«Ադրբեջանի եւ Կովկասի հոգեւոր առաջնորդ շեյխ-ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հեղինակության լուրջ խնդիր ունի: Դեռեւս խորհրդային տարիներին նշանակվելով Կովկասի կրոնական առաջնորդ՝ նրան ընկալում են որպես ՊԱԿ-ի դրածո: Վերջերս լուրջ բախում տեղի ունեցավ Փաշազադեի եւ Ադրբեջանի Կրոնական գործերով հատուկ գործակալության նախկին ղեկավար Ռաֆիկ Ալիեւի միջեւ: Վերջինս Ալլահշուքյուր Փաշազադեին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ կրոնի անվան տակ Փաշազադեն կաշառակերությամբ է զբաղվել, հատուկ արարողակարգերի համար հավելյալ գումարներ է գանձել, իրականացրել է ապօրինի գործարքներ: Եվ սա է գլխավոր պատճառներից մեկը, որ արժեզրկված հեղինակությունը փրկելու նպատակով Ադբեջանի եւ Կովկասի հոգեւոր առաջնորդը հիմնականում ներքին լսարանին ուղղված պոպուլիստական հայտարարություններ է անում»: Պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանն այսկերպ փորձեց բացատրել օրերս Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի արած այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է գրավյալ տարածքների վերադարձի համար ջիհադ հայտարարել:
Պաշտոնական Բաքուն եւ նույն Ալլահշուքյուր Փաշազադեն բազմիցս են օգտագործել իսլամական խաղաքարտը՝ ղարաբաղյան հարցում իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու համար: Եվ Փաշազադեի այս հայտարարությունն էլ դրա հերթական փորձն է: Ըստ Հայկ Դեմոյանի՝ անգամ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում են եղել դեպքեր, երբ Բաքվի ռադիոն ջիհադի կոչեր է արել. «Սակայն այս հայտարարությունն ունի նաեւ ներքին դրդապատճառներ: Ադրբեջանում կա սուննիացման միտում, այսինքն՝ սուննիների եւ շիաների միջեւ հակադրություն է նկատվում: Այս ֆոնի վրա հանդես են գալիս տարբեր կրոնական կազմակերպություններ, աղանդներ, կրոնական գործիչներ, ովքեր ունեն ավելի մեծ հեղինակություն, քան Փաշազադեն: Վերջինս այսօր Ադրբեջանում բավական արժեզրկված հեղինակություն ունի եւ պատրաստ է անգամ նման պոպուլիստական հայտարարությունների: Հասկանալի է, որ կրոնական լուրջ գործիչը հենց այնպես ջիհադ չի հայտարարի. դրան նախորդում են որոշ պրոցեդուրաներ: Ջիհադ հայտարարելու համար անհրաժեշտ է հատուկ փաստաթուղթ, կոչ, որին պետք է հետեւեն բոլոր մահմեդականները»: Սակայն աշխարհի մահմեդականությունը դժվար թե շտապի հետեւել ջիհադի կոչին, քանի որ, ինչպես վստահեցնում է պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արաքս Փաշայանը, իսլամական աշխարհում Ադրբեջանը համարվում է կշիռ չունեցող երկիր: Նախ՝ համաձայն սահմանադրության՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, ուր իսլամական ծիսակարգին հետեւող հավատացյալների թիվը 4-6 տոկոս է. «Ադրբեջանը հատկապես ցածր վարկանիշ ունի արաբական երկրներում, ինչը պայմանավորված է Հայաստանի նկատմամբ արաբների ավանդական բարի հարաբերություններով: Ճիշտ է, իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, 1992 թվականից ի վեր իր ընդունած բանաձեւերում դատապարտել է Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի հանդեպ, սակայն նման կեցվածքը նախեւառաջ պայմանավորված է իսլամական համերաշխության սկզբունքով եւ ունի հռչակագրային բնույթ: Իսլամական կոնֆերանսը երբեք կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ղարաբաղյան խնդրի շուրջ իր ընդունած բանաձեւերը կյանքի կոչելու ուղղությամբ եւ երբեւէ Իսլամական կոնֆերանսում ղարաբաղյան խնդիրը չի ունեցել այնպիսի սրություն, ինչպես մահմեդականներին առնչվող շատ այլ խնդիրներ»: Արեւելագետը որոշ իմաստով սենսացիոն է համարում Փաշազադեի վերջին հայտարարությունը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն ունի չափավոր գործչի համբավ եւ ղարաբաղյան հակամարտության հարցում առավել հաճախ հանդես է եկել խաղաղասիրական կոչերով եւ խնդիրը դիվանագիտական, քաղաքական խողովակներով լուծելու օգտին. «Դեռեւս 1995 թվականին Փաշազադեն հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Փառք Աստծո, որ հակամարտությանը չի հաջողվել տալ կրոնական երանգավորում»: Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից հակամարտող կողմերի կրոնական առաջնորդները պարբերաբար հավաքվել են՝ փնտրելու խնդրի կարգավորման ուղիները: Սակայն, ըստ Հայկ Դեմոյանի՝ այդ հավաքներին, որպես կանոն, հետեւում են Փաշազադեի ոչ պարկեշտ արտահայտություններն իր հայ գործընկերոջ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին. «Մասնավորապես, մեկ տարի առաջ Փաշազադեն իրեն վիրավորված էր զգացել, երբ իր ընդդիմախոսներից մեկն իրեն համեմատել էր Կաթողիկոսի հետ՝ ասելով. «Նա (իր հակառակորդը.-Լ.Ա.) հասավ այն աստիճանի, որ ինձ համեմատեց նույնիսկ Կաթողիկոսի հետ»: Այստեղ կա նաեւ որոշակի մակարդակի խնդիր: Ինչ վերաբերում է ջիհադ հայտարարելու ցանկությանն, ապա նույն Փաշազադեն շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանում դա չաշխատող տարբերակ է, որովհետեւ Ադրբեջանում դեռ ուժեղ են աշխարհիկ ավանդույթները»: Սակայն, ինչպես պաշտոնական Բաքվի հայտարարություններն են ժամանակի ընթացքում առավել ագրեսիվ դառնում, այնպես էլ չհիմնավորված ագրեսիվ են դառնում այդ երկրի գլխավոր հոգեւորականի հայտարարությունները: Ժամանակին, 1988թ. երկրաշարժից հետո, ինչպես հիշեցրեց Հայկ Դեմոյանը, Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Փաշազադեն դատապարտեց Ադրբեջանում երկրաշարժին հաջորդած ցնծության պոռթկումները. «Սակայն տեսնում ենք, որ նա մինչեւ վերջ չի մնում իր բարձրության վրա՝ վեր չկանգնելով նեղ մտածողությունից: Նա, լինելով Կովկասում մահմեդականների առաջնորդը, այնուամենայնիվ, փորձում է շահարկել Ադրբեջանի տարածքների օկուպացիայի խնդիրը եւ իրեն իրավունք է վերապահում ցանկացած ադրբեջանցու ջիհադի հանել: Սա Ադրբեջանի հերթական եւ, ըստ իս, անհաջող քարոզչական հնարքն է, որովհետեւ փորձ է արվում հակամարտությունը տանել կրոնական հարթություն՝ գիտակցելով, որ դա անօգուտ, անպտուղ է, սակայն, ինչպես Ադրբեջանում հաճախ է պատահում, նման ամպագոռգոռ հայտարարությունների հետեւում միայն սեփական շահը, սեփական անձի մասին հոգածությունն է: Բանն այն է, որ բացի բազում այլ մեղադրանքներից՝ Փաշազադեի շուրջ կասկածներ կան իրանական կողմին հարելու հարցում»: (Քանի որ ադրբեջանցիներն էթնիկ առումով ազգակից են թուրքերին եւ, առհասարակ, հաշվի առնելով սուննիադավան Թուրքիայի գործոնը, Ադրբեջանի կրոնական եւ քաղաքական շրջանակներում կան միտումներ՝ երկիրը հակելու սուննի իսլամին: Այն դեպքում, երբ Ադրբեջանն աշխարհում շիա բնակչության քանակով երկրորդ պետությունն է): Արաքս Փաշայանն ավելացրեց, որ Կովկասյան մահմեդականների վարչությունը, որի առաջնորդն է Փաշազադեն, խորհրդային տարիներին վերահսկվել է ՊԱԿ-ի կողմից, իսկ ներկայումս համարվում է կոռումպացված կառույց, իսկ Փաշազադեն հոգեւոր շրջանակներում (եւ ոչ միայն) համարվում է կոնֆորմիստ:
Զարմանալի չէ, որ Փաշազադեի հայտարարությունը ոչ մի լուրջ կառույց արձագանքի չարժանացրեց: Ըստ Դեմոյանի՝«Նման հայտարարությանը որեւէ արձագանք տալն անիմաստ է. նման անպատասխանատու հայտարարությունների լավագույն արձագանքը լռությունն է»: