Հայ ընտանիքներից շատերում երեխայի բուհ ընդունվելու կապակցությամբ քեֆ-ուրախություն է կազմակերպվում։ Ոմանք գառ են մորթում, ոմանք ռեստորանում են տոնում այս ուրախ իրադարձությունը, բարեկամները սկսում են նվերներ գնել բուհ ընդունված երեխայի՝ արդեն «ուսանողի» համար… սա մեր ազգին հատուկ սովորույթ է։
Վերջերս նոր երեւույթ էլ է ներմուծվում հայկական միջավայր. օրինակ, այդ քեֆ-ուրախության հաջորդ օրը կարող ես պարզել, որ «ընտրյալների ցուցակում հայտնվել»` դեռ չի նշանակում` բուհ ընդունվել։ Այսպիսի աբսուրդ կորդեբալետով ավարտվեց 2006թ. ընդունելության քննությունները։
Շաբաթվա սկզբից ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում քաոսային իրավիճակ էր։ Բուհական ընդունելության քննություններին մասնակցած մի քանի տասնյակ դիմորդների ծնողներ պետական պաշտոնյաներին խնդրում էին բացատրել, թե ինչպես իրենց երեխաների անուններն անհետացան ԱՏ-ով (Առանց տարեկետման) բուհ ընդունվածների ցուցակից։ Բողոքողները փաստում էին, որ օգոստոսի 24-ին՝ երեկոյան, իրենց աչքերով տեսել են բուհ ընդունվողների այն ցուցակը, որտեղ եղել են իրենց երեխաների անունները։ Իսկ հաջորդ օրը ցուցակում այդ անուններն այլեւս չկային։ Այլայլված ծնողների հետ անհատական զրույց անցկացրեց ԿԳՆ փոխնախարարը՝ Արա Ավետիսյանը (բողոքողների հավաստմամբ՝ նրանք պետք է հանդիպեին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, ով, ԿԳՆ-ի աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այդ պահին Գյումրիում էր), սակայն բողոքողները, միեւնույն է, դժգոհ էին դուրս գալիս, քանզի նրանցից ոչ ոք չէր ստանում իրեն հուզող հարցի պատասխանը։ Այս ֆոկուսը ԿԳՆ-ում որակվեց որպես վրիպակ, ասացին, թե կոմպյուտերն է սխալվել։ «Այս երեխաներն ԱՏ-ի անցողիկ շեմը չեն հաղթահարել, իսկ համակարգչային ծրագրի վրիպակի արդյունքում նրանց անունները հայտնվել է ԱՏ-ով անցածների ցուցակում»,- տեղեկացրեցին ԿԳՆ-ից։ Տրամաբանությունը հետեւյալն է՝ ենթադրենք` համակարգիչը պետք է 45,9 միավոր հավաքած դիմորդներին ընդգրկեր ԱՏ-ի ցուցակում, սակայն վրիպակի պատճառով սեղմվել է 45 միավորի կոճակը եւ 45-ից մինչեւ 45,9 միավորներ հավաքած դիմորդները հայտնվել են այս ցուցակում, այն դեպքում, երբ ԱՏ-ն նախատեսված է եղել միայն 45,9-ի համար։ Փաստորեն, այս «վրիպակը» տարածվել է գրեթե բոլոր մասնագիտությունների վրա, եւ մոտ 100 երեխա դարձել է այս պատմության անմեղ զոհը։
ԿԳՆ-ի միջանցքում Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Սասուն Մելիքյանին տեսնելով՝ ծնողները սկսեցին պատմել նրան, թե ինչ ծանր անդրադարձ է ունեցել այդ վրիպակն իրենց երեխաների վրա։ Մի կին էլ հուզված ասում էր՝ «Պատկերացրեք ծնողի վիճակը, երբ իր երեխային տեսնում է նյարդային այդպիսի վիճակում, հասկացեք, դուք նաեւ նրանց կյանքի հետ եք խաղում»: Ուսանողի մոր այս հուզված խոսքին Ս. Մելիքյանը ամենայն սառնասրտությամբ պատասխանեց, թե՝ «Մեքենա է, վրիպակ է արել, չէ մի՝ կյանք։ Հասկանում եմ, սա շատ լուրջ բան է, մենք մատների արանքով չենք նայում, սակայն վրիպակ է եղել, հիմա ի՞նչ անենք»։
Մեր այն հարցին, թե այս 100 մարդիկ ինչպե՞ս համոզված լինեն, որ նախորդ քննություններում նույնպես վրիպակ թույլ չի տրվել, եւ ամեն ինչ արդար է անցել, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը շատ հանգիստ պատասխանեց. «Սա լրացուցիչ ցուցակ է, ընդամենը մեկ ցուցակում է վրիպակ եղել՝ ԱՏ-ի ցուցակում, ընդհանուրում ամեն ինչ ճիշտ է»։ Ըստ նրա՝ «վրիպակ» թույլ տվողները խստագույնս կպատժվեն՝ «նկատողություն, աշխատանքից ազատում, դրանից խիստ էլ ի՞նչ»,- ասաց Ս. Մելիքյանը։ Բողոքողներն իրենք էլ շատ լավ գիտեն, որ «կոկորդ ճղելով» ոչնչի չեն հասնի, քանզի տեսնում են ու հասկանում, որ բոլորը թքած ունեն իրենց վրա (ներեցեք կոպիտ արտահայտվելու համար)։ Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք ապագայում պատրաստվում ընդունելության քննություններն անցկացնել համակարգչային մեթոդով, եթե այսօր տարրական մի հարցում արդեն սխալվում ենք։ Ի վերջո, համակարգիչը տեխնիկա է եւ կարող է նաեւ փչանալ: Ի՞նչ են անելու նման դեպքերում: Լավ է, գոնե, համակարգիչը քննական ամբողջ ինֆորմացիան չի կորցրել: Այդ դեպքում ի՞նչ պետք է անեին, նորից քննություննե՞ր պետք է անցկացնեին, թե՞ նորից հատ-հատ պետք է ստուգեին բոլորի արդյունքները: Այս դեպքում ցավալին նաեւ այն է, որ այս մարդիկ ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց արած սխալների դիմաց, ու շատ հանգիստ կարող են կանգնել ու ասել՝ դե հիմա, սխալվեցինք: Չէ՞ որ համակարգիչը մարդիկ են աշխատեցնում:
Հ.Գ. Ի դեպ, զայրացած ու հուզված ծնողների հետ «զրույցի» ողջ ընթացքում Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Ս. Մելիքյանը ոչ մի անգամ, համենայն դեպս, իմ ներկայությամբ, չասաց «ներողություն» բառը։ Երեւի ամոթ է՝ պետական չինովնիկին ոչ սազական բան է։ Համակարգիչը, օրինակ, ինչ-որ բան սխալ անելիս ասում է՝ «sorry»: