ԱԺ առաջիկա նստաշրջանն ամենայն հավանականությամբ ընթանալու է բավական թեժ մթնոլորտում: Համենայնդեպս, այդ է հուշում խորհրդարանական ուժերի մոտ առկա տրամադրվածությունը, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջիկայում կատարվելիք փոփոխությունների հարցում նրանց միջեւ բավական լուրջ տարաձայնություններ կան:
«Արդարություն» դաշինքի երբեմնի քարտուղար, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Եվ հիմա, բացի ՀՀԿ-ից եւ «Ժողպատգամավոր» խմբից (նրանց մեծամասնությունը ՀՀԿ անդամներ են), խորհրդարանական մյուս բոլոր ուժերը համաձայն են այդ տարբերակի հետ: Վ. Դալլաքյանն, իհարկե, իր այս նախաձեռնությունը «Ազգ» թերթում մեկնաբանելով ասել է, թե միայն այդ ճանապարհով կարելի է ստեղծել կրիմինալի դեմ պայքարելու օրենսդրական հիմք, սակայն շատերը սա գնահատում են որպես նվեր «Բարգավաճ Հայաստանին», որին նա ցանկանում է անդամակցել:
Շատերի համար, այսպիսով, հասկանալի է, թե ինչու է միայն ՀՀԿ-ն կողմ մեծամասնական ընտրակարգի պահպանմանը: Այսօրվա խորհրդարանում մեծամասնականով ընտրված պատգամավորների գերակշիռ մասը կամ ՀՀԿ, կամ էլ «Ժողպատգամավոր» խմբի անդամներն են: Իսկ Արդարություն, «Ազգային Միաբանություն» կամ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները խորհրդարան են եկել բացառապես համամասնական ցուցակով: Ուստի, նրանք շահագրգռված են համամասնական տեղերի ավելացմամբ, քանի որ այս դեպքում կարող են մի քանի մանդատ ավելի ստանալ: Այս կարծիքին է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սակայն նա մեծամասնական ընտրակարգը վերացնելու փոխարեն կուսակցություններին խորհուրդ է տալիս ավելի լավ աշխատել: «Պարզապես մյուս քաղաքական թիմերը պետք է կարողանան այնպես աշխատել ժողովրդի հետ, որ իրենք էլ մեծամասնականով կարողանան թեկնածուներ առաջադրել ու հաղթել: Համամասնականի կողմնակիցները տեխնիկական հարց են լուծում, քանի որ մարզային կառույցներում համապատասխան թեկնածուներ չունեն: Եվ այսօրվա խորհրդարանը դա է ցույց տալիս. մեծամասնականը հիմնականում ապահովում են ՀՀԿ-ականները: Ամբողջ խնդիրը հենց այստեղ է»,- ասում է նա:
Իսկ համամասնականի կողմնակիցներն էլ պնդում են, որ հիմնական ընտրակեղծիքները տեղի են ունենում մեծամասնական ընտրությունների ժամանակ: Եվ իրենց թեկնածուները չեն կարող հաղթել հենց այդ կեղծիքների պատճառով: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով, մեծամասնական ընտրակարգը նվազեցնում է ընտրությունների «քաղաքականացվածության աստիճանը, եւ ընտրությունները դառնում են անձնավորված»: «Ընտրությունների ժամանակ որքան արատավոր մեխանիզմներ կան, դրանք շատ ավելի ցայտուն են դրսեւորվում մեծամասնականի ժամանակ»,- գտնում է Ա. Ռուստամյանը: Իսկ դաշնակցական մեկ այլ պատգամավոր` Սպարտակ Սեյրանյանն էլ կարծում է, որ մեծամասնական ընտրակարգում «մրցակցությունը գնում է ոչ թե գաղափարների ու ծրագրերի քաղաքական հարթության վրա, այլ ավելի կամ պակաս փող ծախսելու մեջ»: «Եթե ուզում ենք քաղաքական ուժերի դերակատարման բարձրացում, եթե ասում ենք, որ ԱԺ պատգամավորն իր գործունեության մեջ քաղաքական պատասխանատվություն պիտի ունենա, ապա դա կարող է իրականանալ համամասնականի դեպքում,- իրենց տեսակետն այսպես է հիմնավորում պարոն Սեյրանյանը` ավելացնելով,- Հայաստանում 80-ից ավելի կուսակցություն կա: Այդ ո՞ր քաղաքական գործիչն է, որ այդ կուսակցություններից ոչ մեկին չի հավանում ու պետք է ինքն իր համար մեծամասնականով գնա»: «Արդարություն» դաշինքի քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ ասում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը հնարավորինս կնվազեցնի «կասկածելի կենսագրություն ունեցող կրիմինալ տարրերի մուտքը խորհրդարան»: Ըստ պրն Հարությունյանի` այս դեպքում արդեն կուսակցությունները կզգուշանան եւ նման մարդկանց իրենց համամասնական ընտրացուցակում չեն ներառի: Հակառակ պարագայում, Հարությունյանի խոսքերով, այդ անձնավորությունների գործունեության համար պատասխանատուն դառնում են հենց կուսակցությունները: Մեծամասնականի կողմնակից Գ. Սահակյանն էլ ունի իր հիմնավորումները: «Լիարժեք համամասնականի դեպքում ոչ միայն մտավախություն, այլեւ համոզվածություն ունեմ, որ խորհրդարանը կդառնա Երեւան քաղաքի խորհրդարան, եւ մարզերից ոչ մեկը պատգամավոր չի ընտրվի: Մինչդեռ, ժողովրդին եթե հարցնելու լինեն, այս տարիների իր փոխհարաբերություններում ձգտելու է ունենալ պատգամավոր, որին կարող է դիմել ցանկացած հարցով: Այս տարիներին ցույց տվեցին, որ մեծամասնական պատգամավորների ջանքերով բավական լուրջ խնդիրներ են լուծվում հանապազօրյա կյանքում: Սա ժողովրդի պահանջն է: Քաղաքական տեսակետից մեր բռնած դիրքորոշումը համարում ենք ժամանակին հարիր եւ ամբողջական լուծում»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: ՀՀԿ-ն կողմնակից է 56 մեծամասնական-75 համամասնական տարբերակին: Սակայն ըստ Սահակյանի` քաղաքական ուժերի միջեւ եղել է պայմանավորվածություն, եւ ՀՀԿ-ն գնացել է փոխզիջման` համաձայնելով 41 մեծամասնական-90 համամասնական տարբերակին: Եվ հիմա եթե քաղաքական ուժերը խախտեն պայմանավորվածությունն ու պնդեն 100 տոկոս համամասնականի առաջարկը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը սպառնաց, որ ԸՕ-ի առաջիկա քննարկումների ընթացքում ինքը կառաջարկի վերադառնալ 56/75 տարբերակին: «Քանի որ սկզբունք է փոխվում, եւ մեկնաբանություններ չկան, եղածն էլ համոզիչ չէ, մենք վերադառնում ենք մեր սկզբունքին»,- խոստացավ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ի դեպ, դատելով իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ մեր զրույցներից, կարելի է ասել, որ Գալուստ Գրիգորիչն առայժմ անհանգստանալու բան չունի, քանի որ ԱԺ այդ խմբակցությունները պատրաստ են այս հարցում որոշակի փոխզիջումների գնալ: Սպարտակ Սեյրանյանի խոսքերով, ՀՅԴ-ն թեեւ միշտ էլ կողմնակից է եղել բացառապես համամասնական ընտրակարգին, սակայն քաղաքական ուժերի հետ ընդհանուր բանակցությունների արդյունքում գործող ԸՕ-ում ամրագրվել է 90 համամասնական-41 մեծամասնական տարբերակը: «Մեր դիրքորոշումը բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի հետ կապված կարտահայտենք առաջիկայում, երբ հասկանանք, թե ինչու են այսօր նման բան պնդում: Ես ինքս, հաշվի առնելով խորհրդարանի այսօրվա դասավորվածությունը, բացառում եմ այսօր 100 տոկոսանոց համամասնականի անցնելու հավանականությունը,- ասաց Ս. Սեյրանյանը` ավելացնելով,- Ես էլ կարող եմ ենթադրել, որ մի կողմից 100 տոկոսանոց համամասնական դարձնելու առաջարկը հայտնվում է միայն այն բանի համար, որ մյուս կողմն էլ իրեն իրավունք վերապահի հայտարարելու, որ առաջարկում է վերադառնալ 75/56-ին: Ուստի պետք է նախ` հասկանանք, թե ով ինչ է ուզում»:
Այնպես որ, եթե ԸՕ առաջիկա քննարկումների ժամանակ միայն Արդարությունը, ԱՄԿ-ն ու ՕԵԿ-ը պնդեն բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկների շուրջ, ապա արդյունքում, հնարավոր է, որ ոչինչ էլ տեղի չունենա: Իսկ եթե այս գործին լծվեն նաեւ դաշնակցականներն ու ՄԱԿ-ը, ապա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Թեեւ, Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարություններից հետո կարելի է ասել, որ իշխանական մյուս երկու թեւերը հաստատ նման արկածախնդրության չեն գնա, քանի որ Քոչարյանը եւս դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Ըստ Վ. Սողոմոնյանի` դրա համար կա երկու պատճառ: Առաջինն այն է, որ իշխանություն կազմող քաղաքական ուժերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 90/41 հարաբերակցության շուրջ: Ուստի Քոչարյանը դեմ է պայմանավորվածությունների խախտմանը: Երկրորդ պատճառն էլ այն է, որ ըստ Ռ. Քոչարյանի` մեր քաղաքական դաշտն անկատար է եւ դեռ կայացման փուլում է: «Նա (Ռ. Քոչարյանը.- Ա.Գ.) գտնում է, որ սխալ է պատգամավորին ընտրողից պոկելը, ինչը քաղաքական դաշտի չկայացածության պարագայում հնարավոր է ապահովել մեծամասնական ընտրակարգով: Եվ այդ թիվն ամբողջ հանրապետությունով ապահովում է, որ լինեն մեծամասնական տարածքներից ընտրված պատգամավորներ, որ ուղիղ կապ պահեն իրենց ընտրողների հետ»: