Բայց առանց համեմատությունների էլ կարելի է ասել, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանի դեսպանատանը կամ հյուպատոսությունում, ավելի ճիշտ՝ դեսպանատան շենքի դիմաց, հիշեցնում է Սովետմիության ժամանակներում ֆրանսիական օծանելիքի կամ հարավսլավական ներքնազգեստի համար գոյացող հերթերը: Ավելին, դեսպանատան աշխատակիցներն այնպիսի պայմաններ են ստեղծել իրենց դռանը հերթ կանգնողների համար, որ մարդիկ երբեմն հուզմունքից ուշաթափվում են, երբեմն լաց են լինում, երբեմն էլ հուսահատվում ու ծեծկռտուք են սարքում: Երբեմն էլ զայրույթից պարզապես փաստաթղթերը շպրտում են դեսպանատան ճաղերին ու «թքելով» հեռանում:
Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը կից հյուպատոսության դիմաց գոյացող հերթերին վերջերս առիթ եղավ ծանոթանալու, ավելի ճիշտ՝ բախտ վիճակվեց հերթ կանգնելու:
Խնդիրը, որի համար առնչվեցինք Ռուսաստանի դեսպանատան հետ, ընդամենը սովորական մի տեղեկանքի հետ էր կապված: Բանն այն է, որ անցած տարեվերջից Ռուսաստանն իր քաղաքացիներին թույլ է տալիս սահմանը հատել միայն արտասահմանյան անձնագրերով: Իսկ այն քաղաքացիները, որոնք մինչեւ տարեվերջ են դուրս եկել երկրից եւ չեն ունեցել արտասահմանյան անձնագրեր, կրկին Ռուսաստան վերադառնալու համար պետք է տվյալ երկրի ռուսական դեսպանատնից համապատասխան տեղեկանք վերցնեն, որով նրանց կթույլատրվի մեկնել Ռուսաստան: Ահա այս տեղեկանքը ստանալու պրոցեսն է, որ տեւում է ամիսներ: Չի բացառվում, որ մյուս խնդիրների դեպքում էլ դեսպանատունը մեծ քաշքշուկներ է առաջացնում, սակայն ներկայացնենք միայն այս դեպքը:
Այս տեղեկանքը ստանալու համար Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացին հյուպատոսություն է ներկայացնում դիմում, լուսանկար, անձնագրի պատճենը եւ 37.000 դրամ պետտուրքի կտրոնը: Հյուպատոսության մոտ ներս մտնելու համար այնքան մեծ հերթ է գոյանում, որ մարդիկ ցուցակագրվում են: Հերթագրվածների թիվը 100-200-ի միջեւ է տատանվում: Կոնկրետ այս տեղեկանքը ստանալու համար շաբաթը երեք օր ժամը 11:00-13:00-ը ընդունելություն է սահմանված: Սակայն ընդունելության յուրաքանչյուր օր հերթագրվածներից միայն 5-6 հոգի է ներս մտնում: Դե, պատկերացրեք, թե նման տեմպերով 100-րդի կամ 175-րդի հերթը քանի ամիս հետո կհասնի: Ընդ որում, հերթագրվողը չի կարող իր անունն այդ ցուցակում գրանցել ու հանգիստ գնալ՝ մտածելով թե մեկ կամ երկու ամիս հետո կգա ու կտեսնի, թե իր հերթը որքան է առաջացել: Անմիջապես հաջորդ ընդունելության օրը, եթե հերթագրվողը չի գալիս ու իր հերթը չի պաշտպանում, նրա անունը ցուցակից հանում են: Հաջորդ անգամ արդեն այդ նույն քաղաքացին պետք է նորից կամ հերթագրվի, կամ հյուպատոսության շենք ներս մտնելու համար այլ ուղիներ փնտրի: Պատկերացրեք, թե Մեղրիից կամ Տաուշից եկող քաղաքացին կարո՞ղ է շաբաթը երեք անգամ գալ Երեւան ու իր հերթը վերագրանցել: Նա ստիպված պետք է մտածի հերթը շրջանցելու եւ իրավիճակից այլ ելք փնտրելու մասին: Դժվա՞ր է արդյոք ընդունելության համար նախատեսված երկու ժամի փոխարեն չորս ժամ աշխատել, կամ 5-6 հոգու փոխարեն գոնե 10-12 հոգի ընդունել:
Եթե երբեւիցե եղել եք այդ հյուպատոսության ճաղերի մոտ, այդ նեղ արանքում, տեսած կլինեք, թե այնտեղ ինչ է կատարվում: Հերթի սպասողներն այդ ընդունելության երկու ժամերի ընթացքում լցվում են իրար վրա, հրմշտում են իրար, կռվում են իրար հետ, անհերթ մտնողների ու հյուպատոսության աշխատակիցների հետ: Շատերի նյարդերը երբեմն տեղի են տալիս եւ մեծ սկանդալ են սարքում: Նման դեպքերում հյուպատոսության աշխատակիցները անվրդով ու գրեթե արհամարհանքով այդ ընդվզողներին հեռացնում են ճաղերի կողքից: Դիմողներից ոմանց նյարդերը տեղի են տալիս նաեւ ներսում՝ հարցաքննության ժամանակ: Այնտեղ էլ երբեմն վեճեր կամ լացի տեսարաններ են լինում: Մի խոսքով, ռուսներն իրենց դեսպանատան մոտ այնպիսի մի վիճակ են ստեղծել, որ հայը (թեկուզ Ռուսաստանի քաղաքացի), նույնիսկ իր հայրենիքում իրեն ստորացված է զգում: Դեսպանատան նման աշխատանքով եւ վարվելակերպով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքն է ցուցադրում. ասել են, չէ՞, Հայաստանն իրենց ֆորպոստն է: Քաղաքացին, որը փորձում է խուսափել այդ ստորացումներից եւ շրջանցել դրանք, հարցի լուծման այլ ուղիներ է փնտրում՝ ներսից ու դրսից ծանոթ-բարեկամ է գտնում, «մաղարիչ» անում եւ այլն: Այլապես ամռան սկզբին հերթագրված մարդը Ռուսաստան մեկնելու թույլտվություն կկարողանար ստանալ աշնանը: Հերթ կանգնածներից ոմանք պատմում էին, որ յուրաքանչյուր այդպիսի տեղեկանք հնարավոր է ձեռք բերել նաեւ արտահերթ եղանակով, բայց՝ 70-150 դոլար «մաղարիչով»:
Լավատեղյակներն ասում են, թե ավելի վատ վիճակ է տիրում Ռուսաստանի՝ Գյումրիի հյուպատոսությունում: Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է, որ այնտեղ 100 դոլարով (բացի այդ, պետտուրքն անպայման վճարվում է) տեղեկանքը տալիս են անմիջապես՝ ոտքի վրա: Հերթում երկար կանգնած մարդիկ ասում էին, թե չի բացառվում, որ «մաղարիչով» տեղեկանք ստացողները հերթագրվածներից շատ լինեն:
Երբ փորձեցինք ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել, թե ինչո՞ւ է նման վիճակ ստեղծվում, կամ հնարավո՞ր չէ արդյոք այդ վիճակը մի փոքր մեղմել, մեզ գրեթե չպատասխանեցին: Հեռախոսազանգերին անընդհատ ինչ-որ մի տղա էր պատասխանում, հավանաբար` անվտանգության աշխատակիցը: Երբ խնդրում էինք միացնել դեսպանատան լրատվական ծառայության կամ մեկ այլ պատասխանատուին, մեզ անընդհատ պատասխանում էին՝ «Տեղում չէ, մեկ ժամից կլինի, ավելի ուշ զանգեք», եւ այլն: Ու այսպես շարունակ: