Ադրբեջանական day.az ինտերնետային կայքը ներկայացրել է պատմաբան-գրականագետ Իսրաֆիլ Մամեդովի հարցազրույցը՝ «Ադրբեջանի ձայն» ռադիոկայանին, որտեղ Մամեդովը բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել Հայաստանի մասին։ Day.az-ի նյութը սկսվում է Մամեդովի հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Քոչարյանը Հայաստանը դրել է աճուրդի»։ Պատմաբանի կարծիքով, «…Հայաստանի վերքերը սկսեցին նորից արյունահոսել 1998թ.-ից հետո, երբ «պալատական հեղաշրջման» արդյունքում նախագահի աթոռը զբաղեցրեց Ռ. Քոչարյանը»։ Այնուհետեւ Մամեդովը սկսում է թվարկել, թե ինչ դժբախտություններ եկան Հայաստանի գլխին՝ Քոչարյանի գալուց հետո. «Գահին տիրանալով՝ Քոչարյանն աննախադեպ եռանդով ձեռնամուխ եղավ Հայաստանը ծախծխելու գործին։ Տնտեսությունը փլուզվեց, ժողովրդի նյութական եւ հոգեւոր ունեցվածքը մինչեւ վերջ վաճառվեց ու վաճառվում է օտարերկրացիներին։ Այսպիսով, նախագահի ջանքերով Հայաստանը վեր է ածվել դասական գաղութի»։ Ադրբեջանցի պատմաբանը շարունակում է նույն ոգով՝ բերելով նաեւ թվային ապացույցներ. «Ամեն ինչ դարձավ սպեկուլյացիայի առարկա՝ հողը, ջրային եւ հանքային ռեսուրսները, ժողովուրդը, խիղճը եւ հոգին։ Արդյունքում, Հայաստանը լքած մարդկանց թիվը, ըստ ակադեմիկոս Վլադիմիր Խոջամիրյանի, գերազանցում է 1 միլիոն 200 հազարը։ Միայն Թուրքիա դրամ վաստակելու համար մեկնել են 40 հազար կանայք եւ պատանիներ։ Իսկ Քոչարյանի օրոք աշխատելու համար Ռուսաստան գնացած 25-50 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է 80 հազարը։ Դա, ըստ ակադեմիկոսի, հանգեցրել է գենոֆոնդի կորուստների եւ ծնելիության անկման՝ տարեկան 14-20 հազարով»։
Եթե հեղինակի անուն-ազգանունը եւ ազգությունը նշված չլիներ, կարելի էր կարծել, որ մտքերն արտահայտել է հայաստանյան որեւէ ընդդիմադիր գործիչ։ Ընդ որում, շարադրանքն այնպիսի սրտացավ ոճով է, ասես Մամեդովի սրտից արյուն է կաթում հայերի համար։ Չի պակասում նաեւ լավատեսական-խրատական ասպեկտը. «…Ռոբերտ Քոչարյանը հմտորեն կերտում է իր բարեկեցությունը՝ սեփական ժողովրդի դժբախտության վրա։ Եվ հայ ժողովուրդը վաղ թե ուշ գնահատական պետք է տա այս քաղաքականությանը՝ սովորելով տարբերել սեւը սպիտակից»։ Ահա այսպես։ Սա հենց այն դեպքն է, երբ պատասխանելն իրոք դժվար է։ Պարզապես կարող ենք ասել՝ շնորհակալություն, բայց մեր խնդիրները մենք ինքներս ավելի լավ գիտենք, ու ձեր գնահատականների կարիքը չկա։
Բ.Թ.