«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, թե համոզված է, որ Երեւանում իր պաշտոնավարության երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները սերտացել են եւ է՛լ ավելի կսերտանան առաջիկա տարիներին:
«Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում են ապրում,- ասել է Ջոն Էվանսը:- Վերջին շրջանում հատկապես ամրապնդվել է մեր համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ավելանում են, թեեւ՝ դանդաղ, ամերիկյան ներդրումները: Կարծում եմ, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները որոշակի հիմնարար արժեքներ ունեն, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ միմյանց: Սա պատճառներից մեկն է, որոնք ինձ առիթ են տալիս հավատալու, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական երկրների կողքին է: Հայաստանն ունի բոլոր նախապայմաններն այս տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար երկիրը դառնալու համար»: Հարցին, թե ՀՀ-ում ի՞նչ նախապայմաններ կան ավելի լուրջ ամերիկյան ներդրումների համար, դեսպանը պատասխանել է. «Դրանք բազմաթիվ գործոններ են՝ օրենքի գերակայության խնդիրը, դատարանների արդարության, կրթական համակարգի խնդիրները: Ազնվության խնդիր կա, հարկային, մաքսային ծառայության եւ բազմաթիվ այլ գործոններ: Կարեւոր է նաեւ տարածաշրջանային եւ քաղաքական կայունության խնդիրը: Բայց, կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կա: Ու թեեւ իմ պաշտոնավարման օրոք չենք տեսել շատ մեծ ամերիկյան ներդրումներ, մենք գիտենք, որ ամերիկացի բիզնեսմեններ Հայաստանում կան, եւ որոշակի համագործակցություն կա»: Անդրադառնալով վերջին 4 տարիներին ՀՀ տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներին, Ջոն Էվանսն ասել է, թե այդ աճը համաչափ չէ. «Որոշ ոլորտներ ավելի արագ են զարգանում, որոշ ոլորտներ՝ ոչ: Հատկապես նկատելի է նաեւ Երեւանի եւ մարզերի միջեւ անհամաչափ զարգացումը: Բոլոր դոնոր երկրներն ու կազմակերպությունները խոսում են Երեւանից դուրս զարգացումն ապահովելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ-ի՝ Հայաստանում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկը՝ «Հազարամյակի մարտահրավերները», հենց գյուղական շրջանները զարգացնելու նպատակ ունի»: Հարցին, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած ամենալուրջ մարտահրավերները, Էվանսը պատասխանել է. «Ամենալուրջ մարտահրավերը, թերեւս, էներգետիկ ռեսուրսների ապահովումն է: Հայաստանի նման երկրի համար դա շատ կարեւոր է: Մյուս մարտահրավերները, որ փոխկապակցված են, ներառում են քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ այս տարածաշրջանում` դա բռնությունների, հակամարտության սրման նոր ալիքն է»:
Նույն հարցազրույցում` խոսելով ԼՂՀ հակամարտության մասին՝ դեսպանն ասել է. «ԼՂՀ խնդրի խաղաղ, երկարատեւ եւ արդար լուծումը դրականորեն կանդրադառնա Հարավային Կովկասում ինվեստիցիոն մթնոլորտի վրա»: Ջոն Էվանսը դրական է գնահատել համանախագահների` հունիսին հրապարակած բանակցային գործընթացի որոշ բաղկացուցիչները, որոնք, ըստ նրա, հանրային քննարկումների առիթ ստեղծեցին. «Կողմերից ոչ մեկը չի կարող 100 տոկոսով ունենալ այն, ինչ ուզում է: Կա մի բան, որ չպետք է ցանկանա կողմերից եւ ոչ մեկը. դա հակամարտության վերսկսումն է: Ես գիտեմ, որ համանախագահները միակամ են խաղաղ լուծման հասնելու ցանկության մեջ, լուծման, որ ոչ թե պարտադրված կլինի համանախագահների կողմից, այլ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների արդյունք լինի»: Դեսպանն անդրադարձել է նաեւ ժողովրդավարական գործընթացներին. «Ժողովրդավարությունը բարդ ճանապարհ է, եւ այն միշտ չէ, որ ուղիղ ու առանց խոչընդոտների է: Բայց Հայաստանն ի վերջո այդ ճանապարհով պետք է ուղղորդվի: Կարծում եմ, հասկանալի վախ կա քայլ անելու եւ անշեղորեն գնալու ընտրողներին ընտրություն կատարելը վստահելու ուղիով: Դա հոգեբանական խոչընդոտ է, բայց, կարծում եմ, ի վերջո այս խոչընդոտը կհաղթահարվի եւ համակարգը կդառնա գործուն ժողովրդավարական համակարգ»: «Ազատության» հարցին, թե` իր կարծիքով գալիք ընտրություններն ավելի ժողովրդավարական կլինե՞ն, դեսպանը պատասխանել է. «Ես, անշուշտ, կարծում եմ, որ դրանք պետք է ավելի ժողովրդավարական լինեն: Կարծում եմ, որ շատ մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ: Հավանաբար կան մարդիկ, որ դրա դեմ են աշխատում… Բայց ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծումների ժամանակներն անցել են: Դա շատ բացասական դինամիկա է ստեղծում եւ կարող է հանգեցնել բռնությունների եւ հետընթացի: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատվություն են կրում բոլորը՝ ընտրական պաշտոնյաները, իշխանությունները, կուսակցությունների ղեկավարները, դատավորները, լրատվամիջոցները: Ամեն ընտրող պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը եւ չվաճառի իր ձայնը նրան, ով ավելի շատ փող կտա. սա ընդհանուր պատասխանատվություն է: Իհարկե, միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց գործը կանեն, բայց դա Հայաստանի ժողովրդի պատասխանատվությունն է: Ես, իհարկե, կարծում եմ, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները հույս ունեն, որ ՀՀ ընտրությունները հաջորդ տարի կլինեն համապատասխան այն չափանիշներին, որոնք Հայաստանն ընդունել է՝ անդամակցելով ԵԱՀԿ-ին եւ ԵԽ-ին»: