Ամերիկայի տարվա գլխավոր ֆիլմը

01/09/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամերիկայի էկրաններին այժմ ցուցադրվում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը` «World Trade Centre»-ը («Համաշխարհային առեւտրի կենտրոնը»։ Սա այն շենքն էր, որ կործանվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում): Ֆիլմի ռեժիսորն է ԱՄՆ-ի ամենահռչակավոր, ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը` Օլիվեր Սթոունը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին ֆիլմի տապալումից հետո կինոքննադատները հույս ունեին, որ այս ֆիլմով Սթոունը կվերականգնի իր հեղինակությունը:

Ֆիլմի մասին

Ֆիլմը պատմում է Նյու Յորքի ոստիկանական մի ստորաբաժանման մասին, որը դեպքի վայր է մեկնում, եւ որին հանձնարարված է լինում տարհանել ՀԱԿ-ում մնացած մարդկանց: Սակայն մինչեւ նրանք կսկսեին գործել, «զույգ-եղբայր-շենքերը» կործանվում են, եւ կալանված են մնում շենքի առաջին հարկում: Այդ օրը փլատակների տակ մնում է 323 մարդ: Հաջողվում է փրկել միայն 20-ին: Այդ երկու ոստիկանները 18-րդն ու 19-րդն էին… Գլխավոր դերակատար Նիկոլաս Քեյջի համար երեւի սա առաջին կինոնկարն է, որտեղ ինքն ամբողջ ֆիլմն անցկացնում է հորիզոնական դիրքում` պանելի տակ պառկած:

Ֆիլմը չի պատմում ոչ հրշեջների մասին, որոնք Սեպտեմբերի 11-ի իրական հերոսներն էին, ոչ շենքից մազապուրծ եղած մարդկանց, ոչ էլ այն մասին, թե ինչ էր կատարվում քաղաքում կամ Սպիտակ տանը: Կան անշուշտ նաեւ փոքրիկ դերեր. բնականաբար` ոստիկանների կանայք, նրանց հարազատները: Ոչ ոք չի ցանկանում հավատալ, որ ամուսինները մահացած են: Ամուսինները փլատակների տակ հիշում են իրենց կանանց, թղթի պատառիկների վրա սեր խոստովանում: Եվ, բնականաբար, ամեն ինչ եզրափակվում է «happy end»-ով` երջանիկ ավարտով:
 
Ֆիլմը դիտելիս

Ֆիլմը դիտեցի երեկոյան տասին: Կարծում էի, այդ ժամանակ գրեթե մարդ չի լինի: Աշխատանքային օր էր, ամերիկացիները սովորաբար այդ ժամին հեռուստացույց են նայում, որ քնեն: Սակայն դահլիճը լեցուն էր:

Իմ հարեւանությամբ նստած էին երկու ընկերուհիներ, որոնք հենց նոր էին ավարտել աշխատանքը: Ամբողջ ֆիլմի ընթացքում լաց էին լինում: Դիմացս ընտանեկան զույգ էր, որ անընդհատ հորանջում էր: Ֆիլմը դիտելիս ապրեցի նույն զգացումը, ինչ Էգոյանի «Արարատը» նայելիս: Երբ ռեժիսորը ստեղծում է ֆիլմ, որի վերնագիրն արտահայտում է մի ամբողջ ազգի ողբերգությունը, բնականաբար սպասելիքները մեծ են: «Արարատը» Երեւանում սառն ընդունեցին: Հիշում եմ, անգամ մայրս քննադատեց ավելորդ քաղաքական կոռեկտության եւ զգուշավորության համար: Հետո, ավելի ուշ, Էգոյանն ասաց, թե ֆիլմը ոչ թե ցեղասպանության, այլ ցեղասպությունն իր համար ինքնուրույն բացահայտած սփյուռքահայերի նոր` երրորդ սերնդի մասին է: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ է Էգոյանն ընտրել այդքան հավակնոտ վերնագիր: ՈՒ եթե անկեղծ էր ֆիլմում մինչեւ վերջ, ապա թող վերնագիրն էլ չլիներ այդքան հավակնոտ: Պարզ է, որ արել է զուտ կոմերցիոն նպատակով: Նույնը` Օլիվերը: Նրա ֆիլմը երկու «ձախորդ փանոս» ոստիկանների մասին է, որոնք չեն հասցնում ոչ մեկին փրկել եւ, արդյունքում, իրենց են փրկում: Սա էլ է տարբերակ ամերիկյան ողբերգությունը ներկայացնելու համար, բայց ֆիլմի վերնագիրը կապ չունի դրա պատմության հետ: Թերեւս միակ կապը այն էր, որ ոստիկանները մնացել էին հենց այդ շենքի փլատակների տակ:

Արձագանքներ

Օլիվիա, 20 տ.- Շատ տխուր ֆիլմ էր, էնքան լացեցի, էնքան հուզվեցի:

Սկոտ 19 տ.- Ես դեռ սկզբից ընկերուհուս ասացի` արի գնանք «Կարիբյան կղզիների ծովահենները» ֆիլմի երկրորդ մասը դիտելու: Չհամաձայնեց: Չեմ փոշմանել, բայց դե այնքան էլ հետաքրքիր չէր:

Լենա 27տ.- Ֆիլմը վատը չէ: Իհարկե, լինում են ֆիլմեր, որ կինոթատրոնից հետո դուրս ես գալիս շատ տպավորված, բայց սա այդ ֆիլմերից չէր:

Ինգա եւ Բոբ, թոշակառուներ- Իմ թոռներից մեկն այդ ժամանակ Նյու Յորքում էր: Հիշեցի, թե քանի գիշեր չեմ քնել, մինչեւ չզանգեց: Այդ հուզումն այսօր վերապրեցի:

2001-ի համախմբման եւ աննախադեպ հայրենասիրական ոգու վերելքին հաջորդած նույնքան զանգվածային դարձած հիասթափությունն այս ֆիլմում շրջանցված է: Փոքրիկ դրվագներում հայտնվող հերոսները մեկնում են Նյու Յորք` երկիրը փրկելու: Խոսքը կամավորների մասին է: Սակայն Սթոունը նրանց մեջ այնքան հայրենասիրություն է դրել, որ ընդհանրապես համոզիչ չեն: Օլիվեր Սթոունը, որին համարում են ամերիկյան հասարակարգի գիտակ, այս ֆիլմում չի ներկայացնում ոչ հայրենասիրությունը, ոչ ահաբեկությունը, սա երկար ձգվող անխռով պատմություն է երկու ոստիկաններին փրկելու մասին:

Ինչո՞ւ է Սթոունը այդքան «սառը գլխով» ներկայացնում 9/11-ի իրադարձությունները: Կարծում եմ միայն մեկ բանի համար` նա հավատում է միայն, որ շենքերը կործանվել են: Սա այն միակ փաստն է, որը դեռ ոչ ոք կասկածի տակ չի դնում: Մյուսները` նոր հետաքննության առարկա են: Այսօր ԱՄՆ-ում անկախ հեռուստաստուդիաները պատրաստում են վավերագրական հետաքննություններ, որոնք, օրինակ, բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնց մինչեւ այժմ ոչ ոք չի անդրադարձել. օրինակ, մինչեւ այժմ ոչ մի տեսա կամ ֆոտո ժապավենով ցուցադրված չէ այն օդանավը, որն ընկել էր Պենտագոնի շենքերից մեկի վրա: Բոլորը տեսել են փլուզումները, բայց ոչ շենքերը: Այն, որ Բուշի վարչակազմը տեղյակ էր նախապատրաստվող ահաբեկություններին, արդեն փաստ է: Այժմ քննարկվում է, թե որքան տեղեկացված է եղել Հետախուզության գլխավոր վարչությունը դրանց մասին:

Լոնդոնյան ահաբեկության փորձի դեպքերը ԱՄՆ-ում այնպես ներկայացվեցին, որ տպավորություն էր ստեղծվում, թե անգլիացիները փրկել են ԱՄՆ-ին եւս մեկ Սեպտեմբերի 11-ից: Գլխավոր հետախուզական վարչության, դատախազի, օպերատիվ շտաբի գրեթե ամեն ժամ հեռարձակվող հարցազրույցներն ընդամենը մեկ բան էին ներշնչում` տագնապ:

Այս հասարակությանն անընդհատ պահում են տագնապի մեջ: Սկզբում ԽՍՀՄ-ն էր` իր ատոմային ռումբով, հետո` Ռուսաստանը, այժմ` ահաբեկությունը: Տագնապն անհրաժեշտ է հասարակությանը համախմբելու համար: Բայց տագնապով կամ նոր թշնամով երկիրը չես կարող համախմբել:

Ամերիկյան հասարակությունն այժմ հայրենասիրության ճգնաժամ է ապրում: Այդ պատճառով տարվա գլխավոր ֆիլմն էլ ստացվել է կցկտուր: