Բաղդասարովն «ազատվում» է բանկից

03/09/2006

«Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հաստատել է «ՎՏԲ-Հայաստան» (նախկին` «Հայխնայբանկ») բանկի` իրեն պատկանող 30% բաժնետոմսերը վաճառելու իր որոշումը: Բաղդասարովն ասել է, որ եթե բանկի մյուս սեփականատերը` ռուսական «Վնեշտորգբանկը», որին արդեն ուղարկվել է բաժնետոմսերի 30%-ի վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը, հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին: «Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի»,- ասել է Մ. Բաղդասարովը: Նա նշել է եւս մեկ պոտենցիալ գնորդի առկայության մասին, որի հետ նրանք դեռ չեն քննարկել գործարքի մանրամասները: Բանկի բաժնետոմսերը վաճառելու որոշումը գործարարը պայմանավորել է որոշակի հիասթափությամբ` կապված բանկի աշխատանքի արդյունքների հետ: «Նախկինում բանկը երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող ավելի շատ հարցեր էր լուծում, քան այսօր: Փողերը պետք է ներդնել ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար, սակայն երբեմն մեզանից անկախ պատճառներով դա չի հաջողվում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերին կառավարության որոշմամբ «Հայխնայբանկը» սեփականաշնորհեցին «ARCH Limited» կոնսորցիումը (Բահամյան կղզիներ) եւ «Միկա Արմենիա Թրեյդինգը»: Վերջինս 2003թ. ձեռք բերեց բաժնետոմսերի ողջ փաթեթը, իսկ 2004թ. դրանց 70%-ը վաճառեց «Վնեշտորգբանկին»: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա ապրիլին Բաղդասարովը հայտարարել էր, որ իր բոլոր ձեռնարկությունները ներկա պահին պոտենցիալ գնորդներ ունեն, սակայն ինքը չի պատրաստվում դրանք վաճառել՝ մինչեւ «լավ վիճակի չբերի»: Փաստորեն, 1000 խոշոր հարկատուների ցանկում 62-րդ տեղը զբաղեցնող «ՎՏԲ-Հայաստան» բանկը «լավ վիճակո՞ւմ» էր: Այդ դեպքում ինչո՞ւ է Բաղդասարովը «հիասթափվել» իր այս կազմակերպությունից: «Գրանտ» ապահովագրական ընկերությունը, որում նույնպես բաժնեմաս ունի «Միկա Լիմիթեդն», արդեն սկսել է «Արմավիայի» Ա-320 օդանավի զոհված ուղեւորների իրավահաջորդներին տրամադրել 20 հազարական դոլար փոխհատուցումները: Այսինքն, «Գրանտի» վիճակն էլ կարող է «հիասթափեցնել» Բաղդասարովին: «Արմավիայի» վիճակը նույնպես վերջին շրջանում նախանձելի չէ: Չի բացառվում, որ Բաղդասարովն այս կազմակերպությունների համար էլ է գնորդներ փնտրում: