Գործը կիսատ մնաց

01/09/2006

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն օրերս Գյումրիում ներկայացրել է իրենց կուսակցության տարածքային կազմակերպության նոր ղեկավարին` Հովհաննես Մուրադյանին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ազգային վերածնունդ կուսակցությունից հեռացվել էր մարզային կառույցի ղեկավար Հունան Մազմանյանը: Նա, շրջանցելով կուսակցության ղեկավարությանը, փորձել էր անձնական հարցեր լուծել: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ` Հ. Մազմանյանն «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի կառույցի անդամներից մեկին խոստացել էր կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի միջոցով աշխատանքի տեղավորել: Եվ այդ հարցը լուծելու համար Ա. Բազեյանին փոխանցելու նպատակով որոշակի գումար է վերցրել: Եվ երբ պարզվել է այդ ամենը, Մազմանյանին «Ազգային վերածնունդից» ընդհանրապես հեռացրել են: