Վերելակը տիկին Սաթիկի երկրորդ տունն է

01/09/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն տեւական շրջան է, ինչ մայրաքաղաքի բուժհիմնարկների մարդատար վերելակները չեն շահագործվում, փոխարենն` աշխատում են բեռնատար խցիկներով վերելակները, որոնք նախատեսված են առավելագույնը 5 հոգու համար: «Արմենիա» բժշկական կենտրոնի տնտեսական գործերով պատասխանատու Հ. Կարապետյանի խոսքերով` հիվանդանոցներում վերելակները չեն շահագործվում մի շարք տեխնիկական պատճառներով: «Համ էլ հիվանդանոցում մի փոքր ուրիշ է, առանց ուղեկցորդի չի կարելի վերելակ նստել, բա որ մարդիկ մնան մե՞ջը»,- նկատում է մասնագետը:

Վերուվար անող բեռնախցիկների փոխադրումն իրականացնում են վերելակավարները, որոնք, որպես կանոն, կանայք են լինում: Վերելակավարուհիների աշխատավարձը տատանվում է 20-30 հազար դրամի սահմաններում, չհաշված՝ թեյավճարները, որոնց ամբողջական գումարը գերազանցում է նրանց անվանական վարձավճարը: Ներհիվանդանոցային «փոխադրամիջոցի» արժեքը 100 դրամ է, որն, իհարկե, դրանից օգտվողին չի պարտադրվում, սակայն յուրաքանչյուր այցելու լավից-վատից պետք է տեղեկացված լինի բուժհաստատություններում գործող այս չգրված կանոնների մասին:

Տիկին Սաթիկն իր 66 տարիներից 25-ն անց է կացրել վերելակավարի պաշտոնում: Համալսարանական 3-րդ մանկական հիվանդանոցի (նախկինում` համար 1 մանկական) եռահարկ շենքի բաժանմունքին սպասարկող վերելակը տիկին Սաթիկն ասես սեփականաշնորհած լինի, որովհետեւ այդ վերելակի մասին պատմելիս անընդմեջ կրկնում է «իմ լիֆտը» արտահայտությունը: Վերելակավարուհի Սաթիկն աշխատում է 24 ժամ, (5 տարի շարունակ` անգամ առանց հերթափոխի), գիշերում է խցիկում, տեխնիկական «թեթեւ» խափանումներն անձամբ է նորոգում, 6 ամիսը մեկ նաեւ «յուղում» է իր վերելակի շարժիչները: Նա սեփական նախաձեռնությամբ մի անշուք թախտով ու փոքրիկ պահարանով կահավորել է իր շարժական «օթյակը»: Նրա լավ պահված բեռնատար վերելակում լուսանկարներ կան փակցված, բոլորը` քրիստոնեական հավատալիքային թեմաներով, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: «Էս մեկը մի հատ ծնող է տվել, երբ իր երեխան փրկվեց` թոքերը թարախի մեջ կորել էին, 40 օր ֆիլտրեցին, լավացավ: Իմ լիֆտով բերեցին, իմ լիֆտով էլ իր ոտով գնաց տուն: Իմ լիֆտի մեջն էլ ամեն օր նրա տատիկն աղոթում էր: Լավ բժիշկներ ունենք, շատ բարի մարդիկ են: Ինձ էլ շատ սիրում են, ասում են` Սաթոյի սիրտը շատ թեթեւ է: Էս իմ երկրորդ տունն է դարձել, լավ եմ պահել, չէ՞»,- հպարտանալով պատմում է վերելակի տեր ու տնօրեն Սաթիկը: Նա ասում է, որ արտասահմանցի շատ հյուրեր հավանելով իր վերելակը` նկարել են այն եւ իրենց հետ որպես հիշատակ տարել են: Որպես հիշատակ են տարել նաեւ տիկին Սաթիկի բարությունը: Բժշկական համալսարանի նոր ռեկտորի հրամանի համաձայն (հիմնարկը պատկանում է համալսարանին)` վերելակավարուհին արդեն փոխարինող ունի: «Առաջ շատ քիչ էի ստանում, հիմա 10 «ռեյսի» համար` 34 հազար դրամ են տալիս»,- ասում է տիկին Սաթիկը: Նրա համոզմամբ, վերելակը հիվանդների համար է, սակայն աշխատակիցներն ավելի շատ են օգտվում, քան հիվանդները: «Գալիս են զանգը տալիս, ես էլ փափուկ երես եմ, չեմ կարողանում մերժել: Աստիճաններ կան, ասա՝ ոտով բարձրացեք, ոտով իջեք: Վերակենդանացման փոքրիկ երեխաներին տանում եմ ռենտգենի, կարդիոգրամի, սաղ էս լիֆտից են օգտվում: Երկու ամիս առաջ իտալացիներ էին եկել, մի հատ մանկատան աղջկա պլաստիկ վիրահատություն արեցին, երեք տարեկանում մայրը պլիտայի վրա էր գցել-վառել, հետո` որպես դեֆեկտավորի, տարել-գցել էր մանկատուն: 14 տարեկան աղջկան կուրծք սարքեցին: Անցած տարի էլ իտալացիները կալյասկի վրայի երեխաների ողնաշարները հատիկ-հատիկ հավաքեցին»,- հիվանդանոցի անցուդարձի մասին իր սեփական հետեւություններն է անում աշխույժ վերելակավարուհին: Ընդհանրապես, տիկին Սաթիկը տիրապետում է հիվանդանոցի ողջ պատմությանը, եւ նույնիսկ առանց որեւէ հարց տալու, «ներկայացնում» է մի քանի մանրամասներ: Ասում է, որ նախկինում շենքի առաջին նկուղը «կռիսանոց» է եղել, ինչ-որ հունաստանցի եկել է, իր միջոցներով սրտի բաժանմունք է հիմնել: Մեր այն հարցին, թե արդյոք վերելակավարին փող տալը պարտադի՞ր է, նա առանց սրտնեղելու պատասխանեց, թե իր «լիֆտը» կողմնակի մարդիկ քիչ են նստում, դրա համար «լեւի» փող տվող չունի: «Մեկ-մեկ վիրահատություններից հետո բժիշկը 500 դրամ է տալիս` պերերիվի փող: «Սմենչիկներս» դրա համար չեն դիմանում: Գիտեն, թե լիֆտ ա, իսկական լիֆտը 5-6 հարկանի հիվանդանոցներինն ա. համ իջնելուց են տալիս, համ էլ բարձրանալուց: Դրանք (5-6 հարկանի շենքերի վերելակավարները.-Ն.Մ.) օրը 2-3 հազարով տուն են գնում: Ինձ էլ բերեցին էստեղ, վարժվեցի իրենց հետ, չեն թողում ազատվեմ-գնամ: 25 տարվա մեջ 3 արձակուրդ եմ գնացել, մնացել եմ էս բնի մեջ: Բակ էլ չեմ կարողանում գնալ, դուռը ջարդում են: Էն ժամանակ լավ էր, 75 ռուբլի էինք ստանում, բայց դրան շատ բան էինք կարողանում առնել»,- իր վիճակից գանգատվում է տիկին Սաթիկը: Բժիշկների կատարած աշխատանքը կարեւորելով հանդերձ` վաստակավոր վերելակավարուհին, կեսկատակ-կեսլուրջ ասում է. «Բժիշկները մեզնից սատանա են, նրանց տասը ձեռքին խփես` մի մանեթ ավել չեն տա: Ասում եմ՝ դոկտոր ջան, 38 երեխա ունեք, ես բոլորին իջացնում եմ, բարձրացնում, գոնե ամիսը 1000 դրամ տվեք, չեն տալիս»: