ԱՎՄ-ն ուզում է ակտիվանալ

03/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ազատամարտի վետերանների միություն» (ԱՎՄ) կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններից առաջ ակտիվանալ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը, ԱՎՄ-ն որպես քաղաքական միավոր` փորձելու է առաջիկայում իր շուրջ համախմբել «Երկրապահ», «Ոգու փորձություն» եւ այլ կազմակերպություններին, ու կոչ անել այդ թիմով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Մենք առաջիկայում հրավիրելու ենք բոլոր նմանատիպ կազմակերպություններին ու կոչ ենք անելու, որպեսզի նրանք ԱՎՄ-ին, որպես քաղաքական միավորի, միանան: Ես համոզված եմ եւ հույս ունեմ, որ գալիք ընտրություններին այս ուժերը միանալու են եւ քաղաքական դաշտում լուրջ առաքելություն են ունենալու»,- ասում է Համլետ Հովսեփյանը: Ուշագրավ է, որ ազատամարտիկների ստեղծած հասարակական կազմակերպություններից միայն ԱՎՄ-ն դարձավ կուսակցություն, իսկ մյուսները մնացին որպես հասարակական կազմակերպություն: Հ. Հովսեփյանի մեկնաբանմամբ, իրենք էլ ժամանակին դեմ էին, որ ազատամարտիկները խառնվեն քաղաքականությանը` երկիր ղեկավարելը թողնելով քաղաքական գործիչներին: «Բայց այսօր տեսնում ենք, որ երկրում բեսպրեդել է, փառնաշփոթ վիճակ: Եվ ԱՎՄ-ն, հաշվի առնելով այս ամենը, որոշեց գնալ քաղաքական ճանապարհով, մտավ քաղաքականության մեջ: Եվ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել մոտ ապագայում մասնակցել ընտրություններին, գնալ խորհրդարան, եւ այն խնդիրները, որ բաց են մնացել, դրան տեր կանգնենք»,- փաստում է ԱՎՄ պատվավոր նախագահը: Նա զարմանում է, թե ինչո՞ւ հասարակության մեջ ազատամարտիկն ընկալվում է որպես կիսագրագետ, մասնագիտություն եւ կրթություն չունեցող անձնավորություն: Մինչդեռ ԱՎՄ նախագահը վստահեցնում է, որ իրենց շարքերում քիչ չեն տարբեր մասնագիտությունների տեր արհեստավարժ, գրագետ անձինք: «Ունենք մանկավարժներ, ռեժիսորներ, դասախոսներ: Եթե այդ մարդիկ լինեին մեր իշխանության լծակներին, մեր կյանքն ավելի կլավանար, քանի որ նրանք ավելի մոտ են կանգնած ժողովրդին եւ ավելի լավ են պատկերացնում նրանց պրոբլմները»,- ասում է նա` ավելացնելով, որ արդեն մի քանի անգամ դիմել են ԱԺ պատգամավորներին` առաջարկելով ընդունել ազատամարտիկների սոցիալական վիճակը թեթեւացնող օրենքներ: Սակայն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արվում: Ուստի իրենք էլ չեն պատրաստվում այլեւս հանդուրժել այդ նսեմացուցիչ վիճակը եւ այս անգամ նախաձեռնողն իրենք են լինելու: «Մենք մեր կողքին ունենք կենդանի լեգենդներ, ովքեր բախտի բերմամբ չզոհվեցին: Նրանք մեր երկրի հաղթանակած զինվորն են եւ պետք է տեղ ունենան այս երկրում»,- գտնում է Հ. Հովսեփյանը: Բացի այդ, Հ. Հովսեփյանի կարծիքով, այսօր Հայաստանից մարդիկ արտագաղթում են հիմնականում ոչ թե աշխատանք չունենալու եւ սոցիալապես վատ վիճակում ապրելու պատճառով, այլ` երկրում տիրող «կեղտոտ անարդարությունների, կոռուպցիայի խեղդող վիճակից»: «Աշխարհում իդեալական ոչինչ չկա: Բոլոր երկրներում էլ կա ստվեր: Բայց այդ ստվերին կա չափ, կա խիղճ: Սրանք ե՞րբ պետք է կշտանան: Գայլի ախորժակով հարձակվել, միլիոններ են դիզում, բայց ո՞ւմ հաշվին են դա անում: Ինչպե՞ս ստացվեց, որ պետական չինովնիկները հազարավոր հեկտարներով հողեր, գործարաններ ունեցան: Այս երկրում տեղ ունեն թալանչիները, շողոքորթները, քծնողները: Մենք չենք հանդուրժելու նմաններին»,- ասում է Հ. Հովսեփյանը: Ըստ նրա` եթե առաջիկայում քաղաքական դաշտում «քամին մի փոքր տատանումներ անի», ապա իշխանական բուրգից մի գիշերվա մեջ շատերը կփախչեն: «Սրանք բոլորը թռնողներ են: Տեսա՞ք, թե ինչ եղավ ՕԵԿ-ի հետ, քանի որ Արթուր Բաղդասարյանի կողքին բոլորն այդպիսիներն էին հավաքված: Նույնը նաեւ ՀՀԿ-ում է: Եթե ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից, ապա նրանց շարքերից էլ կփախչեն»,- ասում է Հ. Հովսեփյանը:

Նրա խոսքերով, ազատամարտիկները պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին բավական ակտիվորեն պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Եվ եթե անգամ խորհրդարանում չհայտնվեն, ապա գոնե իրենց մասնակցությամբ նվազեցնեն ընտրակեղծիքների ծավալը, որպեսզի «թափոնը չմտնի խորհրդարան»: «Սա էլ է մի մարտադաշտ, ու այնտեղից հաղթանակով պետք է դուրս գանք: Ընդդիմությունն անընդհատ բողոքում է, թե ընտրությունները կեղծեցին: Եկեք խոսակցություններին վերջ տանք ու խոսքից անցնենք գործի` թույլ չտալով, որ կեղծեն: Աշխարհին էլ ցույց տանք, որ մենք ցիվիլ ժողովուրդ ենք եւ ոչ թե պապուասներ: ժողովրդին պետք է բացատրենք, որ 3000 կամ 5000 դրամով չես փրկվի, եկեք նորմալ ընտրություններ անցկացնենք»,- գտնում է Հ. Հովսեփյանը: Նկատենք, որ նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ընտրակեղծիքներ կատարելիս իշխանությունները ֆինանսական ռեուրսներին գումարում են նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսը: Եվ լցոնումներն իրականացնում են իրավապահների ու սափրագլուխների աջակցությամբ կամ առնվազն լուռ համաձայնությամբ: Մեր այս հարցին ի պատասխան` Հ. Հովսեփյանը վստահեցնում է, որ տեղամասերում մեկի փոխարեն 100 հոգի կանգնեցնելով` հնարավոր է այդ ամենի դեմն առնել: «Այդ դեպքում տեսնենք` ո՞վ է թպրտալու: Ի՞նչ սափրած գլուխ, ի՞նչ ոստիկան»,- ասում է նա: Սակայն Հ. Հովսեփյանն ավելացնում է, որ ոստիկաններին եւս պետք չէ առանձնացնել հասարակությունից, քանի որ ներքուստ նրանք էլ են շահագրգռված նորմալ ընտրությունների անցկացմամբ: «Նույն ոստիկանն ի՞նչ աշխատավարձ է ստանում, որ հետո դրանց պաշտպանի: Նրանք էլ կուզենան, որ մեր երկրում նորմալ ընտրություններ լինեն, ստվերի գումարները մուտքագրվեն բյուջե, այնտեղից էլ ինքը բարձր աշխատավարձ ստանա»,- գտնում է Հ. Հովսեփյանը:

Սակայն ԱՎՄ-ի այս առաջարկի վերաբերյալ «Երկրապահում» եւ «Ոգու փորձությունում» ասացին, որ դա անիրականանալի է: ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի խոսքերով. «ԵԿՄ-ն առաջին կազմակերպությունն է, նրանք մեզնից են անջատվել: Եթե խոսում են միավորման մասին, ապա թող ժամանակին չանջատվեին մեզանից: Եվ հետո` ԵԿՄ-ն է Սպարապետի ստեղծածը, եւ թող իրենք մեզ միավորվեն»: Իսկ «Ոգու փորձություն» կազմակերպության անդամներից Ալբերտ Բազեյանի խոսքերով էլ` այդ միավորումը հնարավոր չէ, քանի որ s: Բացի այդ, ըստ պարոն Բազեյանի` այդ ազատամարտիկները տարբեր կուսակցությունների անդամներ են, եւ նրանք իրենց կուսակցությունների որդեգրած գիծը պետք է պահպանեն: