Օգոստոսի 29-ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի Արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ սենատոր Ֆրանսուա Ռոելան դյու Վիվյեին: Անդրադառնալով տարածաշրջանի երկրների եվրոպական ընտանիքին անդամակցելու համար ստանձնած պարտավորություններին` սենատորը կարեւորել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից Նախիջեւանի տարածքում գտնվող Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը: Սենատորը նշել է նաեւ, որ Բելգիան մտադիր է Հարավային Կովկասում դեսպանատուն բացել: Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` Ռոելան դյու Վիվյեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ միշտ չէ, որ բյուջեի պարունակությամբ է չափվում բանակի մարտունակությունը: