Իրանը հրաժարվում է չհարստացնել ուրանը

01/09/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Իրանը սկսեց մշակել միջուկային տեխնոլոգիաները 1980-ական թվականների միջնամասում։ 2003-ի վերջում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը հավանության արժանացրեց բանաձեւը, որում ասվում է, որ իրանական կառավարությունը 18 տարվա ընթացքում սքողում էր սեփական միջուկային ծրագիրը։

Շուտով Իրանը խոստացավ կանգնեցնել աշխատանքներն ուրանի հարստացման ուղղությամբ եւ միջուկային օբյեկտներ հրավիրել միջազգային ինսպեկտորներին։ Համագործակցությունն Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ ուղեկցվում էր փոխադարձ մեղադրանքներով. իրանական կառավարությունը մեղադրում էր ինսպեկտորներին գաղտնի տեղեկությունների արտահոսքի վերաբերյալ, իսկ գործակալությունը մեղադրում էր Իրանին` պակաս բաց լինելու մեջ։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կոնֆլիկտը սրվեց նրանից հետո, երբ Իրանի նախագահական ընտրություններում հաղթեց Մահմուդ Ահմադինեջադը։ Նոր կոնսերվատիվ իշխանությունը հրաժարվեց գնալ զիջումների արեւմտյան երկրների հետ բանակցություններում, ավարտեց համագործակցությունը միջազգային ինսպեկտորների հետ եւ վերսկսեց ուրանի հարստացումը։ ԱՄՆ-ը եւ Եվրոպական երկրները հայտարարեցին, որ չեն թույլատրի միջուկային զենքի ստեղծումը Իրանի կողմից եւ սպառնացին միջազգային սանկցիաների կիրառմամբ։ Ի պատասխան դրան` Իրանը հայտարարեց, որ չի հրաժարվի խաղաղ միջուկային հետազոտությունների իրավունքից։ Այդ հարցում որպես միջնորդ հանդես եկավ Ռուսաստանը, որն արդեն վերջացնում է ատոմակայանի շինարարությունն իրանական Բուշեր բնակավայրում։

Իրանի պատասխանը

Օգոստոսի 22-ին Իրանը հանձնեց իր պաշտոնական պատասխանը «վեցյակի» առաջարկին (նրա մեջ են մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան)` համագործակցել Իրանի հետ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, այն պայմանով, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից։ Իրենց ընդարձակ պատասխանում իրանցիները մերժում են ուրանի հարստացման կանգնեցման գաղափարը, բայց միաժամանակ կոչ են անում` շարունակել բանակցությունները բոլոր մակարդակներում։

Ջորջ Բուշի վարչակազմը գտնում է, որ Իրանի պատասխանն «անբավարար» է։ «Իրանական իշխանությունների պատասխանը հեռու է Անվտանգության խորհրդի առաջարկած ստանդարտներից, որոնք ենթադրում են Իրանի կողմից ուրանի հարստացման լիարժեք դադարեցումը»,- հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Գոնսալո Գալեգոսը։ Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բոլտնն ասաց, որ իր երկիրը մոտակա ժամանակ Անվտանգության խորհրդի դիտարկմանը կներկայացնի մի բանաձեւի նախագիծ, որով Իրանի վրա տնտեսական եւ դիվանագիտական սանկցիաներ կդրվեն։

Եվրամիության գերագույն ներկայացուցիչն արտաքին քաղաքականության հարցերով` Խավիեր Սոլանան, հայտարարեց, որ իրանցիների ներկայացրած փաստաթուղթը ծավալուն է եւ կարիք ունի մանրամասն վերլուծության։ Միեւնույն ժամանակ Սպիտակ տան մամլո ծառայությունը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում է, թե ինչ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար միջուկային զենքով զինված Իրանը։

Իրանը հայտարարեց միջուկային տեխնոլոգիաների ոլորտում նոր նվաճումների մասին

Իրանյան Mehr գործակալությունը հայտարարել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի գիտնականների նոր նվաճումների մասին։ Գործակալությունը խոստացավ, որ պաշտոնական հայտարարությամբ այդ հարցի շուրջ շուտով հանդես կգա իրանական բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը. «Հայտարարությունը կարտացոլի Իրանի փորձը միջուկային հետազոտությունների տարբեր ոլորտներում եւ կամրապնդի Իրանի դիրքերը` որպես միջուկային տերության»։ Իրանյան Ատոմային էներգիայի հարցերով գործակալության նախագահի տեղակալ Մոհամմեդ Սաիդին հայտարարեց, որ իր երկիրը չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Սաիդին հավելեց, որ մոտակա ժամանակներս Իրանն Արակ քաղաքում կգործարկի ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտոր։ Մասնագետները նշում են, որ նման տիպի ռեակտորների աշխատած միջուկային վառելիքը հանդիսանում է պլուտոնիումի աղբյուր, որն իր հերթին կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար։ Շատ անսպասելի փոխվեց Իսպանիայի դիրքորոշումը խնդրո առարկայի շուրջ. այդ երկիրը հայտարարեց, որ Իրանը լիարժեք իրավունք ունի սեփական միջուկային ծրագիր ունենալ։ Իրոք, իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ, օրինակ, Պակիստանը եւ Հնդկաստանը կարող են միջուկային զենք ունենալ, իսկ Իրանը` ոչ։ Հիշեցնենք նաեւ, որ կար ժամանակ, երբ ԱՄՆ-ը ինքն էր օգնում Իրանին միջուկային հետազոտությունների հարցում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումը

Նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր մասնակցությունն ունեցավ ծանր ջրի արտադրության գործարանի հանդիսավոր բացմանն Արակ քաղաքում։ Ինչո՞ւ Իրանը կարծես թե չի վախենում ՄԱԿ-ի պատժամիջոցներից։

Հարցն այն է, որ Իրանը հիմքեր ունի մտածելու, որ ներկա իրավիճակում ԱՄՆ-ին շատ դժվար կլինի հասնել նրան, որ սեպտեմբերի 1-ին Անվտանգության խորհուրդն ընդունի ինչ-որ սանկցիաներ, առավելեւս` կոշտ։ Ավելին, Իրանի մոտ վստահություն կա, որ ինքը ներկա պայմաններում կարող է խոսել ԱՄՆ-ի հետ ուժի դիրքերից։ Կարելի է ասել, որ հայտնի է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում, դեմ կքվեարկեն Թեհրանի հանդեպ շուտափույթ եւ կոշտ պատժամիջոցների կիրառմանը։ Ժամանակավոր անդամ երկրների մի մասը եւս կարող են սատարել Ռուսաստանին եւ Չինաստանին։

Եթե Թեհրանն իրոք տեղ է թողել բանակցությունները շարունակելու համար առանց պատժամիջոցների կիրառման, ապա ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի համոզել «վեցյակի» անդամներին շուտափույթ եւ կոշտ գործողությունների անհրաժեշտության մեջ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը արդեն մշակում է Իրանի դեմ պատերազմական գործողությունների ծրագիր, եւ անգամ Պենտագոնում ստեղծվել է հատուկ Իրանի դիրեկտորատ։

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ը վարել է կամ հրահրել է երեք պատերազմ` Աֆղանստանում, Իրաքում եւ Լիբանանում, ըստ որում, երեքն էլ, սկսվելով, առայժմ կանգ առնել չեն կարող, ծնելով նոր զոհեր եւ ավելացնելով ընդհանուր անկայունությունն աշխարհում։