկել է «Պրահայի գործընթացի» շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 12-13-ին Փարիզում կամ 14-15-ին՝ Լոնդոնում: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպումներին: Այժմ քննարկվում է հանդիպման ձեւաչափը: Որոշ ժամանակ անց մենք կրկին կկապվենք նրա հետ եւ կճշտենք հանդիպման օրը եւ վայրը»,- ըստ «Trend»-ի, ասել է Է. Մամեդյարովը: Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ տարեվերջ կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: «Նախագահների հանդիպման հնարավորությունը կախված է երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից»,- ասել է Մամեդյարովը: