Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի: Օրինակ, արտասահմանյան որեւէ նորմալ երկրում էլեկտրաէներգիայի կամ ջրամատակարարման ոչ պատշաճ սպասարկումը դիտվում է որպես քաղաքացու դեմ կատարվող ոտնձգություն:
Նման դեպքերում տվյալ քաղաքացին դատական բոլոր ատյաններով պատճառված վնասի համար փոխհատուցում է պահանջում: Իսկ մեզանում քաղաքացին նույնիսկ չի էլ մտածում դիմել դատարան, քանի որ չի վստահում արդարադատության համակարգին. քաղաքացին համոզված է, որ նման դեպքերում դատական պրոցեսներն ավարտվում են հօգուտ «զորեղների»: Օրեր առաջ «Ազդակ» ակումբում սփյուռքահայ Արտաշես Բարսեղյանն Արարատի մարզի ջրամատակարարման համակարգում առկա կոռուպցիոն երեւույթների հետ կապված բավական ուշագրավ տվյալներ ներկայացրեց: Նա մասնավորապես մեղադրեց ՀՀ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, ասելով, թե այս նախարարի անմիջական կառավարմամբ են մարզում նման ապօրինություններ տեղի ունենում: Ա. Բարսեղյանը ջրամատակարարման օրինախախտումների վերաբերյալ հայցով դիմել է դատարան, ինչպես նաեւ գրավոր դիմելու է դատախազություն Արարատի մարզի ջրամատակարարման համակարգում քննություն կատարելու նպատակով: Նշենք, որ սփյուռքահայ Ա. Բարսեղյանը միակը չէ, որ բարձրաձայնում է Արարատի մարզի ջրամատակարարման հետ կապված անմխիթար վիճակի մասին: Օրեր առաջ մեր խմբագրություն է դիմել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Արմեն Գրիգորյանը, ով ջրամատակարարման պատասխանատուների «քմահաճույքով» հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Ընդ որում, ջրամատակարարումն իրականացնում է «Մխչյան» ջրօգտագործման (ՋՕ) ընկերությունը, իսկ Մխչյան գյուղը, նկատենք, որ անմիջապես կապվում է Տարածքային կառավարման նախարար Հովիկ Արբրահամյանի անվան հետ, քանի որ վերջինս ծնունդով մխչյանցի է: «Ծնողներս եւ մենք՝ երեխաներով, այլ աշխատանք չունենք, գործազուրկ ենք: Մենք գոյատեւում ենք հողագործությունից ստացված բերքով: 2003 թվից «Մխչյան» ՋՕԸ-ի հետ պայմանագիր ունենք կնքած եւ ունեցել ենք խորքային ջրհոր, որը նորմալ մատակարարել է: 2004թ. ապրիլի 10-ին ջուրը տվել են, եւ պոմպը փչացել է, հանել-տարել են նորոգելու եւ այս տարի նոր բերել են: Այդ ընթացքում օգտվել ենք այլ ջրակայանից: 2004-2005թթ. անկանոն ջրամատակարարման հետեւանքով եւ ջրի բացակայության պատճառով բերքն ամբողջովին փչացել է»,- ասում է Բաղրամյան գյուղի բնակիչ Ա. Գրիգորյանը: 2003 թվականից «Մխչյան» ՋՕԸ-ի հետ պայմանագիր կնքած Գրիգորյանների ընտանիքն անկանոն ջրամատակարարման պատճառով իրենց հողատարածքում ցանած բերքի մեծ կորուստ է կրել եւ հայտնվել է նյութական անելանելի վիճակում: Դիմել են Արարատի մարզի առաջին ատյանի դատարան, որտեղ Ա. Գրիգորյանի հայրը՝ հայցվոր Մանվել Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրել է, թե կնքված պայմանագրի ժամանակահատվածում որքան հողատարածքում որքան սածիլ է մշակել, տնկել եւ որքան ոռոգման ջուր է ստացել: Հայցվորը պահանջել է հետեւյալը. «Իմ կրած ամբողջ վնասը կազմում է 8.272.000 դրամ: Երկու տարի է, ես չեմ կարողանում ժամանակին եւ նորմալ ջուր ստանալ, աշխատել եւ եկամուտ ստանալ: Իմ ընտանիքը ՋՕԸ-ի անբարեխիղճ աշխատանքի պատճառով հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Հաշվի առնելով, որ մեր միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ես` որպես ջրօգտագործող, իրավունք ունեմ ՋՕԸ-ի ոչ բնականոն ջրամատակարարման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում պահանջել, ուստի ղեկավարվելով պայմանագրով եւ գործող օրենսդրությամբ` խնդրում եմ դատարանին «Մխչյան» ՋՕԸ-ից բռնագանձել 8.272.000 դրամ հօգուտ ինձ եւ գանձվող գումարի 2%-ը` որպես պետական տուրք, քանի որ հայտնվելով նման ծանր սոցիալական վիճակում` ես ի վիճակի չեմ պետտուրք վճարելու»: Դատարանը հայցը բավարարել է մասնակի, եւ գործը ներկայումս գտնվում է Վերաքննիչ դատարանում: Մինչդեռ դատական ատյաններին դիմելը «Մխչյան» ՋՕԸ-ի կողմից հիվանդագին վերաբերմունքի է արժանացել, եւ ընկերությունը որոշել է ոռոգման ջրից ընդհանրապես զրկելով պատժել Գրիգորյանների ընտանիքին: «Քանի որ մենք դիմել ենք դատարան, ապա միտումնավոր կերպով մեզ առանց պատճառաբանության ջուր չեն տալիս: Գրավոր դիմում ենք՝ չեն պատասխանում: Պայմանագրով կետ կա, ըստ որի` անկանոն ջրամատակարարման պատճառով հասցրած վնասների համար ընկերությունը պարտավոր է հատուցել պատճառված վնասները: Մենք բոլոր օղակներին դիմել էինք՝ գյուղապետարան, մարզպետարան, սակայն անարձագանք մնալու պատճառով դիմեցինք դատարան, ինչն էլ զայրացրել է ՋՕԸ-ի ղեկավարությանը: Իսկ վնասների փոխհատուցման չափը որոշվել է փորձագիտական եզրակացության հիման վրա»,- վստահեցնում է մեր զրուցակից Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց հարակից բոլոր հողամասերում պատշաճ կերպով ջրամատակարարում կա: Ա. Գրիգորյանի ջրատարի վրա գտնվում է Բաղրամյանի գյուղապետ Գագիկ Գալստյանի հողատարածքը, որն, ի տարբերություն Գրիգորյանների ցանքատարածքի, ջրվում է պարտադիր կերպով: Ա. Գրիգորյանը «Մխչյան» ՋՕԸ-ի ջրամատակարարման նման սպասարկումը բացատրում է հետեւյալ կերպ. «Ընկերությունն առանց ջուր տալու հաշվեգրում է, որ տվեց ենթադրենք այսքան ջուր, հաշվում է պարտք եւ դիմում է կառավարություն, օրինակ, ինչպես անցած տարի էր, որ այսքան պարտք ունենք՝ փոխհատուցեք: Կառավարությունն էլ փոխհատուցում է: Ստացվում է, որ առանց ջուր տալու, աշխատելու` իր գումարը ստանում է: Բացի դա, իրենց նորմաները մի քիչ այլ են. Ըստ պամանագրի, պարտավորվում ենք փաստացի վճարել խմ-ի համար՝ 8 դրամ, իսկ իրենք հաշվարկում են ոչ թե խմ-ով, փաստացի ջրով, այլ քմ-ի հաշվով: Բայց գյուղատնտեսական նորմաներով 1քմ-ի համար իրենց ասած թիվը 2-3 անգամ գերազանցում է: Մեկ անգամ ջուր են տալիս, բայց գրում են, որ 3 անգամ ջուր են տալիս: Այսպիսի մախինացիաների շղթա է: Այսպիսի հավելագրումներ, կեղծումներ են, որոնք ոչ ոք չի ուզում նկատել»: Ինչեւէ, իրականում Հայաստանի բոլոր մարզերում գրեթե նույն պատկերն է: Գյուղացիները չեն համարձակվում այս մասին բարձրաձայն խոսել՝ վախենալով, որ ամբողջովին կզրկվեն ջրամատակարարումից: