Վերջերս Իսպանիայում միջազգային գիտական հանրությունը հանճարեղ էր ճանաչել ռուս մի հետազոտողի աշխատանք, որը կարողացել էր լուծել 100-ամյա պատմություն ունեցող մի խնդիր։ Երբ այդ գիտնականին հրավիրել են 1 միլիոն եվրո մրցանակը ստանալու, նա հրաժարվել է՝ ասելով, թե պարզապես հետազոտություն է արել եւ իրեն չի հետաքրքրում՝ այդ մասին ինչ է մտածում միջազգային գիտական հանրությունը։ Ավելին՝ գիտնականը խնդրել էր այլեւս իրեն այդ հարցով չանհանգստացնել, քանզի գնում է սունկ հավաքելու։
Վերջին տարիներին հայ գիտնականներին չի հաջողվել նման գովասանքի արժանանալ եւ այսպիսի հպարտ պատասխանով զարմացնել աշխարհին։
Շատերի կարծիքով՝ գիտական աշխարհում տիրող այս մեծ դադարի պատճառը պետության անտարբերությունն է դեպի գիտությունը: Չկա կարգին ֆինանսավորում, չկա երիտասարդների ներհոսք դեպի գիտական աշխարհ, չկա կոնկրետ ծրագիր, որի հիման վրա պետական միջոցները նպատակային ծախսվեն եւ այլն: Պատճառների այս շղթան անվերջ կարելի է շարունակել։ Նրանում, որ «գիտության ոլորտը եւ գիտական արդյունքը կարեւոր է երկրի զարգացման, տնտեսության առաջընթացի համար»՝ համոզված են բոլորը։
Կրկին հիշում ենք սովետական տարիները, երբ Հայաստանը գիտական կենտրոններից մեկն էր: Այդ ժամանակ, մասնագետների հավաստմամբ, բնական գիտություններն էին մեծ թափով զարգանում, եւ աշխարհն էլ հաշվի էր նստում հայ գիտնականների հետ։ «Խնդիրն այս կապիտալը պահելն ու արդյունավետ շրջանառության մեջ դնելն էր։ Մենք՝ որպես պետություն, գործընթացն ուշացնում էինք։ Որքան շուտ այս քայլերը ձեռնարկեինք, այնքան արդյունավետությունը բարձր կլիներ եւ մեր գիտությունը կդառնար ինքնաֆինանսավորող»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։ Ըստ Ա. Ավետիսյանի՝ այսօր էլ բավական գումարներ են պատվերների ձեւով մուտք գործում Հայաստան, «բայց քանի դեռ պետության կողմից ներկայացվող արդյունքի տեսանկյունից պաշտպանվածություն չկա, շատ ավելի քիչ են վճարում, քան արժե կոնկրետ հետազոտությունը»։ «Ինձ՝ որպես պետական պաշտոնյայի եւ որպես գործող գիտնականի, բավական մոտիկից է ծանոթ վիճակը, եւ երբեմն ես վախենում եմ, որ մենք մասնակցում ենք գիտության հոգեհանգստին»,- ասում է Ա. Ավետիսյանը։
Գիտական բարեփոխումների ծրագիրը սկսված է
Վերջապես այս տարի մեր պետական այրերը որոշել են զբաղվել գիտական աշխարհով։ ՀՀ նախագահի որոշման համաձայն՝ ստեղծվել է գիտության ոլորտի բարեփոխումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։
«Նախագահի հանձնարարության համաձայն՝ 10 օրվա ընթացքում հանձնաժողովին հանձնարարված էր ներկայացնել այն անհրաժեշտ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, որոնք անհրաժեշտ են հնարավորինս կարճ ժամանակում գիտության ոլորտը կանոնակարգված աշխատող մեխանիզմի բերելու համար, ինչը հնարավորություն կտա երկրի զարգացման համար ավելի արդյունավետ օգտագործել մեր գիտության ոլորտի հնարավորությունները»,- կարծում է Արա Ավետիսյանը։ Ժամանակացույցն ու միջոցառումների ցանկն արդեն որոշված են։ Անցյալ շաբաթ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը։ «Հանձնաժողովը պետք է արագ քննարկի այն կուտակված փորձը, որը հիմնված է տարբեր երկրներում գիտության ոլորտի կազմակերպման մեխանիզմների ուսումնասիրությունների վրա, որպեսզի մոդելային ձեւով ընտրենք, թե դրանցից որն ավելի հարմար եւ աշխատող կլինի Հայաստանում»,- ասում է Ա. Ավետիսյանը։ Այնուհետեւ կսկսվի աշխատանքային գործընթացը, եւ աշխատանքային խմբերին համապատասխան հանձնարարականներ կտրվեն։ Ժամանակացույցը մի քիչ խիտ է, եւ աշխատանքային խմբերին քիչ ժամանակ է տրված։ Բանն այն է, որ նախորդ տարիներին տարբեր փորձեր եղել են, եւ կուտակված նյութի վրա պետք է շարունակվեն աշխատանքները։ «Շատ կարեւոր է մոդելի կառուցումը, թե որտեղի՞ց՝ ո՞ւր գնանք։ Դրա համար մենք պետք է կարողանանք ապացուցել՝ ինչո՞վ է անբարենպաստ կամ ոչ արդյունավետ այժմ գործող համակարգը։ Սա ապացուցելու համար պետք է ճշգրիտ հասկանալ պետության զարգացման հիմքում գիտության ֆունկցիան,- ասում է Ա. Ավետիսյանն ու ավելացնում։ -Եթե մենք այստեղից սկսենք, ապա ֆունկցիաների ճիշտ դասակարգումից հետո, ճիշտ հասցեագրման դեպքում, կունենանք կոնկրետ հասցեատեր՝ այսինքն, այն ինստիտուցիոնալ կառույցը, որն իրականացնելու է կոնկրետ ֆունկցիայի կազմակերպումը։ Արդյունքում՝ կունենանք ընդհանուր աշխատող մեկ մեխանիզմ»։
– Այսօր Հայաստանում գոյություն ունեն 120-ից ավելի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից` որպես գիտական կառույցներ։ Ըստ Ա. Ավետիսյանի՝ պետք է հասկանալ, թե ինչո՞վ են իրականում այսօր զբաղված այս կազմակերպությունները։ «Պետք է պարզել՝ տվյալ ընկերությունը գիտական աշխատանքնե՞ր է կատարում, թե՞ ինչ-որ նախագծումներ է անում։ Պետք է ճշտել, որո՞նք են դրանցից իսկապես զբաղվում գիտությամբ, որպեսզի պետության միջոցները տրամադրվեն դրանց»,- ասում է նա։ Փոխնախարարը համոզված է, որ պետք է լինի ընդգրկուն, գլոբալ գիտական թեմա, կադրային բազա, լաբորատոր բազա։ «Գիտական հետազոտություն կատարող կազմակերպությունը պետք է տա գիտական արդյունք, որը տալիս է մեր տնտեսական խնդրի լուծումը,- ասում է նա՝ ավելացնելով, որ պետք է մի կողմ դնել հին մեթոդով ու շատ քրտնելով աշխատելու մոտեցումն ու առաջնորդվել նոր մեթոդներով, որոնք շատ ավելի արդյունավետ են ու հեռահար։ -Այն անվստահությունը, որ այսօր տիրում է հասարակության մեջ, կա նաեւ գիտության մեջ, եւ դա տեղի է տալիս տարբեր խոսակցությունների՝ թե իբր մի մարդ նկուղում նստած գյուտ է անում։ Գիտական արդյունքը ու առհասարակ շատ հանճարեղ մի բան արժեք ունի` եթե ներկայացվում է, եւ մարդիկ ճանաչում են եւ հետո օգտագործում են դա։ Իսկ եթե դա միայն քոնն է, ապա ոչինչ չարժե։ Գիտական հանրությունը պետք է իմանա այդ մասին եւ կարծիք հայտնի դրա կապակցությամբ։ Մենք պետք է հասնենք նրան, որ տեխնոլոգիական մշակումը տարբերենք գիտությունից»։
Գիտությունը պետք է հրապուրիչ լինի երիտասարդների համար
Գիտությունը, սովորաբար, զարգանում է կոնկրետ ուղղությամբ։ Այսինքն՝ պետք է լինի նպատակ, անհրաժեշտություն եւ պատվեր։ Գիտությունը պետք է պատվեր ստանա։ «Նախեւառաջ գիտության պատվերը պետք է ձեւավորվի կյանքից»,- ասում է Ա. Ավետիսյանը։
Պետք է որոշվեն գերակա ուղղությունները եւ այդ որոշումից հետո արդյունավետ քայլեր ձեռնարկվեն։ «Այսօր գերակա ուղղություն են համարվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ճշգրիտ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտները։ Սակայն՝ ի՞նչ է կոնկրետ արվում, կամ որքանո՞վ է այն արդյունավետ։ Գերակա ուղղություն պետք է լինի այն ուղղությունը, որը շատ կարեւոր է մեր երկրի համար, ունի եւ կադրային, եւ տեխնիկական բազա եւ որը մեծ պահանջարկ ունի նաեւ դրսում»,- պնդում է Ա. Ավետիսյանը։
Այս ծրագիրն իրականացնելու համար պետք է շատ կարեւոր մի քանի քայլ ձեռնարկել։ Առաջինը՝ այս ամենի հիմքում պետք է պաշտպանվի գիտնականի ֆինանսական շահը։ Երկրորդը՝ գիտական ոլորտը պետք է լինի հրապուրիչ, որպեսզի երիտասարդները ներգրավվեն սրա մեջ եւ «դարձնեն իրենցը»։ «Եվս մեկ շատ կարեւոր հարց՝ բոլոր դասախոսների, անվանի գիտնականների աջակցությունն եմ խնդրում։ Գործընթացը բաց է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մեզ աջակցել: Շատ կարեւոր է այս դեպքում տիտղոսավոր գիտնականների՝ ավագ սերնդի դերը, որը չպետք է մի կողմ քաշվի եւ նեղացածի կեցվածք ընդունի՝ ասելով «առաջ էլ վատ չէր»։ Ժամանակը պահանջում է այլ ռիթմ»,- այս ոլորտի զարգացմամբ մտահոգ մարդկանց է դիմում Ա. Ավետիսյանը։