ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այս տարվա ավարտն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա, կմասնակցի Մինսկում ԱՊՀ գագաթաժողովին եւ պաշտոնական այցով կլինի Ղազախստանում: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Վերջինս միաժամանակ նշեց, որ այս տեղեկությունները նախնական են եւ, ըստ էության, բոլոր այցերն այս պահին քննարկվում են դիվանագիտական խողովակներով: Բացի այդ, դիվանագիտական խողովակներով այժմ քննարկվում է մինչեւ տարեվերջ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը մեր երկիր: Մինչ այս տարվա ավարտը սպասվում են նաեւ Սլովենիայի եւ Ռումինիայի նախագահների այցերը Հայաստան: Նախագահի խոսնակը երեկ նաեւ հայտարարեց, թե այս պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսելը վաղաժամ է: «Բառացիորեն նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, եւ դա, փաստորեն, ձեւավորված ընթացակարգ է. երբ նախարարները հանդիպեն, կփորձեն նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը,- ասաց Վ. Սողոմոնյանը` հավելելով,- Բացառել այն հանգամանքը, որ մինչեւ այս տարվա ավարտը կարող է տեղի ունենալ բանակցությունների այդ փուլը, ուղղակի այսօր չի կարելի»: Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի իրադարձություններին՝ նախագահի մամուլի խոսնակն ասաց, թե այս պահի դրությամբ Հայաստանը չի պատրաստվում իր զորամիավորումը ներկայացնել իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնելու համար: «Նախ, խաղաղարար ուժերի մանդատը վերջնականապես հստակեցված չէ, այսինքն, պարզ չէ՝ նրանց գործողություններն ի՞նչ շրջանակներով են սահմանափակվում: Մյուս կողմից, Հայաստանը չի կարող չմտահոգվել Լիբանանում մեծաթիվ հայ համայնքի շահերով՝ հասկանալով, որ տարբեր բախումներում հայ խաղաղապահների մասնակցությունը կարող է խնդիրներ առաջացնել հայ համայնքի համար: Այս մասին պաշտոնական Երեւանն ուղղակի պարտավոր է մտածել»,- նշեց նա: Վ. Սողոմոնյանը երեկ, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, թե այս պահի դրությամբ որեւէ խոսք չկա այն մասին, որ նախագահը պետք է անդամակցի այս կամ այն կուսակցությանը: Նախագահի խոսնակը երեկ նաեւ պարզաբանեց, թե ինչու Ռ. Քոչարյանը չմասնակցեց Սիլվա Կապուտիկյանի հուղարկավորության արարողությանը: «Հանրապետության նախագահը գրեթե երբեք չի մասնակցում սգո արարողություններին»,- ասաց Վ. Սողոմոնյանը: Այդ հանգամանքը նա բացատրեց նրանով, որ անվտանգության միջոցառումները նման դեպքերում կարող են խնդիրներ առաջացնել: Դիտարկմանը, թե նախագահը մասնակցել էր Հրանտ Մաթեւոսյանի հուղարկավորության արարողությանը, խոսնակը հակադարձեց, որ ասել է՝ «գրեթե չի մասնակցում»: «Այնտեղ, որտեղ հնարավոր լինում է անվտանգության այդ միջոցառումներն իրականացնել, իրականացվում են, եւ նախագահը մասնակցում է»,- հավելեց նախագահի մամուլի խոսնակը: Վերջինս երեկ վստահեցրեց նաեւ, որ հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ որեւէ կոնֆլիկտ չկա: «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցություններին, ապա պետք է ասեմ, որ եւս կոնֆլիկտ չկա: Կան, որքան որ ես եմ տեսնում մամուլի հրապարակումներից, տարբեր ելույթներից, եւ կարող են լինել հակասություններ, ինչը, կարծում եմ, իրոք բնական է, որովհետեւ եթե հակասություններ եւ տարաձայնություններ կամ տարակարծություն չկա, ապա ուրեմն մենք տարբեր ուժերի մասին չենք խոսում, հակառակ պարագայում երկու կուսակցությունները կարող էին դառնալ մեկ կուսակցություն: Այստեղ որեւէ դրամատիկ բան չեմ տեսնում»,- հայտարարեց Վ. Սողոմոնյանը: Անդրադառնալով ՀՀ օրհներգի փոփոխման հարցին` նախագահի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Ռ. Քոչարյանը բնականաբար ունի Հայաստանի օրհներգի իր նախընտրած տարբերակը, բայց այդ տարբերակի անվանումը չի նշվի, որպեսզի դա չդիտվի իբրեւ ճնշում հանձնաժողովի վրա, որը պետք է երկրորդ փուլ անցած հինգ տարբերակներից ընտրի մեկը: Վ. Սողոմոնյանը նաեւ անդրադարձավ վերջին շրջանում արտերկրում հրապարակվող նյութերին, որոնցով Հայաստանի իշխանություններին այս կամ այն կերպ կապում են կրիմինալի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում էր վերջերս ռուսական մամուլում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հրապարակած հոդվածին, որտեղ հեղինակը կարծիք էր հայտնել, թե քանի որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի իշխանություններին, որոնք հովանավորում են կրիմինալին, Հայաստանում ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություններն աճում են, եւ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ թեքվում դեպի ԱՄՆ: «Ա. Կարապետյանի հոդվածը ես դժվարանում եմ մեկնաբանել, որովհետեւ անհեթեթությունները մեկնաբանելը շատ ծանր է: Ես այդ պարտականությունը չեմ ստանձնել երբեւէ»,- ասաց նախագահի մամուլի խոսնակը, հավելելով, թե այդ հոդվածի վերնագիրը պետք է լիներ «Գյուլնազ տատիկի հեքիաթները»: «Ուրիշ բան չեմ կարող ասել. ուղղակի զառանցանք է»,- նշեց Վ. Սողոմոնյանը: «Ինչ վերաբերում է կրիմինալին, ես շատ եմ կարդացել մամուլում այն մասին, որ կրիմինալ կա: Որքան հասկացել եմ` որեւէ մեկը որեւէ կոնկրետ բան չի կարողացել ասել: Համենայնդեպս, ես չեմ տեսել որեւէ դեպք հեռուստատեսությամբ կամ մամուլով, որտեղ ասվի, որ այ, գիտե՞ք, կրիմինալիզացիայի գործընթացն արտահայտվում է հետեւյալ փաստերով` մեկ, երկու, երեք»,- ասաց Վ. Սողոմոնյանը: