Աջափնյակ համայնքում հոկտեմբերի 29-ին կայանալիք թաղապետի ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ առայժմ հանդես են եկել ընդամենը երկու թեկնածուներ` գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ու Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանը: Մյուս հավանական թեկնածուներն առայժմ լռում են` բավարարվելով տարբեր տեղերում իրենց առաջադրման մասին լուրեր տարածելով:
Պատճառներից մեկն, ըստ մեր աղբյուրների, իրենց աջակից «թիկունքի» բացակայությունն է. հենց գտնվի այդ «թիկունքը» ու «կեսբերան» ցանկություն հայտնի 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ այդ համայնքում իր ուժերը ստուգելու համար մասնակցել ընտրություններին` նրանք միանգամից համապատասխան հայտարարությունը կտարածեն: Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ էլ` նորաստեղծ տարբեր կուսակցություններն են այդ համայնքում քիչ թե շատ հայտնի մարդ փնտրում, որպեսզի առաջադրեն ու ԱԺ ընտրություններից առաջ փորձարկեն իրենց թիմակիցների «մարզական վիճակը»: Ու քանի որ թեկնածուների գրանցումը սկսվում է սեպտեմբերի 29-ից` նրանք դեռեւս չեն շտապում, ու շարունակում են Աջափնյակ համայնքը տեղը տեղին տնտղել:
Աջափնյակ համայնքում երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, որ հոկտեմբերի 29-ին իրենց ուժերն այս համայնքում փորձարկելու են հատկապես նորաստեղծ «Դաշինք», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու դարձյալ նորաստեղծ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը: Այսինքն` Սամվել Բաբայանը, Գագիկ Ծառուկյանն ու Հակոբ Հակոբյանը: Աջափնյակի ընտրողներն արդեն գիտեն, թե ովքեր են իրենց քվեների համար քարոզարշավի ժամանակ բնակիչների դռները «ջարդելու»: Ըստ նրանց` ԲՀԿ-ն դեռեւս չի կողմնորոշվել եւ առայժմ երկմտում է` պաշտպանել Արմեն Ամիրյանի՞ն (Գեչի Արմենչիկ: Ի դեպ, ասում են, որ նա եղել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունից), 1,5 տարի այդ համայնքի թաղապետ եղած Ռաֆիկ Մկրտչյանի՞ն, թե՞ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին: Աջափնյակում ասում են, որ 1999թ. թաղապետի ընտրություններում, երբ Աշոտ Աղաբաբյանն ու Արծրուն Խաչատրյանն իրար «քաշքշեցին», ու ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին, հաջորդ փուլում իր թեկնածությունն առաջադրած ու թաղապետ դարձած Ռաֆիկ Մկրտչյանի դեմ հենց առաջին օրվանից սկսել է «աշխատել ապարանյան թեւը»` Արծրուն Խաչատրյանի տեսքով, եւ դա է եղել ընտրվելուց 1,5 տարի հետո Ռ. Մկրտչյանի հրաժարականի դիմում գրելու պատճառը: Ինչեւէ, չնայած Աջափնյակում շրջանառվող այս պատմական, քաղաքական էքսկուրսին ու կանխատեսումներին, ԲՀԿ-ից երեկ մեզ ասացին, որ իրենք Աջափնյակ համայնքում թեկնածու չունեն եւ ոչ մեկին չեն պաշտպանելու: Այդ թվում նաեւ` Արծրուն Խաչատրյանին, ով, ի դեպ, տարբեր տեղեր լուրեր է տարածում, թե ՀՀԿ-ի «ինադու», ԲՀԿ-ն իր թեկնածությունն է պաշտպանելու:
Գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ «Դաշինք» կուսակցությունից: Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ «Դաշինքն» Աջափնյակում առաջադրելու է Ռուբեն Պետրոսյանի (բնակիչներն ասում էին` Կլուբնիկ Ռուբիկ) թեկնածությունը, կուսակցության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ որ կուսակցության քաղաքական խորհուրդն առայժմ որեւէ թեկնածուի պաշտպանելու մասին որոշում չի կայացրել: Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Պետրոսյանին, ապա կուսակցության լրատվականից հավաստիացնում էին, որ իրենք որեւէ առնչություն չունեն նրա հետ: «Որոշում չի կայացվել նաեւ առանձին թեկնածու ունենալու վերաբերյալ»,- վստահեցնում էին «Դաշինքում»:
Իսկ «Ոգու փորձության» թեկնածուի մասին մենք այդպես էլ չկարողացանք ստույգ տեղեկություններ իմանալ. երեկ ամբողջ օրը Հակոբ Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ամեն դեպքում, մեր աղբյուրների հավաստմամբ, եթե ԲՀԿ-ի ու «Դաշինքի» դիրքորոշումը դեռեւս հստակ չէր, ապա «Ոգու փորձությունում» հաստատ կողմնորոշվել են, եւ որոշել են նրա դեմ թեկնածու առաջադրել հենց Ա. Խաչատրյանի տեղակալ Նորիկ Գալստյանին, ով երկու ամիս առաջ դուրս է եկել իր «շեֆի» մոտից: Հիշեցնենք, որ Ն. Գալստյանը (նա ԵԿՄ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Գալստյանի եղբայրն է) 2003թ. Աջափնյակի համայնքապետի ընտրություններում սատարում էր Ա. Խաչատրյանին, սակայն այս տարիների ընթացքում, մեր աղբյուրների հավաստմամբ, նրանք, մեղմ ասած, աշխատել են ոչ համերաշխ մթնոլորտում: Ասում են, որ նրանց միջեւ հակասությունները սկսվել են այն բանից հետո, երբ սկսել են «համայնքն իրար մեջ բաժանել»: Մինչ մյուսները կորոշեն, թե ում թեկնածությունն առաջադրեն, կամ` առաջադրե՞ն, թե՞ ոչ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ում թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել Հանրապետական կուսակցությունը, ասում են` քաղաքական բազմաթիվ ուժերից արդեն երաշխիքներ է ձեռք բերել իրեն սատարելու առնչությամբ: Ոչ պաշտոնապես արդեն Ա. Սահակյանի թեկնածությունը սատարելու պատրաստակամություն են հայտնել «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Ի դեպ, ասում են, որ այս կուսակցություններն էլ` մասնավորապես ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, այդ համայնքում հետաքրքրություն ունեն այնքանով, որ պայքարը ոչ թե Արման Սահակյանի ու Արծրուն Խաչատրյանի միջեւ է, այլ` Արման Սահակյանի ու «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի:
Իսկ Արծրուն Խաչատրյանն, ասում են` հիմա զբաղված է նախորդ ընտրությունների ժամանակ ուրիշ համայնքներից, քաղաքներից Աջափնյակ համայնքում կեղծ գրանցած մարդկանց գրանցումներից հանելով, որովհետեւ նրա մրցակիցները` առայժմ Արման Սահակյանն ու Նորիկ Գալստյանն առանձին-առանձին, զբաղված են Ա. Խաչատրյանի կիրառած «տեխնոլոգիաները» ջրի երես հանելու գործով: Իսկ ՀՀԿ-ում տարօրինակ հանգիստ են Աջափնյակի ընտրությունների համար ու նույնքան էլ վստահ, որ Արման Սահակյանն` անկախ ՀՀԿ քաղաքական խորհրդի կայացրած որոշումից, այս անգամ հաղթելու է Ա. Խաչատրյանին: Այս անգամ նրանք իրենց հանգստությունը բացատրում են նրանով, որ նախորդ ընտրություններում Ա. Սահակյանն ընդամենը 200-300 ձայնի տարբերությամբ է զիջել Ա. Խաչատրյանին: