Ունե՞ք կամք ու ձգտում

01/09/2006

«Ես հանդիպել եմ հակամարտող կողմերի ղեկավարների հետ, նրանց առաջարկել հնարավոր ամեն տեսակ ծառայություններ: Բայց այդ հակամարտություններն անկարելի է լուծել միայն ԵԱՀԿ նախագահի ջանքերով: Հաջողությունը կախված է հակամարտող կողմերի կամքից եւ ձգտումից»,- «Նովիե իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դը Գուխտը` շեշտելով, որ չնայած դրան` ԵԱՀԿ-ում Բելգիայի նախագահությունը բոլոր ջանքերը գործադրում է՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի չլուծված հակամարտությունները: Անդրադառնալով Փարիզում եւ Բուխարեստում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների «ձախողված» հանդիպումներին, Կարել դը Գուխտը նկատել է. «Լուրջ խոչընդոտներ են պահպանվում, եւ դրանց հաղթահարման համար երկու երկրների նախագահներից կպահանջվի իմաստնություն ու խիզախություն: Բելգիական նախագահությունը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հնարավոր ամեն ինչ կանի այդ գործընթացի առաջխաղացման համար»: Նույն հարցազրույցում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն մտադիր է մի շարք միջոցառումներ անցկացնել ԱՊՀ տարածքում «սառեցված հակամարտությունների» կարգավորման ուղղությամբ: