Ծաղիկներ

03/09/2006

Ծաղիկների վրա վնասակար ազդեցություն են թողնում միջանցիկ քամիները եւ արեւի ճառագայթները։

Գրեթե բոլոր ծաղիկների ջուրը պետք է ամեն օր փոխել, ցողունները լվանալ հոսող ջրի տակ եւ նորից կարճացնել մոտ 2 սմ։ Ծաղկամանը նույնպես անպայման պետք է լվանալ։

Գիշերը ծաղիկները խորհուրդ է տրվում լցնել ջրով լցված լողարանի կամ դույլի մեջ եւ ծածկել թղթով։ Շատ օգտակար է նաեւ ամեն օր ծաղիկների վրա ջուր ցողելը։

Ծաղիկների կյանքը կարելի է երկարացնել ջրի մեջ գցելով շաքար եւ 1 ճաշի գդալ քացախ (1 լ ջրին)։ Շաքարի փոխարեն կարելի է գցել ասպիրին, ստրեպտոմիցին (կես հաբ` 3 լ ջրին)։

Ծաղիկները կարելի է դնել ծծմբաթթվային կամ կալիումպերմանգանատի թույլ լուծույթի մեջ։ Կոթունների նեխման դեմ օգտակար է կերակրի աղի լուծույթը (1 թեյի գդալ` 1 լ ջրին), փայտածուխը։

Ծաղիկները լավ են պահպանվում անձրեւաջրի, ձնհալի ջրի մեջ։

Ծաղկամանի ջուրը չպետք է սառը լինի։ Այն պետք է հաճախ փոխել։ Բացառություն են կազմում նարգիզը, հովտաշուշանը, որոնք պետք է պահել տաք ջրի մեջ։

Եթե տուն եք բերել արդեն ոչ թարմ ծաղիկներ, կոթուններն ամբողջությամբ իջեցրեք ջրի մեջ, ծաղիկները փաթաթեք թղթով եւ 1-1,5 ժամ թողեք մութ եւ զով տեղ։

Տոնական սեղանի ծաղիկները շատ գեղեցիկ են, բայց դրանք լավ է դնել ցածր ծաղկամանով, որպեսզի չխանգարեն հյուրերին միմյանց տեսնելու։

Եթե ձեզ ծաղիկներ են նվիրել, եւ դուք կամենում եք հնարավորին չափ երկարացնել դրանց կյանքը, կարող եք վարվել հետեւյալ ձեւով.

Քրիզանթեմները դրեք շաքարի 3-5 տոկոսանոց (կես լիտրին` մեկ թեյի գդալ շաքարավազ) լուծույթի մեջ։

Վարդերն ու մեխակները (եթե դրանք թառամել են) մինչեւ ծաղկաբույլը ընկղմեք 35օ-46օ ջերմություն ունեցող ջրի մեջ եւ թողեք մինչեւ ջրի սառելը։ Այնուհետեւ ծաղիկները փոխադրեք սենյակային ջերմաստիճանի ջրով լցված ծաղկամանի մեջ։

Ծաղիկներն առավել երկար կդիմանան, եթե դրանց կոթունները մտցնեք մաքրած կարտոֆիլի մեջ եւ նոր միայն դնեք ջրով լի սկահակի մեջ։

Թառամած ծաղիկների ցողունների ծայրերից մի փոքր կտրեք եւ իջեցրեք գոլ ջրի մեջ։ Այսպես ծաղիկները կթարմանան։

Որպեսզի կանաչ բույսերի տերեւները փայլեն, հարկ է դրանք մաքրել գարեջրի մեջ թրջված բամբակով։

Ծաղկամանները լավ փայլ կստանան, եթե լվացվեն աղաջրով բացված քացախով։

Պետք է հիշել, որ ցածրահասակ հարսնացուին վայելում է կարճ ցողուններով ծաղկեփունջը, իսկ բարձրահասակ հարսնացուին` երկարացողուն ծաղիկներ` փարթամ թրաշուշաններ, փողաշուշաններ եւ մեխակներ։

Նորապսակներին ընդունված է նվիրել ալ կարմիր կամ սպիտակ վարդեր։ Առաջներում դրանց ավելացնում էին նաեւ մրտենու ճյուղ` որպես հավատարմության խորհրդանիշ։