Զսպվածության կոչ

01/09/2006

«ԵՄ-ն կշարունակի իր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Եվրոպական նոր հարեւանության քաղաքականությունը կծառայի որպես գործիք այս ուղղությամբ»,- Սլովենիայի Բլեդ քաղաքում «Կասպիական հեռանկարներ 2008» խորհրդաժողովում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները` հավելելով, թե Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում երկրների հետ գործողությունների ծրագիրը հնարավոր կլինի ընդունել հոկտեմբերի սկզբին` իր եւ Եվրամիությունում ֆիննական նախագահության ներկայացուցիչների այցի ընթացքում:

Բենիտա Ֆերերո-Վալդները խիստ անհանգստացած է նաեւ վերջին ամիսների ընթացքում Հարավային Կովկասում նշմարվող «մտահոգիչ միտումներով»: «Երեք բացասական ուղղություններ են նշմարվում, որոնց համադրումն ահազանգող է: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սառեցված հակամարտությունների լուծման գործում առաջընթացի բացակայությունն է»,- ընդգծել է նա: Իսկ հաջորդ ահազանգը` ռազմական ծախսերի ավելացումն ու վատնումն է: Եվ, վերջապես, երրորդը, ըստ Վալդների, ռազմատենչ հայտարարությունների ուժգնացումն է: «Անցած մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ռազմատենչ հայտարարությունները շեղում են հանրության ուշադրությունը: Պետք է գերիշխի քաղաքական եւ ոչ ռազմական տրամաբանությունը»,- վստահեցրել է հանձնակատարը` հավելելով, որ այդ միտումները վախեցնում են նրանց, ովքեր դրական զարգացումների են սպասում: «Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ որդեգրեն հավասարակշիռ մոտեցում հարեւանների նկատմամբ: Ռազմատենչ հռետորությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ հակամարտությունների կարգավորմանը: Այս ուշագրավ տարածաշրջանն ունի տնտեսական վիթխարի ներուժ, բայց դրա օգտագործման համար խաղաղություն է պետք: Բնական հարստություններն այստեղ սահմանափակ են, բայց անթույլատրելի է վատնել տարածաշրջանի զարգացման համար ընձեռված նոր հնարավորությունը»,- հայտարարել է տիկին Վալդները` կոչ անելով տարածաշրջանի երկրների ղեկավարներին` գիտակցել պատասխանատվությունը ոչ միայն իրենց ժողովուրդների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: «21-րդ դարում գլոբալիզացիայի բարեկեցության եւ բարգավաճման միակ ճանապարհը բաց տնտեսության եւ քաղաքական համակարգի որդեգրումն է: Դա հնարավոր չէ Հարավային Կովկասում, քանի դեռ այն փակ է մնում «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» հակամարտությամբ»,- ընդգծել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: