Աշխարհում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 12 մլն մարդ, որից մահանում է 6 մլն-ը: Հայաստանն այս առումով նույնպես աշխարհից հետ չի մնում, այստեղ քաղցկեղային հիվանդությունների տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս: Ավելին, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. հունվար-հուլիս ամիսներին 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, մահացության պատճառների կառուցվածքում 0,6 տոկոսային կետով աճել են նորագոյացություններից մահվան դեպքերը: Արյան շրջանառության հիվանդություններից հետո քաղցկեղից մահացությունները երկրորդ հորիզոնականն են գրավում: Չարաբաստիկ անբուժելի հիվանդության տարածվածության եւ դրա ախտորոշման առանձնահատկությունների շուրջ զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանի հետ:
– Եթե որեւէ հիվանդություն չի բուժվում կամ բուժման ընթացքում չի կոմպենսացվում, հնարավո՞ր է, այն վերածվի քաղցկեղի:
– Խորհրդային տարիներին բժիշկները հաշվառում էին, կազմում ռիսկի խմբեր, որովհետեւ գիտեինք, որ այս կամ այն հիվանդությունը կարող է վերածվել քաղցկեղի: Այդ հիվանդներն ավելի հաճախ էին հետազոտվում: Այն տարիներին կար «դիսպանսերիզացիա» հասկացություն, որն, իհարկե, 100 տոկոսանոց չէր, սակայն կնոջը պոլիկլինիկայից երեխայի մանկապարտեզի համար փաստաթուղթ վերցնելիս անգամ, նրան պարտադիր ուղարկում էին դիտողական կաբինետ եւ ուռուցքաբանի մոտ, եւ մինչեւ այդ երկու կնիքները չլինեին, երեխային փաստաթուղթ չէր տրվում: Ես արդեն 30 տարի աշխատում եմ ուռուցքաբանության ոլորտում եւ բոլոր փոփոխություններն ու ռեֆորմները զգացել եմ մաշկիս վրա: Եթե այն ժամանակ սեռական օրգանների քաղցկեղը հայտնաբերում էին սկզբնական շրջանում եւ հասնում մեծ հաջողությունների, հիմա այն հայտնաբերվում է բավականին ուշացած փուլում: Այսօր ես մի 35 տարեկան կնոջ մոտ սեռական օրգանների շատ մեծ ուռուցք եմ հայտնաբերել: Անհնար է, որ նա 2-3 տարվա մեջ իր տարածքային պոլիկլինիկա հաճախած չլիներ, եւ եթե այդ ժամանակ անցներ դիտողական կաբինետ, հիվանդությունը հնարավոր կլիներ գտնել նախաքաղցկեղային շրջանում:
– Այսինքն, այն տարիների առողջապահական համակարգն ավելի արդյունավետ է եղել:
– Այո, այսօր մենք ասում ենք, որ անցնում ենք ընտանեկան բժշկության, բայց, ցավոք, թողել ենք հին համակարգի մեխանիզմները. նորին չենք անցել, անցումային փուլում ենք գտնվում: Մեր առաջարկով որոշ կանխարգելիչ հետազոտություններ անցել են պետպատվերի շրջանակներ, օրինակ՝ թոքերի ռենտգեն քննությունը` 45 տարեկանից հետո, եւ կանանց սեռական օրգանների սոնոգրաֆիան: Իսկ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից սկրինինգային ծրագրեր (կանխարգելիչ քննություններ) առաջարկվում են ընդամենը երկու օրգանների համար` արգանդի վզիկի ու կրծքագեղձի:
– Ներկայումս ինչպե՞ս է ախտորոշվում քաղցկեղը: Ծանոթներիցս մեկի մոտ 8 ամիս շարունակ ամենատարբեր ախտորոշումներով մի քանի հայտնի կլինիկաներում հետազոտվելուց եւ բուժվելուց հետո (իհարկե, մեծ գումարներ ծախսելով), անսպասելիորեն, բժիշկները հայտնաբերեցին գլխուղեղի քաղցկեղ: Մի՞թե այդքան դժվար է ախտորոշել այն:
– Ոչ մի քաղցկեղ չունի իրեն հատուկ ախտանիշներ: Այն կարող է քողարկվել այլ ախտանիշների տակ, օրինակ՝ թոքի քաղցկեղը` թոքաբորբի: Ուրիշ բան, որ գիտությունը զարգանալով` մեզ հնարավորություններ է ընձեռում հետազոտել արյունը եւ հակամարմինները եւ դրանց հիման վրա բավականին բարձր տոկոսային ճշտությամբ նկատել օրգանիզմի քաղցկեղային փոփոխությունները: Դա նորություն է եւ գումարներ արժե: Իհարկե, կան եւ ռենտգենյան, եւ սոնոգրաֆիկ, եւ համակարգչային տոմոգրաֆիա եւ յամեր հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է ախտորոշել քաղցկեղը: Մեր ժողովուրդը շատ անտարբեր է իր առողջության նկատմամբ, դա փաստ է:
– Դա պատճառաբանվում է նաեւ ժողովրդի նյութական սուղ հնարավորություններով:
– Համաձայն եմ: Չգիտես ինչու, մարդկանց կողմից քաղցկեղն ընկալվում է որպես մահապատիժ, բայց դա ընդամենը ախտորոշում է: Մեր փոքրիկ հանրապետությունում ունենք 15 հազար մարդ, որոնք 5 եւ ավելի տարիներ առաջ ունեցել են քաղցկեղ, բուժվել են, եւ այսօր նրանք պրակտիկորեն առողջ են համարվում: Եթե մարդիկ ուշադիր գտնվեն իրենց առողջության նկատմամբ, ապա այս բնագավառում մեծ հաջողություններ կունենանք: Ուռուցքաբանները քաղցկեղը համարում են սիստեմային հիվանդություն եւ իրականացնում կոմպլեքսային բուժում` վիրաբուժական, դեղորայքային, հորմոնային, իմունային եւ ճառագայթային: Շատ հաճախ, մարդիկ` վախենալով «Ուռուցքային կենտրոն» անվանումից եւ հատկապես ախտորոշումից, տարբեր տեղերում թերի բուժում են ստանում, եւ մեզ են դիմում այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունենում ուռուցքի մանիֆեստացիա:
– Գիտնականներին այդպես էլ չհաջողվեց գտնել քաղցկեղի բուժումը:
– Թվում էր, թե 20-րդ դար կմտնենք առանց քաղցկեղի, սակայն, ինչպես տեսնում եք, քաղցկեղն իր դիրքերը չի զիջում: Երբ մարդը 40 տարեկանից հետո այս կամ այն բողոքով դիմում է բժշկի, առաջին հերթին նրա մոտ պետք է բացառել, հերքել քաղցկեղային հիվանդությունը. 40 տարեկանից հետո հիվանդանալու ռիսկը բավականին մեծ է:
Կենտրոն դիմած հիվանդներից մեկը երկար ժամանակ գանգատներ է ունեցել եւ, այն կապելով իր նյարդերի հետ, համապատասխան բուժում է ստացել նյարդաբանի մոտ: Մեկ ամիս անց նրա վիճակն այնքան է վատացել, որ պատգարակով բերել են մեզ մոտ: Ցավոք, մենք արդեն ոչինչ անել չէինք կարող, որովհետեւ ուռուցքն արդեն մեծ չափսերի էր: Մեր հիմնական նպատակն է՝ հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում: Պետք չէ կորցնել հիվանդի համար թանկ եւ արդյունավետ ժամանակը, այն դեպքում, երբ կարելի է հաջողության հասնել: Ընդհանրապես, երիտասարդ տարիքում հիվանդությունը զարգանում է արագ եւ ագրեսիվ, մեծահասակների մոտ` ավելի դանդաղ: Եթե բժշկությունը բուրգ համարենք, ապա այդ բուրգի ամենավերեւում ուռուցքաբանությունն է: Այն դժվար է եւ ախտորոշելու, եւ բուժելու տեսանկյունից: