Այս տարվա հունվարին Երեւանի քաղաքապետարանում համայնքապետերի ու քաղաքապետարանի ղեկավարների հետ աշխատանքային մի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլորի ներկայությամբ խիստ դիտողություն էր արել Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանին, ասելով, որ նրա ղեկավարած համայնքում անճաշակություն է եւ քաղաքաշինական որեւէ նորմ չի պահպանվում: Այս դիտողությունից հետո շատերը հասկացել էին, որ Ռ. Քոչարյանը դժգոհ է Ա. Խաչատրյանի աշխատանքից: Ասում են` հենց քաղաքապետարանում բոլորի ներկայությամբ Ռ. Քոչարյանի կողմից ասված այս խոսքերն են նաեւ պատճառ դարձել, որ այսօր քաղաքական ուժերը չեն համարձակվում բացեիբաց պաշտպանել Աջափնյակի գործող թաղապետին` մտածելով, որ իրենց այդ դիրքորոշումն ընկալվելու է որպես Ռ. Քոչարյանին դեմ դուրս գալու քայլ:
Դեռեւս վաղ է վերջնականապես ասել, թե որ քաղաքական ուժը՝ ում է պաշտպանելու: Քանի դեռ թեկնածուների պաշտոնական գրանցումը չի եղել, քաղաքական որեւէ ուժ չի շտապում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Չնայած այս ամենին, արդեն իսկ հայտնի է, որ Աջափնյակ համայնքում թաղապետի ընտրություններում հիմնական պայքարը լինելու է Արման Սահակյանի եւ Արծրուն Խաչատրյանի միջեւ: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում հիմնական թեկնածուները դարձյալ այս երկուսն էին:
Կարդացեք Բոլորը մեկի դեմ, մեկը՝ բոլորի