Խոստանում են հրապարակել կոնկրետ փաստեր

01/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մինչեւ սեպտեմբերի 15-ը Մտավորականների ֆորումը կազմակերպելու է հավաք, որի ընթացքում հրապարակելու է հայաստանյան կոռումպացված եւ կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների ցուցակը: Հիշեցնենք, որ մտավորականների ֆորումի անդամ են ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ այլք` թվով ավելի քան 400 հոգի:

Ինչեւէ, պարզվում է, որ մտավորականների ֆորումը կոնկրետ անուններ ու փաստեր հրապարակելով չի բավարարվելու: Նրանք նախատեսում են նաեւ այցելություններ մարզեր, որպեսզի ժողովրդին ներկայացնեն «իշխանության իրական պատկերը»: Այս ամենի մասին երեկ մեզ հետ զրույցում նշեց մտավորականների ֆորումի անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Մենք պետք է տանք կոնկրետ փաստեր: Սեպտեմբերի 10-15-ին լինելու է հերթական ֆորումը, որը ժողովրդի դատին է ներկայացնելու այս կամ այն թալանած անձի մասին տեղեկություններ, նրանց այս կամ այն արարքը: Իմաստը հետեւյալն է. ժողովուրդը պետք է ընկալի, ըմբռնի, թե ո՞վ է իրենից իշխանությունը վերցրել, հասկանա, որ իշխանությունը բռնազավթված է»,- ասաց Գ. Մարգարյանը: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն քաղաքացիական կոմիտեներ, որոնք այս ուղղությամբ աշխատելու են: Նրա խոսքերով` աշխատանքային նոր էտապ է սկսվում, եւ սա երկարատեւ, տքնաջան աշխատանքի մի փուլն է միայն: «Ժողովրդի հետ ենք աշխատելու: Մենք լինելու ենք շրջաններում, մեր կառույցները տեղերում աշխատելու են, ժողովրդին ներկայացնելու ենք իր հոգսերի, պրոբլեմների ծագման պատճառները եւ, թե ովքե՞ր են նպաստել դրանց ստեղծվելուն, ո՞նց են հայտնվել իշխանական բուրգում` ԱԺ-ում, գործադիր մարմնում, թաղապետարաններում»,- իրենց հետագա քայլերն է մանրամասնում մեր զրուցակիցը, հավելելով, որ խոսքն այն մասին է, որ պետք է վերջնականապես բացել «իշխանության իրական պատկերը եւ ժողովրդին բերել նրան, որ պետք է բռնազավթված իշխանությունը վերադառնա ժողովրդին»: Ըստ Գ. Մարգարյանի, իշխանության իրական պատկերը ժողովրդին ներկայացնելու գործում ակտիվ պրոպագանդիստները լինելու են մտավորականների մշտական ֆորումի բոլոր, ավելի քան 400 մասնակիցները: Գ. Մարգարյանի խոսքերով` հենց նրանք են լինելու ժողովրդի մոտ, նրանք են խոսելու ժողովրդի հետ, նրանք են տալու այդ նյութերը, նրանք են բացատրելու անելիքների մասին: Մեր զրուցակցի հավաստմամբ` կոռումպացված եւ կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների անուններն ու համապատասխան փաստեր ներկայացնելուց հետո մտավորականների ֆորումն առաջնորդելու է ժողովրդի մոտ այդ հրապարակումներից հետո առաջացած ցասումը: Միաժամանակ նա հավելում է. «Դա մեկ մարդու գործ չէ: Դա մի ամբողջ ֆորումի, համակարգի, կուսակցության, կուսակցությունների համաստեղության գործ է»: Ըստ որոշ տեղեկությունների, մտավորականների ֆորումի այս նախաձեռնության ստվերային հեղինակն ու ղեկավարն Աշոտ Մանուչարյանն է, եւ հենց նա է տրամադրել անհրաժեշտ անուններն ու փաստերը: Ա. Մանուչարյանն, արդեն տեւական ժամանակ է, հրաժարվում է մամուլի հետ շփումներից, ուստի այս մասին նրանից որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ ահա Գ. Մարգարյանի փոխանցմամբ` Ա. Մանուչարյանն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունի: «Դա կեղծիք է: Աշոտ Մանուչարյանն այստեղ ոչ մի կապ չունի: Դա «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախաձեռնությունն է: Դա արձագանք է ստացել այս կամ այն կուսակցությունում, դրա մասին զուգահեռ խոսել են շատ կուսակցություններ` անկախ մեզ հետ պայմանավորվելուց եւ այլն, եւ մենք ողջունել ենք նրանց արածը, նրանք էլ, կարծում եմ` կողջունեն մեր արածը»,- նշեց Գ. Մարգարյանը, հավելելով, որ այստեղ անձի հետ կապված խնդիր չէ, եւ պետք է աշխատի մի ամբողջ համակարգ: «Պետք է ազգային էլիտան բարձրանա-առաջնորդի ժողովրդին: Ուրիշ ճանապարհ չկա: Մեկ կուսակցություն, մեկ անհատ, մեկ լիդեր չի կարող այս գործն անել. դա պետք է անի ազգային էլիտան»,- գտնում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարը: Վերջինիս խոսքերով` 2003-ի նախագահական խայտառակ ընտրություններից հետո «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունն աջակցեց մտավորականների ֆորումի եւ ավագանու կայացմանը: «Եվ այնտեղ մենք ունենք մեր ուրույն տեղը, եւ գործն անելու ենք»,- վստահեցնում է Գ. Մարգարյանը: Մտավորականների ֆորումի ներկայացուցիչները նախկինում բազմիցս բողոքել են, թե իշխանությունները խոչընդոտում են իրենց հավաքների կազմակերպմանը` դահլիճ չտրամադրելով: Գ. Մարգարյանն էլ է նշում, որ իրենք միշտ դահլիճի հետ կապված պրոբլեմ են ունեցել: «Այդպիսի պրոբլեմներ եղել են. դիմել ենք (դահլիճ տրամադրելու խնդրանքով.-Ռ.Թ.) ԱԺ նախկին նախագահին` չենք ստացել, դիմել ենք վարչապետին` չենք ստացել: Երբ ստացել ենք Արամ Իլյիչի թանգարանի դահլիճը, եկել դուռը փակել են: Այդպիսի տասնյակ դեպքեր կան»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքերով, եթե այս անգամ էլ հանկարծ դահլիճի համար նմանատիպ պրոբլեմներ լինեն, իրենք տեղյակ կպահեն ԶԼՄ-ներին եւ մի գողտիկ այգում, մի ծառի տակ կանցկացնեն այդ հերթական ֆորումը: «Համենայնդեպս մենք ունենք պայմանավորված դահլիճ, որի մասին դեռ չենք խոսում: Կփակեն` կանցկացնենք բաց երկնքի տակ»,- եզրափակում է Գ. Մարգարյանը:

Վերջին ժամանակներս բոլորն ինչ-որ խորհրդավոր ցուցակներից են խոսում: Ո՞վ եւ ո՞ւմ է ուզում դրանով վախեցնել: Միգուցե դրանով ինչ-որ բան են ուզում հասկացնել, բայց ո՞ւմ՝ Հայաստանի ներսի՞ ուժերին, դրսի՞ ուժերին, թե՞ ժողովրդին: Եթե ժողովրդին, ապա ժողովուրդն այդ ամենը շատ լավ գիտի, ավելին, կարող է հատ-հատ թվարկել՝ ո՞վ, ի՞նչ եւ որքա՞ն ունեցվածք ունի: Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ գործ ունի մտավորականությունը կոմպրոմատ կոչվող երեւույթի հետ: