«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` իր վաղաժամ հետկանչին վերաբերող հարցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Էվանսը դարձյալ նույն պատասխանն է տվել. «Մենք բոլորս ծառայում ենք նախագահին»: Նոր նշանակում Ջոն Էվանսը չի ստացել, եւ, նրա հավաստմամբ, ինքն այդ չի էլ խնդրել, քանի որ թողնում է դիվանագիտական ծառայությունը: Հարցին, թե արդյոք դա ի՞ր որոշումն էր, դեսպանը պատասխանել է. «Այո, ես եմ ներկայացրել իմ հեռանալու մասին փաստաթղթերը»: Իսկ հարցին, թե հրաժարվո՞ւմ է ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում հնչեցրած արտահայտություններից, որ ենթադրաբար իր հետկանչի պատճառ են դարձել, Էվանսը պատասխանել է. «Ես այս խնդիրը երբեք չեմ քննարկել այստեղ՝ Հայաստանում: Իսկ այն, ինչ ասել եմ, գրանցված է եւ հասանելի բոլորի համար ԱՄՆ-ի դեսպանատան կայքէջում»: Բուշի կողմից ՀՀ-ում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի վերաբերյալ Էվանսն ասաց, որ աշխատել է նրա հետ եւ բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը: