Մենք` հայերս, երբեք չենք սիրում ընդունել մեր սխալները եւ, սովորաբար, հիմար իրավիճակներում կամ «ատմազկա» ենք փնտրում, կամ մեր «կերած բողկերը» ուրիշների վրա ենք բարդում: Երեւի հենց դա է պատճառը, որ հայերը միշտ ամենախելոքն են, միշտ ամենաանմեղն են, միշտ անսխալ են, բայց, գոնե վերջին 1500 տարիների ընթացքում, Հայաստանը, մեղմ ասած, միշտ էլ «դիսկոմֆորտի» մեջ է եղել:
Իհարկե, կատարված պատմամշակութային եւ քաղաքական բոլոր սխալների եւ անհաջողությունների համար հայերը ստեղծել են մեկ ունիվերսալ «ատմազկա»` «հայի բախտ ա»: Չեմ կարծում, որ որեւէ այլ ազգ իր բանահյուսության մեջ կունենա ինքնանսեմացնող նման արտահայտություն: Յուրաքանչյուր ազգ, ինչպես եւ յուրաքանչյուր մարդ, ինքն է կերտում իր պատմությունն ու ճակատագիրը: Սակայն առնվազն հիմարություն է 1500 տարի շարունակ ամեն ինչ բախտի կամ Աստծո վրա գցելը: Ամենահետաքրքիրն այն է, որ մեզ հետ շփվող արտասահմանցիներն էլ են շատ արագ սովորում նման «ատմազկեքը»: Օրինակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ խայտառակ ընտրակեղծիքներով, արտասահմանյան դիտորդները եւ «ազատ եւ թափանցիկ» Արեւմուտքի մնացած ներկայացուցիչները նշեցին, որ թեեւ հանրաքվեի ժամանակ որոշ թերություններ գրանցվեցին, բայց «զատո» հիմա հայերը լավ սահմանադրություն կունենան: Երբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պայմանագիր կնքվեց, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այդ ծրագիրը չի աշխատի: Իսկ երբ նավթը, շրջանցելով Հայաստանը, արդեն Բաքվից հասավ Ջեյհան, մերոնք նոր «ատմազկեք» են փնտրում, իբր Բաքվի նավթահանքերում այնքան քիչ նավթ է մնացել, որ, միեւնույն է, մի քանի տարի հետո այն կվերջանա, եւ Ադրբեջանը չի կարող հարստանալ այդ ծրագրի շնորհիվ: Երբ «Օրինաց երկիրն» այսօր «ատմազկա» է փնտրում, իբր իրենք միշտ էլ քննադատել են կեղծված ընտրությունները. երեւի մոռացել են, որ հանրաքվեի շտաբի պետը Մհեր Շահգելդյանն էր, որ դիֆերամբներ էր երգում անցած հանրաքվեի մասին, եւ որն այսօր կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել հանուն արդար ընտրությունների: Ընդդիմությունն ամեն անգամ պարտվելուց հետո «ատմազկա» է փնտրում, թե աշխարհաքաղաքական ուժերը պաշտպանում են իշխանություններին, որոնք ինչ կա-չկա վաճառել են այդ ուժերին: Սակայն հենց հարմար պահը գալիս է, այդ նույն ընդդիմությունը մեծ հաճույքով, դրսի ուժերի տրամադրած փողերով «երգում» է ըստ պատվերի: Երկու օր առաջ լսեցինք դաշնակցականների նորագույն «ատմազկեն». «Իշխանությունը մերը չի եղել, ուղղակի մենք իշխանության մաս ենք կազմել»: Հանրապետականների «ատմազկեն» շատ յուրօրինակ է, եւ համարյա սեփականաշնորհած է: Նժդեհը որպես «ատմազկա» առայժմ բացի նրանցից ոչ մեկին չի ծառայում: Ամենանավթալինած «ատմազկեն», իհարկե, Գեղամյանինն է: Որովհետեւ բոլոր ընտրություններից առաջ Գեղամյանը սկսում է բոլորին հիշեցնել կայարանամերձ հրապարակի դեպքերը: Կասկած չունեմ, որ 2007թ. նախընտրական պայքարը նա եւս սկսելու է այդ կադրերով: Պարոն Գեղամյանի երկրորդ «ատմազկի» ձեւը տհաճ հարցերը հունա-հռոմեական ոճով ցրելն է (օրինակ, ինչո՞ւ էր 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանում Ռ. Քոչարյանին, այլ ոչ թե Կ.Դեմիրճյանին), երբ նա սկսում է տարբեր եղած եւ չեղած ցիտատներով «լապշա» կախել բոլորի ականջներին: Ի տարբերություն Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանը դեռ այդպիսի «քյառթու ատմազկեք» չի սովորել: Նրանը կարգուկանոնն է ու սահմանադրական ճանապարհը: Սադոյանի «ատմազկեն», ինչպես միշտ, մազութն է: ՀՀՇ-ի «ատմազկեն» շատ գեղեցիկ է. «սրանք մեզանից շատ են կերել»: Առայժմ «ատմազկա» չի գտել Վիկտոր Դալլաքյանը: Հենց «ատմազկեն» գտնի, հաջորդ օրը կհայտարարի իր կուսակցական պատկանելության մասին: Ընդունելության քննությունների ցուցակների հետ կապված խայտառակ վիճակի վերաբերյալ Կրթության եւ գիտության նախարարության «ատմազկեն» գլուխգործոց էր. «Կամպյուտերն ա մեղավոր»: Տնաշենները ոնց որ «լույսի մարդ» լինեն կամ «ԱրմենՏել»-ի աշխատակից. երբ ամեն ամսվա վերջում մարդիկ ուզում են պարզել, թե ինչու է իրենց հաշիվն ավելի գրանցվել, միանգամից պատասխանում են, որ իրենք «տեղյակ չեն, կամպյուտերն ա այդպես գրանցել»: Այ «գեղցիներ», կարող է՞ «կամպյուտերն» օդից է այդ տվյալները վերցնում: Ինչ տալիս եք այդ խեղճ համակարգչին, այն էլ ստանում եք: Թե չէ՝ այնպես եք ներկայացնում, ոնց որ այդ համակարգիչը «ինապլանեծյան ա»:
Իհարկե, ես լավատես եմ եւ հասկանում եմ, որ անսխալական մարդ չի լինում: Պարզապես միայն այն մարդիկ եւ պետությունները, որոնք ի վիճակի են ընդունել եւ ուղղել իրենց սխալները, այլ ոչ թե «ատմազկա» փնտրել կամ ուրիշին մեղադրել իրենց սխալների համար, կարող են մտածել այն ապագայի մասին, որը կարող է պատկերացնել անուղղելի լավատեսը: Եվ միայն այդ դեպքում արտերկրում ապրող հայերը ոչ թե «ատմազկա» կփնտրեն, որ իրենց Հայրենիքում վատ է, այլ ամեն ինչ կանեն, որ այդ կյանքը լավացնեն: Միայն այդ դեպքում կուսակցությունից դուրս եկած օլիգարխներին, որոնց ժամանակին մեծ հաճույքով ընդունել են եւ օգտվել նրանց միջոցներից, ոչ թե «առնետ» կանվանեն, այլ ի սկզբանե կհրաժարվեն նրանց ծառայություններից: Միայն այդ դեպքում ոչ թե «հավայի» անընդհատ «ծովից ծով Հայաստան» կասեն, այլ եղածը կփորձեն զարգացնել եւ շենացնել: