Նոր սերունդը նախընտրում է սեքսոտ գրենական պիտույքները

01/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Պետավտոտեսչության վարչության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մասնավորապես դպրոցականների ծնողներին հատուկ զգուշացում է հղել՝ խորհուրդ տալով ավտոմեքենաներ չտրամադրել դպրոցական երեխաներին։

Նոր ուսումնական տարվա սկզբում որոշ ծնողներ, հաշվի չառնելով բարձր դասարանցի երեխայի մոտ վարորդական իրավունքի եւ հմտությունների բացակայությունը, նրանց են հանձնում իրենց անձնական օգտագործման մեքենաները:

«Նման երեւույթները հղի են անկանխատեսելի հետեւանքներով եւ կպատժվեն խստագույնս»,- զգուշացրել է ՊԱՏ վարչության պետի տեղակալը, ում մտահոգությունը միանգամայն տրամաբանական է, քանի որ զրուցելով դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների հետ` մենք պարզեցինք, որ երեխաներից շատերը ոչ թե պատրաստվում են նոր ուսումնական տարվան, այլեւ «պարահանդեսի»: Շատ ընտանիքներում սեպտեմբերի 1-ը վախ է առաջացնում, քանի որ երեխաների պահանջները ֆանտաստիկ բնույթ են կրում: «Դպրոցները մոդայի տուն են դարձել, որովհետեւ երեխաները մրցակցության մեջ են: Բոլորն ուզում են սեպտեմբերի 1-ին թանկանոց հագուստով գնալ դպրոց, նոր մոդելի բջջային հեռախոս ունենալ, աղջիկներն արդեն «լայեղ» չեն անում դպրոցական պայուսակներով գնալ, պետք է մաքուր կաշի լինի: Դուք մի հատ գրենական պիտույքներին ուշադրություն դարձրեք` սեքս շոփի ապրանքներ են»,- ասում է «Հայաստան» հանրախանութից 2 դպրոցական երեխաների համար գնումներ կատարող տիկին Ռուզաննան: Վերջինս թեեւ չցանկացավ նշել, թե որտեղ է աշխատում, այդուհանդերձ, հավաստիացրեց, որ իր եւ ամուսնու 3-4 ամսվա աշխատավարձից մեծ տնտեսումներ է արել նոր ուսումնական տարուն երեխաներին «ամոթով» չթողնելու համար: Հիշելով իր դպրոցական տարիները` նա զարմանում է, թե ինչո՞ւ է ներկայիս կրթական համակարգն այսպես արժեզրկվել: Ասածը հիմնավորելու համար ասում է. «Երեխան` փոխարենը նստի, դասերը վերհիշի, ամեն օր մտածում է հագուկապի մասին: Շատ նյութականացված են մեր դպրոցները: Դուք տեսեք, թե երեխաներն ինչ չափանիշներով են առաջնորդվում: Ով լավ տեսք ունեցավ` նա հարգի է, ով հասարակ է` իրենից բան չի ներկայացնում: Ես շատ եմ մտահոգվում երեխաներիս համար, բայց ի՞նչ, պատժե՞մ նրանց, չեմ կարող, որովհետեւ ամեն ինչ էնքան գռեհիկ է դարձել, որ երեխաները հոգեբանորեն ընկճված են իրենց զգում»: Տիկին Ռուզաննայի 6-րդ դասարանցի աղջիկն, օրինակ, մորը պատմում է, թե ինչպես են ծաղրում վատ հագնված աշակերտներին կամ ինչ հեգնանքով են վերաբերվում բջջային հեռախոս չունեցող երեխաներին: Որքան էլ զարմանալի է, մանկավարժների վերաբերմունքը նույնպես արտահայտվում է ըստ աշակերտի սոցիալական դիրքի: Շրջելով մայրաքաղաքի տոնավաճառներում եւ խանութներում` մենք պարզեցինք, որ դպրոցական երեխա ունենալը բավական մեծ ծախսեր է պահանջում: Հարուստ խավի ներկայացուցիչները, բնականաբար, դպրոցական անհրաժեշտ պարագաները գնում են ֆիրմային խանութներից, իսկ տոնավաճառների եռուզեռը վկայում է, որ առեւտրականներն այս օրերին մեծ եկամուտներ են վաստակում: 2-րդ դասարանցի աղջկա համար կիսաշրջազգեստ փնտրող երիտասարդ կինը, ով չցանկացավ անունը նշել, նյարդային վիճակում էր, որովհետեւ «Այրարատ» կինոթատրոնում գործող տոնավաճառից հարմար գնով հագուստ չէր կարողանում ճարել: Տոնավաճառներում հիմնականում վաճառվում են թուրքական, չինական, պարսկական ապրանքներ: Օրինակ` 1-ին դասարանցու համար դպրոցական կիսաշրջազգեստը կարելի է գնել լավագույն դեպքում 6000-8000 դրամով, որն, ի դեպ, կորեական էր եւ վատ որակի կտորով, անփույթ կարված: Տղա դպրոցականների թուրքական արտադրության կոստյումը, տաբատը, վերնաշապիկը միասին «Հայաստան» հանրախանութում վաճառվում է 20.000-25.000 դրամով: Առաջին դասարանցիներին հարմար կոշիկները 7000-15.000 դրամ արժեն, իսկ միայն սպիտակ վերնաշապիկն արժե 4000-8000 դրամ: Վերը թվարկված հագուստները հիմնականում ամենաէժանագին եւ վատ որակի կտորից են կարված, սակայն հասարակության հիմնական խավն օգտվում է այս ապրանքներից: Դպրոցականների ծնողները նոր ուսումնական տարվա համար նախատեսում են հիմնականում 100-200 դոլարանոց բյուջե, եւ մեր զրուցակիցներից բոլորն էլ համարյա գումարի նույն չափն էին նշում: Մերի Գրիգորյանն` ունենալով 2-րդ դասարանցի երեխա, վստահեցնում է, որ, եթե իրեն չօգնեին արտասահմանցի իր հարազատներն, ապա չէր կարող ապահովել երեխայի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու հագուստը: «Միջին աշխատավարձ ստացող հայ մարդու համար մեծ հոգս է դպրոցականի համար գնումները, որովհետեւ չի բավականացնում: Բարեբախտաբար, մեր հարազատներն արտասահմանից ուղարկում են երեխայիս համար, այլապես չգիտեմ՝ ի՞նչ պիտի անեինք: Ամեն ինչ թանկ է ու անորակ»: Վերջինս մեզ խորհուրդ տվեց ուսումնասիրել Երեւանի գրեթե ամեն քայլափոխին գտնվող «Ցածր գներ» ցուցանակներով խանութները, ուր վաճառվում են հիմնականում թուրքական, պարսկական «զիբիլները»: «Անցած տարի, երբ կարիք կար այստեղի խանութներից երեխայի համար գրենական պիտույքներ գնել, ես շրջելով խանութներում` հասկացա, որ այդ խանութների տերերն իրենց գերշահույթները ստանում են մեզ անորակ «զիբիլ» վաճառելով: Իմ գնած տետրերի թղթերն այնքան բարակ էին, որ, երբ երեխան գրում էր` գրիչի ծայրը պատռում էր թուղթը, ու թանաքը ներծծվում, լղոզվում էր: Տետրերի վրա պոռնոպատկերներ են: Իսկ այդ մերկ աղջիկները դպրոցականների համար կուռք են դարձել: Խանութներում ուշադրություն դարձրեք` երեխան տետրը գնում է ոչ թե նրա համար, որ դրա կարիքը կա, այլ գնում է, որ դերասան-դերասանուհիների պատկերներով իր հավաքածուն համալրի ու դասարանցիների մոտ հպարտանա»,- պատմում է Մերի Գրիգորյանը` զարմանալով, թե այդ արտադրողները փող վաստակելու համար ինչերի են պատրաստ եւ ինչպես են «փչացնում» նոր սերնդին: Նա վստահեցնում է, որ աշակերտները նախընտրում են հնարավորին չափ մարմնի մերկությունը երեւացող, մեծ կրծքերով, գայթակղիչ աղջիկների նկարներով տետրեր: Նման պատկերներով տետրերը, օրագրերը, նկարչական ալբոմները մշտապես թարմացվում են, որովհետեւ պարբերաբար նոր դեմքեր են հայտնվում: Երեխաները ծնողներին հաճախ խաբում են, թե տետրի կամ օրագրի պակաս ունեն, որպեսզի նոր «սեքս աստղի» պատկերն ունենան: Արտադրողներն այս ճանապարհով ապրանքի ծավալներ են սպառում, իսկ ծնողներին չի հաջողվում երեխաների պահանջների «դեմն առնել», քանի որ օգտվում են հիմնականում «ցածր գներով» խանութներից եւ ընտրության այլ տարբերակ չունեն: Ի դեպ, հարեւան Ռուսաստանում, օրինակ, տետրերի կամ օրագրերի առաջին էջերի վրա հուշարձան-շենքերի լուսանկարներ են պատկերում, իսկ վերջին էջերին տպագրում են Ռուսաստանի հիմնի խոսքերը:

Դպրոցական երեխաներ ունեցող բոլոր ծնողներն էլ վկայում են, որ մեր կրթական համակարգում ցայտուն շերտավորում կա, ինչը ծնողներին մեծ դժվարության առաջ է կանգնեցնում: Նրանք բոլորն էլ իրենց երեխաների համադասարանցիների ոչ «կոռեկտ» լինելն էին քննարկում, մինչդեռ որպես ծնող` ամեն ինչ անում էին իրենց երեխաների պահանջները կատարելու համար: Ինչպես ասաց 2-րդ դասարանի աշակերտի մայր տիկին Մերին` «Կըտաղած սերունդ ա: Դաժե գրենական պիտույքները սեքսոտ են ուզում»: