Ֆինլանդիայի մաս համարվող, բայց ըստ էության անկախ այս արշիպելագը մարմնավորում է այն, ինչին մարդկությունը ձգտել է հազարամյակներ շարունակ։ Նրա բացառիկ կարգավիճակը ժամանակին դիտվում էր որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հնարավոր տարբերակ:
Պատկերացրեք մի փոքրիկ երկիր, որտեղ միջին աշխատավարձը 3,000 դոլար է, որտեղ գրեթե չկա գործազրկություն եւ կոռուպցիա, որտեղ առողջապահությունն ու կրթությունն անվճար են, եւ որտեղ հանցագործություններն այնքան հազվադեպ են, որ մարդիկ չեն կողպում իրենց տներն ու ավտոմեքենաները։ Պատկերացրի՞ք։ Դե ուրեմն համեցեք Ալանդյան կղզիներ, աշխարհի ամենաբարգավաճ վայրերից մեկը։ Բալթյան ծովում գտնվող եւ ավելի քան 6000 կղզուց բաղկացած այս արշիպելագն ունի Լեռնային Ղարաբաղից էլ ավելի փոքր տարածք եւ ընդամենը 27.000 բնակիչ, որոնք հիմնականում ազգությամբ շվեդ են։ Զուգորդելով իրենց բնածին սկանդինավյան ազնվությունը ժողովրդավարության եւ օրենքի իշխանության հետ, նրանք հասել են աննախադեպ հաջողությունների, որոնք կարող են որպես օրինակ ծառայել ամբողջ աշխարհի եւ հատկապես Հայաստանի նման երկրների համար։
Տեղացիներն այս ամենում շատ կարեւոր են համարում նաեւ իրենց փաստացի անկախ կարգավիճակը, որը միջազգային հանրության կողմից ամրագրվեց ուղիղ 85 տարի առաջ։ Այդ կարգավորումը թույլ տվեց Ալանդյան կղզիներին, Ֆինլանդիային եւ Շվեդիային խուսափել ղարաբաղյանի պես արյունալի կոնֆլիկտից։
Իսկ այդպիսի հակամարտության վտանգը ծագեց 1917թ., երբ Ֆինլանդիան հռչակեց իր անկախությունը փլուզվող ռուսական կայսրությունից։ Ալանդյան շվեդները (ինչպես եւ Ղարաբաղի հայերը) նույնպես որոշեցին օգտվել ինքնորոշման իրենց իրավունքից եւ զանգվածային ստորագրահավաքի միջոցով պահանջեցին տարածքի վերամիավորումը Շվեդիայի հետ։ (Մինչեւ Ռուսաստանի կողմից 1809թ. նվաճվելը կղզիները դարեր շարունակ Շվեդիայի մաս էին կազմել)։ Ֆինները (ինչպես եւ Ադրբեջանը 1991-ին) մերժեցին այս պահանջը, պնդելով, որ Ալանդները Ռուսաստանին բռնակցվել էին Ֆինլանդիայի հետ միասին եւ հետեւաբար պետք է լինեն նորանկախ ֆիննական հանրապետության կազմում։
Չնայած այս տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին, կողմերից ոչ մեկը չդիմեց ուժի կիրառմանը, նախընտրելով հարցը հանձնել Ազգերի լիգայի (այն ժամանակվա ՄԱԿ-ի) դատին։ Վերջինս էլ որոշեց 1921թ. Ալանդյան կղզիները թողնել Ֆինլանդիայի կազմում, բայց չափազանց լայն ինքնավարությամբ, որը ֆինների գերիշխանությունը դարձրեց գրեթե ձեւական։ Այս որոշումն ալանդացիներին չբավարարեց։ Սակայն չստանալով բավարար աջակցություն Շվեդիայից, նրանք ստպիված էին ընդունել այն։ Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ քայլ էր։
«1921թ. մենք ամենադժգոհ կողմն էինք, իսկ հիմա ամենաբավարարվածն ենք»,- ասում է Ռոջեր Յանսոնը` Ալանդները Ֆինլանդիայի խորհրդարանում ներկայացնող միակ պատգամավորը։ Ալանդների նահանգապետ Պետեր Լինդբակը լիովին կիսում է այս տեսակետը։ «Ալանդները ոչ թե ինքնավար մարզ է, այլ մասնակիորեն անկախ պետություն»,- պարզաբանում է նա։
Այդ միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակը երկու անգամ` 1951թ. եւ 1993թ., վերահաստատվել եւ հստակեցվել է Ֆինլանդիայի իշխանությունների կողմից։ Ըստ այդմ, Ալանդյան կղզիներն ունեն ընտրովի խորհրդարան, որի մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն։ Վերջինս ունի տարածքի տնտեսությունը կարգավորելու բացառիկ իրավունք, տնօրինում է կրթությունն ու առողջապահությունը, ինչպես նաեւ վերահսկում է տեղական իրավապահ համակարգը։ Ֆիննական ոչ մի օրենք Ալանդներում ուժի մեջ չի կարող մտնել առանց տեղական իշխանության համաձայնության։ Տարածքի նահանգապետը, որի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, նշանակվում է Ֆինլանդիայի նախագահի կողմից, բայց միայն այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը հավանություն է ստանում Ալանդյան խորհրդարանի կողմից։
Հելսինկիի իշխանությունները վերահսկում են միայն արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, դատական համակարգն ու հարկերի եւ մաքսային տուրքերի հավաքագրումը։ Բայց նույնիսկ այս լիազորություններն են լրջորեն սահմանափակված։ Մասնավորապես, Ալանդները միջազգայնորեն ամրագրված ապառազմականացված գոտի է, եւ ֆիննական բանակն իրավունք չունի այնտեղ որեւէ ռազմական ներկայություն ունենալ։ Բացի այդ, Ֆինլանդիայի կողմից ստորագրվող եւ կղզիներին վերաբերող միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն վերջիններիս կողմից։ Այս դրույթի հետ ստիպված էր հաշվի նստել նույնիսկ Եվրամիությունը, երբ Ֆինլանդիային ընդունեց իր շարքերը 1995 թվականին։ Ֆինլանդիայի անդամակցության համախատասխան պայմանագիրը պարունակում է հատուկ մի արձանագրություն, որն Ալանդների վրա ըստ էության չի տարածում ԵՄ ներսում գործող մարդկանց տեղաշարժի եւ աշխատանքի ու բնակության վայրի ընտրության ազատությունը։
Այս բացառությունն անհրաժեշտ եղավ ալանդյան ինքնիշխանության մեկ այլ կարեւոր տարրի՝ այսպես կոչված, «բնակության իրավունքի» (right of domicile) պահպանման համար։ Այդ իրավունքն անհրաժեշտ պայման է կղզիներում բիզնեսով զբաղվելու եւ անշարժ գույք գնելու համար։ Ֆիններն այն կարող են ձեռք բերել այնտեղ առնվազն 5 տարի բնակվելուց հետո։ Դա է թերեւս պատճառն այն բանի, որ նրանք այժմ կազմում են Ալանդների բնակչության ընդամենը 5 տոկոսը։
Ֆինների ներգաղթին խոչընդոտում է նաեւ այն փաստը, որ տարածքի միակ պաշտոնական լեզուն շվեդերենն է։ Տեղական դպրոցների միակ պարտադիր օտար լեզուն անգլերենն է, այլ ոչ թե ֆիններենը, որին շատ քիչ ալանդացիներ են տիրապետում։ Եվ զարմանալի չէ, որ դպրոցների շրջանավարտների 75 տոկոսն ուսումը շարունակելու համար մեկնում է իրենց համար ավելի հոգեհարազատ Շվեդիա։ 25-ամյա ալանդուհի Եննիկա Կուլմանը նույնպես բարձրագույն կրթությունը ստացել է Ստոկհոլմի համալսարաններից մեկում եւ միայն հիմա է մտածում ֆիններեն սովորելու մասին։ Մեկ այլ երիտասարդ կին` ալանդյան խորհրդարանի պատգամավոր Կատրինա Շիոգրենը, նույնպես չի տիրապետում ֆիններենին եւ Ֆինլանդիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին սովորաբար իմանում է Հելսինկիում լույս տեսնող շվեդալեզու թերթերից։ «Դա միակ բանն է, որ ինձ հիշեցնում է Ալանդների՝ Ֆինլանդիայի մաս կազմելու մասին»,- ասում է նա։
«Մարդիկ շատ են վախենում ֆիններեն լեզվից եւ գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի Շվեդիա»,- ցավով նշում է նահանգապետ Լինդբակը։
Իսկապես, Ալանդների կոկիկ եւ կանաչ մայրաքաղաք Մարիեհամնում քայլելիս չես էլ զգում, որ գտնվում ես Ֆինլանդիայի տարածքում։ Նույնիսկ ավտոմեքենաների համարանիշերը ֆիննականների հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Ավելին, այս երկուշաբթվանից Ալանդները ստացան անկախ պետության եւս մի ատրիբուտ՝ ինտերնետային հասցեների սեփական .AX տարբերանշանը։ Մինչ այժմ նրանք օգտագործել են ֆիննական .FI վերջավորությունը։
Բայց պարզվում է` կան մարդիկ, որոնց այս ամենը չի բավարարում։ Նրանք հիմնականում խմբված են «Ալանդների ապագա» կոչվող կուսակցության շուրջ, որը պայքարում է կղզիների լիակատար անկախության համար։ Տեղական 30 տեղանոց խորհրդարանում այն այժմ ունի ընդամենը երկու պատգամավոր, բայց հույս ունի նվաճել տեղերի մեծամասնությունը 10-15 տարի անց։ Շվեդիայի հետ վերամիավորվելու ցանկություն կուսակցությունը չունի, գիտակցելով, որ անցած տասնամյակների ընթացքում ալանդացիների մոտ ձեւավորվել է սեփական, շվեդականից տարբերվող ինքնագիտակցություն։ Իր պատգամավորներից մեկը` Ռոլֆ Գրանլունդը, պնդում է, որ ֆիններեն լեզուն լրջորեն սպառնում է այդ ինքնությանը եւ, որ այդ սպառնալիքը վերացնելու միակ միջոցն անկախությունն է։
Սակայն տեղացիների ճնշող մեծամասնությունն ակնհայտորեն չի կիսում այս տեսակետը։ Ալանդների գործող կարգավիճակն իրենց թույլ է տվել տնտեսապես բարգավաճել եւ պահպանել իրենց լեզուն ու մշակույթը, եւ նրանք այն արմատապես փոխելու պատճառ չեն տեսնում։ Ինչպես պատգամավոր Յանսոնն է նշում. «Ֆինլանդիան մի երկիր է, որը միշտ կատարում է իր խոստումները, եւ Ֆինլանդիային կարելի է վստահել։ Ֆինների համար շատ կարեւոր է իրենց բարի համբավը, եւ դա շատ լավ է Ալանդների համար»։
Այն, որ «մայրցամաքային» Ֆինլանդիային բաժին է հասնում արշիպելագի արտաքին առեւտրի 80 տոկոսը, նույնպես լուրջ գործոն է։ Բացի այդ, Ալանդների բյուջեն գոյանում է ոչ միայն տեղական հարկերից, այլեւ Հելսինկիից եկող գումարներից, որոնք պիտի կազմեն ֆիննական կառավարության ընդհանուր հարկային եկամուտների առնվազն 0.45 տոկոսը։ Անցյալ տարի, օրինակ, այդ գումարը կազմեց 170 միլիոն եվրո, կամ ավելի շատ, քան Հայաստանի ռազմական բյուջեն։ Իրենց՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (մոտավորապես 35.000 եվրո) եւ 1,8 տոկոս գործազրկությամբ Ալանդները հանդիսանում է աշխարհի ամենաբարեկեցիկ վայրերից մեկը։ Ալանդյան տնտեսության գլխավոր ճյուղը նավագնացությունն է, որն ապահովում է երկրամասի 1 միլիարդ եվրոյի հասնող ՀՆԱ-ի 40 տոկոսը։ Բացի սեփական մեծ նավատորմ ունենալուց, Ալանդները նաեւ միջանկյալ կանգառ են մի քանի տասնյակ հսկա մարդատար եւ բեռնատար լաստանավերի համար, որոնք ամեն օր երթեւեկում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ։ Դրանց հարյուր-հազարավոր ուղեւորներից շատերն իրենց հանգիստն անցկացնում են այդ գեղատեսիլ կղզիներում, որոնց խիտ անտառներն ու գրանիտե ափերը չեն կարող անտարբեր թողնել վայրի բնության սիրահարներին։
Այս բարեկեցությունը դժվար թե հնարավոր լիներ առանց ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության, որն Ալանդներում գրեթե կատարյալ է։ Տեղացիները պարզապես չգիտեն, թե ինչ բան է ընտրակեղծիքը, եւ ցանկացած պահի կարող են այցելել իրենց նահանգապետին, վարչապետին կամ ցանկացած այլ պաշտոնյայի։ Մարիեհամնի ոչ մի կառավարական շենք մտնելու համար անցագիր պետք չէ։ Տեղական խորհրդարանում ներկայացված վեց (!) կուսակցություններից ոչ մեկը չի վերահսկում պատգամավորական տեղերի 25 տոկոսից ավելին։ «Եթե Ալանդները համեմատեք Ֆինլանդիայի կամ Շվեդիայի 27.000 բնակիչ ունեցող ցանկացած շրջանի հետ, ապա չեք գտնի այնպիսի աշխուժություն, որ գոյություն ունի այստեղ»,- ասում է խորհրդարանի խոսնակ Բարբրո Սունդբակը։
Այդ աշխուժությունը դրսեւորվում է նաեւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ երկու խոշոր թերթերի գոյությամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանց օրական տպաքանակը գերազանցում է համապատասխանաբար 7000-ը եւ 10.000-ը: Հարյուր անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող Հայաստանում ոչ մի օրաթերթ այդպիսի տպաքանակ չունի։ «Այսօր մենք շատ զարգացած հասարակություն ենք, որը մարդկանց տալիս է բազմաթիվ հնարավորություններ»,- հպարտորեն հայտարարում է տիկին Սունդբակը։ Հենց սրանով էլ կարելի է բացատրել այն փաստը, որ ալանդացիներին դե յուրե անկախություն պետք չէ։ Գոնե մոտ ապագայում։ (Հելսինկիի ֆինն պաշտոնյաները չեն ժխտում, որ նրանք այն կկարողանան ձեռք բերել, եթե ուզենան)։ Նրանց առաջնորդներն առայժմ Հելսինկիից պահանջում են միայն լրացուցիչ լիազորություններ հարկահավաքի եւ նավագնացության կարգավորման ասպարեզներում։
Ալանդացիները նաեւ մեծ պատրաստակամությամբ իրենց հաջող փորձը կիսում են ազգամիջյան հակամարտությունների (ներառյալ` ղարաբաղյանը) մեջ ներքաշված ժողովուրդների հետ։ Դրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ այցելում են Շվեդիայից եւ Ֆինլանդիայից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող այս կղզիներ։ Պատահական չէ, որ 1990-ականների սկզբներին ալանդյան մոդելը քննարկվում էր որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հնարավոր տարբերակ։ Ֆինլանդիայի իշխանությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պաշտոնյաների համար այդ նպատակով հատուկ հանդիպում էին կազմակերպել Մարիեհամնում։ Սակայն գաղափարը կողմերից ոչ մեկի մոտ էլ մեծ ոգեւորություն չառաջացրեց։ Ղարաբաղյան կողմի հիմնական փաստարկն այն էր, որ Ադրբեջանը Ֆինլանդիայի պես քաղաքակիրթ երկիր չէ եւ երբեք չի լինի։
Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե հիմք ընդունեցին ալանդյան մոդելը, երբ 1998 թվականի նոյեմբերին առաջ քաշվեց հայ-ադրբեջանական թնջուկի կարգավորման հերթական ծրագիրը։ Այն առաջարկում էր Ադրբեջանին եւ Ղարաբաղին` ստեղծել երկու իրավահավասար սուբյեկտների «ընդհանուր պետություն»։ Հայկական կողմն ընդունեց այդ առաջարկը, մինչդեռ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւն այն համարեց անընդունելի։ Դժվար է ասել, թե արդյոք միջնորդները երբեւէ կվերադառնա՞ն այդ տարբերակին։ Նրանք դեռ հույս ունեն, որ կողմերը համաձայնության կգան իրենց վերջին տարբերակի շուրջ, որը նախատեսում է հարցի բոլորովին այլ լուծում։