Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Ազգային ժողովում իսկապես քաղաքական հարց է քննարկվում։ Այն է` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններում պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թե՞ այնուամենայնիվ պետք է պահպանել ներկա վիճակը, երբ 56 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Հարցն, իհարկե, զուտ քաղաքական է, բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ քաղաքական ուժերն այս հարցը քննարկելիս առաջնորդվում են ոչ թե պետական, այլ կուսակցական (երբեմն` թայֆայական) շահերով։
Ո՞րն է խնդրի էությունը։ Բանն այն է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում կուսակցությունների դերը զգալիորեն մեծանում է, որովհետեւ այսօրվա խորհրդարանում զգալի տոկոս կազմող գործարարները կամ տարբեր ոլորտների «հեղինակությունները» ստիպված պիտի լինեն խցկվել որեւէ կուսակցության ցուցակ` պատգամավոր դառնալու համար։ Բնականաբար, այդ գործընթացն ամենեւին էլ «անվճար հիմունքներով» չի իրականացվելու, ուստի կուսակցություններն այդ ճանապարհով կարող են կարգավորել իրենց ֆինանսական վիճակը։ Բայց սա հարցի միայն մի (ընդ որում` ոչ ամենակարեւոր) կողմն է։
Շատ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ իշխանությունների համար 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը պարզապես ավելի հարմար է։ Իսկ սա հասկանալու համար պետք է պարզապես հիշել, որ Հայաստանում վաղուց արդեն նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում։ «Ընտրություններ» կոչվող արարողությունը Հայաստանում անցնում է չորս հիմնական փուլ։ 1. Իշխանական վերնախավը բանակցությունների արդյունքում որոշում է, թե ովքեր պիտի «հաղթեն» ընտրություններում։ 2. Ընտրությունների օրը տարբեր ձեւերով այդ որոշումն «ի կատար է ածվում», իսկ գիշերվա ընթացքում հանձնաժողովները կարգի են բերում թվերը։ 3. Հաջորդ մի քանի օրերին կալանավորվում են ընդդիմության հանրահավաքների առավել ակտիվ մասնակիցները։ 4. Զուգահեռաբար լոբբիստական աշխատանքներ են սկսվում, որպեսզի միջազգային կազմակերպությունները հնարավորինս մեղմ գնահատականներ տան ընտրությունների ընթացքում տեղ գտած անօրինականություններին։ Ահա եւ ամբողջ «գործընթացը»։ Ընդ որում, ակնհայտ է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում այս գործընթացը հեշտանում է։ Ադմինիստրատիվ-կրիմինալ ռեսուրսը ստիպված չի լինում «աշխատել երկու ճակատով»` միաժամանակ նույն տեղամասում կեղծելով եւ՛ համամասնական, եւ՛ մեծամասնական ընտրությունները, հանձնաժողովները «թվաբանությունը» երկու անգամ չեն անում, եւ այլն։ Պարզ ասած, ամեն ինչ կեղծվում է «բիրիքով»։ Եվ, որ նույնպես շատ կարեւոր է, անակնկալները բացառվում են։ Այսինքն` բացառվում է, որ որեւէ ազդեցիկ ընդդիմադիր որեւէ ընտրատարածքում ինտենսիվ աշխատի եւ հայտնվի խորհրդարանում (օրինակ, Սմբատ Այվազյանի պես)։
Նախագահի համար նույնպես իրավիճակը խիստ վերահսկելի է դառնում։ Օրինակ, հիմա տեսականորեն հնարավոր է, որ որեւէ կուսակցություն համամասնական ընտրակարգով ստանա, ասենք, 30 տոկոս, բայց բոլոր մեծամասնական տեղերը վերցնի եւ խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Իսկ 100 տոկոսով համամասնականի անցնելու դեպքում նման բան հնարավոր չի լինի։ Այսինքն` իշխանություններն «էն գլխից» հստակ կիմանան, թե որ կուսակցությունն ապագա խորհրդարանում քանի ձայն է ունենալու։
Հետաքրքիրն այն է, որ 100 տոկոսով համամասնականի անցնելը խիստ ձեռնտու է նաեւ ընդդիմությանը։ Այս դեպքում նրանք պարզապես լրացուցիչ մանդատներ են ձեռք բերում։ Օրինակ, եթե ընտրություններում 10 տոկոս ստացած կուսակցությունն այսօր ստանում է 8-9 մանդատ, ապա օրենքի փոփոխությունից հետո կստանա 14-15 մանդատ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ոչ մի ընդդիմադիրի այսպես թե այնպես թույլ չեն տա մեծամասնականով հաղթել, պարզ կդառնա, որ այս հարցում նրանք փոխզիջման չեն գնալու։
Տեսականորեն, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին դեմ կարող են լինել միայն հանրապետականները եւ նրանք, ովքեր վաղուց արդեն «սեփականաշնորհված» ընտրատարածքներ ունեն։ Բայց քաղաքական դաշտի այս հատվածի դիմադրությունը հազիվ թե խիստ սկզբունքային լինի։ Ի վերջո, նրանց մեծ մասը վաղուց արդեն ապահովագրվել է` անդամագրվելով անցողիկ կուսակցություններից մեկին։ Ի՞նչ տարբերություն. «ծախսը» նույնն է, արդյունքը` նույնպես։
Այնպես որ, ընտրակարգի հնարավոր փոփոխության դեպքում ապագա խորհրդարանի որակը հազիվ թե փոխվի։ Այլ հարց է, որ զգալիորեն կնվազեն ընտրատարածքների ասֆալտապատման ծավալները։ Մի բան է, երբ ասֆալտ ես անում անձամբ քեզ համար, եւ միանգամայն այլ բան, երբ դա անում ես «հանուն հարազատ կուսակցության հեղինակության»։