Մամուլն արդեն անդրադարձել է բուհական ընդունելության ցուցակների հետ կապված խայտառակ «օյինբազությանը», երբ օգոստոսի 24-ին դիմորդները ցուցակներում կարդացել են իրենց անունները, իսկ հաջորդ օրը նրանց անուններն անհայտացել են ցուցակներից, ինչն առաջ է բերել դիմորդների արդարացի վրդովմունքը։ Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր երեկվա նիստում քննարկել է այս խնդիրը։ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, համակարգչային ծրագրում տեղ գտած անճշտության համար ՀԸՀ-ի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացվել է նկատողության: Իսկ վրիպակի պատճառով ցուցակներում հայտնված 4 բուհերի շուրջ 30 դիմորդներին առաջարկվել է իրենց վաստակած միավորներով՝ համապատասխան մասնագիտություններով, ուսանել հեռակա համակարգում: Ըստ տարբեր հրապարակումների, այս վիճակում հայտնված ուսանողների թիվն անցնում է 100-ից, իսկ ՀԸՀ-ն խոսում է միայն 30 հոգու մասին։ Ինչ վերաբերում է այն դիմորդներին, որոնց նախապես ընտրած ֆակուլտետները հեռակա չունեն, մեր տեղեկություններով, նրանց առաջարկվել է ընտրել մեկ այլ ֆակուլտետ։