Սակայն ի տարբերություն Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքներին, երբ Երեւանի գրեթե բոլոր դիտահորերը (լյուկերը) եռակցելով փակեցին, Շիրակի այցի համար իշխանությունները բարեկարգում են փողոցները: Վերանորոգում են հրապարակի քարե գորգը, կարկատում են այն փողոցների ասֆալտը, որտեղով անցնելու է Ֆրանսիայի նախագահը, բարեկարգում են մայթերը ու նույնիսկ այդ փողոցներում գտնվող շենքերի կամ օբյեկտների արտաքին տեսքը: Այս առումով, իհարկե, գերադասելի է, որ ոչ թե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, այլ Ժակ Շիրակը, եւ որքան շատ գա` այնքան մեր օգուտն է:
Կիսաքանդ, կիսակառույց կամ անբարեկարգ ու արտաքինից փնթի այն օբյեկտները, որոնք գտնվում են Շիրակի «երթուղու» վրա, հապշտապ կարգի են բերվում: Մեր իշխանությունները կանչել են նրանց տերերին ու զգուշացրել, որ մինչեւ Շիրակի գալն իրենց տարածքները պլպլացնեն: Հապշտապ «գեղեցկացող» շենքերից մեկն էլ Ազատության 1 հասցեում գտնվող «Էներգացանցշին» ընկերությունն է, նախկին «Հայէներգացանցշին» տրեստը: «168 Ժամն» անցյալ տարի անդրադարձել է այս շենքի պատմությանը: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ընկերությունը գտնվում է այդ շենքի Բաբայան փողոցի հատվածում: Իսկ Ազատություն փողոցի հատվածը Երեւանի ՋԷԿ-ի եւ Արմէներգոյի նախկին հանրակացարանն է, որն 90-ական թվականներին մասամբ սեփականաշնորհվել է էներգետիկ-բնակիչներին: Իսկ «Էներգացանցշին» ընկերությունը 1998թ. չնչին գումարով սեփականաշնորհել է նախկին տնօրեն Լավրենտի Միքայելյանը: Նրան է պատկանում նաեւ հանրակացարանի Բաբայան փողոցի հատվածը, որտեղ 1992 թվականից փախստականներ են բնակվում: Լավրենտի Միքայելյանը սեփականացրել է նաեւ շենքի նկուղային հարկը եւ ճաշարանը: Ճակատային մասում շենքն ունի ճարտարապետական հատուկ լուծում՝ թեքությամբ կտրված է, եւ պատշգամբը կամարակապ է: Հենց այդ հատվածում Լ. Միքայելյանին պատկանող «Նարեկ» ՍՊԸ-ն մոտ երկու տարի առաջ շինարարական աշխատանքներ էր ձեռնարկել՝ վնասելով շենքի արտաքին տեսքը: Դեռեւս անցյալ տարի նա մեզ ասաց, որ «ճաշարանի տեղում կառուցում են շինանյութերի խանութ»: Խանութը դեռ կառուցված չէ, բայց կիսաքանդ սրահում այժմ արտասահմանյան մեքենաների ցուցադրություն կա: Ի դեպ, սեփականատերերն այդ տարածքի դիմացի հատվածը մայթի հաշվին մոտ 7 մետր առաջ են բերել եւ խանութի համար հարթակ են կառուցել: Նաեւ նկուղային հարկն այնպես են փորել, որ շենքի հիմնային պատերը գրունտից ազատվել ու ամբողջությամբ բացվել են: Շենքի վտանգվող սեյսմակայունությունից ու շինարարության փնթիությունից դժգոհող բնակիչները բողոքել էին Քաղաքաշինության պետական տեսչություն, որն ուսումնասիրություն էր կատարել եւ եզրակացրել, որ «Առաջադրանքը տրվել է, եւ նախագիծը մշակվել է առանց շենքի տեխնիկական վիճակի հետազոտման, նախագծի տեխնիկական մասը մշակվել է թերի, բացակայում են շենքի հիմքերի ուժեղացման միջոցառումները եւ այլն»:
Քաղաքաշինության տեսչությունն առաջարկել էր դադարեցնել ինքնակամ շինարարությունը, քննարկել ուսումնասիրության արդյունքները: Սակայն, կարծես թե, ամեն ինչ նույն խախտումներով շարունակվում է մինչեւ հիմա: Մենք այս շինարարությանն անդրադարձել էինք դեռեւս 2005թ. փետրվարին: Այդ ժամանակ Լ. Միքայելյանը մեզ եւ բնակիչներին հավատացնում էր, որ մինչեւ նույն թվականի մայիսի 1-ն այդ տարածքն ամբողջովին բարեկարգված կլինի: Անցյալ տարվա մայիսի 1-ից արդեն 1 տարի եւ 4 ամիս է անցել, բայց շենքը նույն անմխիթար վիճակում է: Ավելին, այդ շենքին հարող մայթը՝ Բաբայան ու Ազատության փողոցների մասով ու ամբողջ 8-9 մետր լայնությամբ, երկու տարուց ավելի է, վերածվել է շինհրապարակի, ավելի ճիշտ՝ շինանյութերի ու շինաղբի մնացորդների կույտի: Իսկ փողոցի՝ մայթին հարող հատվածը վերածվել է «Էներգացանցշին» կամ «Նարեկ» ընկերության մեքենաների կայանատեղի: Այդ շենքի բնակիչները եւ, առհասարակ, քաղաքի այդ հատվածով անցուդարձ անողներն անցնում են փողոցի կենտրոնով: Ինքը՝ Լ.Միքայելյանը, այս անգամ մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, թե մտադիր չի եղել տարածքն այս տարի բարեկարգել, որովհետեւ միջոցներ չի ունեցել:
«Էս Շիրակի այցի պատճառով քաղաքապետը կանչեց ու ասաց, որ պետք է շուտ կառուցեմ, վերջացնեմ,- ասում է Լ. Միքայելյանը: -Ես էլ վարկ եմ վերցրել, որ ավարտեմ: Նախագահն էլ է ասել, որ էդ տղային ասեք՝ շուտ ավարտի իր շինարարությունը: Հիմա Ազատության փողոցի հատվածի շինթույլտվության նախագիծը քաղաքապետարանում է: Խոստացել են երկու օրից հաստատել: Բնակիչները թող մի փոքր էլ սպասեն, կվերջացնենք: Բայց դրսի հատվածը»:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի սեփականատերերին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են նաեւ շենքի կրող կառույցները, եւ առանց բնակիչների համաձայնության` որեւէ մեկն իրավունք չունի տնօրինելու այդ տարածքները: Այս դեպքում Լ. Միքայելյանը շենքի հետ կատարվող փոփոխությունների մասին բնակիչներին պետք է տեղյակ պահեր: Նա մեզ հավատացնում է, որ տեղյակ է պահել: Սակայն մի քանի բնակիչներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք կատարվող շինարարության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ այդտեղ տեխնիկա է սկսել աշխատել: Իսկ տարիներ շարունակ պատճառած անհարմարությունների՝ մայթի բռնազավթման ու շինարարական փնթիության համար բնակիչների համաձայնությունը, կարծիքը ոչ ոք չի հարցրել, թեկուզ ներողամտությունը չի հայցել: Ընդհանրապես մեր կառուցապատողներն օրենքի այս հոդվածը կամ բնակիչներին տեղյակ պահելը թիթիզություն են համարում, անում են այն, ինչ կարողանում են եւ ինչ ուզում են:
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Ժակ Շիրակն իջեւանելու է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որի հարեւանությամբ էլ գտնվում է Ազատության 1 շենքը: Դրա համար էլ այդ հասցեն հայտնվել է մեր իշխանությունների ուշադրության շրջանակներում: Փաստորեն, եթե Ֆրանսիայի նախագահը Հայաստան չգար, կամ գալուց էլ ոչ թե «Գոլդեն Փելես», այլ մեկ այլ հյուրանոցում իջեւաներ, ապա Ազատության 1 շենքի բնակիչներն ու քաղաքի այդ հատվածով անցուդարձ անողները պետք է շինաղբի վրայով ցատկոտելով քայլեին, եւ հայտնի չէ, թե մինչեւ երբ: Իսկ բարեկարգման համար գումար չունեցող Լավրենտի Միքայելյանն այդ շենքում ունի մոտ 7000 քմ տարածք, որտեղ կա ավտոմեքենաների, պահեստամասերի խանութներ, ունի շատ մեծ քանակության շինտեխնիկա: Մեր տեղեկություններով` նոր կառուցվելիք Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի շինարարությունն էլ է նրա ընկերությունն իրականացնելու: Բացի այդ, այս տարվանից նա սկսել է նաեւ ճանապարհաշինությամբ զբաղվել ու ոչ մի կերպ ժամանակ ու հնարավորություն չի գտել այդ շենքի՝ իր քանդած հատվածը բարեկարգելու: Այսպիսի մեծ պատվերներ նա ձեռք է բերում իր կապերի շնորհիվ: Ի դեպ, մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ Լ. Միքայելյանն է մեզ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ անձամբ է ծանոթ:
Մի խոսքով, շենքի բնակիչները պետք է շնորհակալ լինեն Ժակ Շիրակից: Իսկ այս համատեքստում ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի նախագահը շրջեր ամբողջ Երեւանով, որովհետեւ մեր մայրաքաղաքում դժվար է գտնել մի փողոց, որտեղ կիսատ-պռատ, փնթի ու անշնորհք շինարարություն չիրականացվի: Ժակ Շիրակը, իհարկե, ըմբռնումով կմոտենա հարցին, քանի որ քաղաքում նորակառույցներ են արվում, բայց պետք է նկատել, որ քիչ չեն նաեւ տարիներով անավարտ թողնված շինարարական աշխատանքները: