Նախորդ օրը ՀՀԿ խորհրդի կայացրած որոշումը, թե ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում Աջափնյակ համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում առաջադրել կամ պաշտպանել իր խորհրդի անդամ, ՀՀԿ Աջափնյակ համայնքի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանի թեկնածությունը, ՀՀԿ շարքերում լուրջ իրարանցում է ստեղծել: Իրարանցման պատճառը ոչ թե Արման Սահակյանն է, այլ նրա հայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում, ըստ որոշ ՀՀԿ-ականների, իր իսկ կուսակցությունն այդ որոշումն ընդունելով «քաշել է»:
Նման տեսակետ արտահայտողները, սակայն, երեկ միաժամանակ նշում էին, որ ճիշտ է եղել նաեւ ՀՀԿ խորհուրդը, որը` տեսնելով, որ Ա. Սահակյանն անտեսում է կուսակցությանն ու կուսակցական «շահը» ու իր թեկնածությունը, ինչպես նաեւ փոխքաղաքապետի պաշտոնից դուրս գալու մասին որոշումներն ինքնուրույն է կայացնում` առանց կուսակցության ղեկավարության հետ քննարկելու: Այդ որոշմանը կողմնակից ՀՀԿ-ականները մեզ հետ զրույցում ասում էին, որ եթե ՀՀԿ խորհուրդը նման կոշտ դիրքորոշում չարտահայտեր, ապա առաջիկա ԱԺ ընտրություններում «շիլաշփոթ իրավիճակ կստեղծվեր, քանի որ տեղից վեր կացողը` առանց կուսակցության վերադաս մարմնի հետ իր առաջադրման հարցը քննարկելու, կհայտարարեր իր թեկնածությունն այս կամ այն ընտրատարածքում առաջադրելու մասին: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե ՀՀԿ խորհուրդն Արմանի կայացրած ինքնուրույն որոշմանը հավանություն տար, ապա դա համատարած երեւույթ կդառնար, հետո ո՞նց էր ՀՀԿ ղեկավարությունը վերահսկելու այդ գործընթացները»,- ասում էր մեր զրուցակից ՀՀԿ-ականը` բացատրելով, որ հենց նման իրավիճակներից խուսափելու համար է ՀՀԿ խորհուրդը նման «չոր» որոշում ընդունել, որպեսզի բոլորի համար մեկընդմիշտ «դաս» լինի, որ մինչեւ հայտարարություններ անելն ու դիմում գրելը պետք է կուսակցության ղեկավար մարմնի հետ հաշվի նստեն, ոչ թե կատարելուց հետո: Բայց, քանի որ, ինչպես մյուս կուսակցություններում, այնպես էլ ՀՀԿ-ում ոչ ոք նման որոշումներն առանց ղեկավար մարմնի հետ քննարկելու չի կայացնում, առավել եւս` երբ հարցը վերաբերում է ընտրություններին ու թեկնածուներին, ՀՀԿ-ական մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք` Գալուստ Սահակյանն է՞լ չի քննարկել այդ հարցը Անդրանիկ Մարգարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ:
ՀՀԿ-ում մեզ վստահեցնում էին, որ մեկ-երկու անգամ Արման Սահակյանի հետ նման հարց քննարկվել է, սակայն նրան միշտ տրվել է մեկ պատասխան՝ այն, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում իր առաջադրումը: «Հենց Ա. Սահակյանին է դա ասվել, այնպես որ` նա դա գիտեր, ու խնդրել էր առայժմ այդ մասին հայտարարություն չտարածել: Բայց նա կուսակցության որոշմանը հակառակվեց, եւ այլ բան, քան խորհրդում այդ հարցի քննարկումն ու համապատասխան որոշում ընդունելը, չէր մնում»: Արման Սահակյանից այս առնչությամբ պատասխան չկարողացանք ստանալ, քանի որ երեկ ամբողջ օրը նրա հեռախոսն անջատված էր: ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցից երեկ մեզ պատասխանեցին, որ Ա. Սահակյանը ոչ թե լրագրողների հեռախոսազանգերից խուսափելու համար է անջատել բջջայինը, այլ սեպտեմբերի 1-ի, քանի որ գնացել է համայնքի դպրոցներ` դպրոցականներին շնորհավորելու:
ՀՀԿ-ից մեզ հաջողվեց պարզել, որ Ա. Սահակյանի հարցի քննարկմանը դեմ են քվեարկել միայն թեկնածու Արման Սահակյանը, նրա հայրը` Գալուստ Սահակյանն ու Ա. Սահակյանի քեռին` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (64-ից 61-ը կողմ են եղել): ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության տրամադրած հաղորդագրության համաձայն, քննարկման արդյունքում որոշվել է, որ ՀՀԿ խորհուրդը նպատակահարմար չի գտնում Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրել կամ պաշտպանել Արման Սահակյանի թեկնածությունը, եւ նրանք, ովքեր չենթարկվեն որոշմանը, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Իսկ «կարգազանցներին», կուսակցության կանոնադրության համաձայն, սպառնում է նկատողություն, անդամության կասեցում մինչեւ 6 ամիս ժամկետով կամ հեռացում կուսակցության շարքերից:
Թե կուսակցությունն Արման Սահակյանի պարագայում, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում վերահաստատել էր իր` թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ հայտարարությունը, այս «պատժամիջոցներից» որը կկիրառի` ՀՀԿ-ում դժվարանում էին պատասխանել, բայց վստահեցնում էին, որ միայն նկատողություն տալով կուսակցությունը չի սահմանափակվի, եւ այն կլինի նույնքան «կոշտ», որքան այս որոշումն էր:
Շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ խորհրդի որոշումն այդքան կոշտ չէր լինի, եթե ավելի վաղ ՀՀԿ ղեկավարությունն Աջափնյակի թաղապետի պաշտոնի շուրջ քաղաքական պայմանավորվածույուն չունենար «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետ, որի անդամ է նաեւ Աջափնյակի գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, մեր զրուցակից ՀՀԿ-ականներն ասացին. «Կարող է նաեւ այդպես լինել. քաղաքականություն է, եւ, եթե ուզում ես հասնել գլոբալ խնդիրների լուծման, ապա պետք է ինչ-որ բաներ զիջես նաեւ մյուսներին: Չես կարող ամեն տեղ քոնն առաջ տանել: Մյուսներն էլ ինչ-որ բան պետք է ունենան, չէ՞: Կուսակցությունը չի կարող ընդհանուր շահն անտեսել հանուն մեկ մարդու հետաքրքրությունների»:
Պարզվում է` նույն տեսակետը` որոշ վերապահումներով, ունի նաեւ Գալուստ Սահակյանը: «Բնականաբար, կուսակցությունն ունի ռազմավարություն, գլոբալ խնդիրներ է լուծում, եւ այդտեղ խնդիր չեմ տեսնում: Կուսակցությունն իր ռազմավարությունն ու շահերն ունի եւ իր շահերի շրջանակներում պիտի գործի,- ասել է նա` ավելացնելով,- Բոլոր տիպի պայմանավորվածությունները, որոնք շահեկան կլինեն կուսակցության որդեգրած գործընթացներին, բնականաբար, կուսակցությունն այդ ճանապարհով էլ պիտի գնա:
Չնայած սրան ու կուսակցության խորհրդի սպառնալիքներին, թե չենթարկվելու դեպքում Ա. Սահակյանը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, Գալուստ Սահակյանը խրախուսում է իր որդու երեկվա հայտարարությունը: «Հպարտ եմ, որ նա շատ վճռական է, նվիրված իր ծրագրերին»,- ասել է Գալուստ Սահակյանը` իր որդու քայլը որակելով «անձնազոհություն»:
Հ.Գ. Ի դեպ, Ա. Սահակյանը կուսակցության որոշումը համարել է նորմալ` ասելով, որ ինքն իր կուսակիցներից նեղացած չէ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն էլ չունի: Իսկ թե ինչ մտադրություն ունի ՀՀԿ խորհուրդը, որն արձանագրել էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կետը` դեռեւս հայտնի չէ: ՀՀԿ-ում ասում են, որ այն շատ չի ուշանա: