ԲՀԿ-ն ՀՀԿ-ին մրցակից չէ

03/09/2006

Երեկ ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ս. Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀԿ կազմում կրիմինալի թափանցման մասին խոսակցություններին, ասել է, որ որոշ մարդիկ այդպիսի գնահատականներ են տալիս` ելնելով իրենց «ներսի թույնից»: «Կրիմինալը նրանք են, ովքեր զրպարտում են: Ի՞նչ է նշանակում կրիմինալ. եթե մարդն ածական անուն ունի` կրիմինա՞լ է, եթե մարդը կարող է բարձր խոսել կամ հայերենին մի քիչ լավ չտիրապետել` նշանակում է` կրիմինա՞լ է: Կարող են եւ պատգամավորների մեջ, եւ կուսակցության խորհրդում լինել մեկ-երկու-երեք անհատականություններ, որոնց վարք ու բարքից, խոսք ու գրչից չերեւա, որ նա մտավորական մարդ է: Իսկ ի՞նչ է եղել` մեր հասարակությունը պետք է ներկայացված լինի եւ խորհրդարանում, եւ կուսակցության խորհրդում: Այստեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Ո՞վ է խորհրդի անդամներից, ասենք, դատապարտվել, ո՞վ է խորհրդի անդամներից մարդասպանություն կատարել, կա՞ն դատավճիռներ: Ովքեր ասում են, թող իրենց շուրջը նայեն, նայեն մնացած կուսակցություններին, նոր խոսեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իսկ երբ ՀՀԿ-ի կրիմինալիզացման մասին խոսողները հանդես գան համապատասխան փաստարկներով, ապա, ըստ Սերժ Սարգսյանի` իրենք պատրաստ են դեմ առ դեմ հանդիպելու եւ բանավիճելու: ՀՀԿ խորհրդի նախագահը երեկ կրկին պնդել է իր այն կարծիքը, որ ինքը «Բարգավաճ Հայաստանին» որպես ՀՀԿ մրցակից չի տեսնում: «Ես գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» մի ուժ է, որը հայտարարել է իր քաղաքական նպատակների մասին, իսկ թե ինչպիսին կլինի այդ ուժը, կտեսնենք ընտրությունների արդյունքում: Դժվար է հիմա նայելով ասել` մեծ մրցակից է, թե փոքր մրցակից է. ինչո՞ւ պետք է այսօրվանից սկսած իրար նկատմամբ գնահատականներ տանք, կամ ինչ-որ բաներ ասենք»,- ասել է Ս. Սարգսյանը:

Ա. Գ.