Կարեւորն ու երկրորդականը

01/09/2006

«168 Ժամ»-ի օգոստոսի 29-ի թիվ 91 համարում հրապարակված «Դոլարի արժեզրկո՞ւմ, թե՞ դրամի արժեւորում» հոդվածն արժանացել է ՀՀ Կենտրոնական բանկի ուշադրությանը: Սակայն դատելով մեզ ուղարկված նամակի բովանդակությունից՝ ԿԲ-ին հոդվածից հուզել է միայն Տիգրան Սարգսյանին, նրա հնարավոր ունեցվածքին առնչվող մասը։ Մնացածը, երեւի, կարեւոր չէ իրենց համար: Ներկայացնում ենք այդ նամակը, որ ստորագրել է անձամբ Տ. Սարգսյանը. «Տեղեկացնում եմ, որ Ձեր թերթի օգոստոսի 29-ի թիվ 91 համարում հրապարակված «Դոլարի արժեզրկո՞ւմ, թե՞ դրամի արժեւորում» վերտառությամբ հոդվածում իմ անձի վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունեն վարկաբեկելու ինձ: Խնդրում եմ այս հերքումը հրապարակել Ձեր թերթում: Հարգանքներով՝ Տիգրան Սարգսյան»:

Նախ` նշենք, որ հոդվածում ներկայացված տեղեկությունները մեզնից չենք հորինել, այլ ընդամենը հղում ենք կատարել հայաստանյան տարբեր տարիների մամուլի հրապարակումներին։ Ընդ որում, պրն Սարգսյանին վերաբերող այդ մեկ նախադասությունը շարադրված է պայմանական եղանակով՝ «եթե»-ներով, եւ այդ տիպի շարադրանքի դեպքում հերքելու բան էլ չկա։ Ընթերցողներին մեկ անգամ եւս հիշեցնենք հոդվածից տվյալ նախադասությունը, որի առթիվ հերքում ենք ստացել։ Այն է՝ «Եթե ընդունենք, որ դրամի արժեւորումը պայմանավորված է տնտեսական գործոններով, քաղաքականության փոփոխությամբ, եթե չհավատանք մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում են ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի 400-450 հազար դոլարանոց երեւանյան բնակարանին, կես միլիոն դոլարանոց ավտոպարկ ունեցող տաքսի ծառայությանն ու Իսպանիայում գտնվող վիլլային, ու վերջապես, եթե համարենք, որ Տ. Սարգսյանն ու նրանից բարձր կանգնած իշխանավորները սուրբ են եւ մտածում են միայն երկրի բարօրության մասին, նորից մի հարց անպատասխան է մնում»։

Համենայնդեպս, ընդառաջ գնանք Տ. Սարգսյանին։

Հերքում

«Եթե Չընդունենք, որ դրամի արժեւորումը պայմանավորված է տնտեսական գործոններով, քաղաքականության փոփոխությամբ, եթե Հավատանք մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում են ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի 400-450 հազար դոլարանոց երեւանյան բնակարանին, կես միլիոն դոլարանոց ավտոպարկ ունեցող տաքսի ծառայությանն ու Իսպանիայում գտնվող վիլլային, ու վերջապես, եթե համարենք, որ Տ. Սարգսյանն ու նրանից բարձր կանգնած իշխանավորները սուրբ Չեն եւ չեն մտածում միայն երկրի բարօրության մասին, ՈՉ ՄԻ հարց անպատասխան ՉԻ մնում»։

Հ.Գ. Իհարկե, կարելի էր գրել «ՉԵՆՔ հավատում այն հրապարակումներին…» կամ «Եթե Չհամարենք, որ», սակայն իմաստը դրանից չի փոխվում։ Համենայնդեպս, չենք կարող պայմանական եղանակով կազմված նախադասությունը դարձնել պատմողական, ասենք՝ «Տ. Սարգսյանը ՉՈՒՆԻ….»։ Մենք չգիտենք՝ ինչ ունի կամ ինչ չունի պրն Սարգսյանը։ Եթե ԿԲ մամլո ծառայությունն ունի հերքման ավելի հարմար տեքստ, սիրով կներկայացնենք։ Ինչ վերաբերում է մեր նպատակներին, ապա դրանք երբեք ուղղված չեն որեւէ մեկին վարկաբեկելուն, այդ թվում նաեւ` Տ. Սարգսյանին։

Հ.Հ.Գ.
Հոդվածին անդրադառնալու առիթից օգտվելով՝ շտկենք նաեւ մեր արած հետեւյալ վրիպակը։ Գյումրիում ընկույզին անվանում են «կագալ», իսկ «փուրչուլուկ» ասում են գազարին։