Աշխատանք չկա՞, թե՞ չեն ուզում աշխատել

01/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վագոնի դռներից ներս մտնելուն պես դեմքին անմիջապես խղճուկ արտահայտություն տալով, քայլերը դիտմամբ դանդաղեցնելով շարժվում է առաջ: Մետրոյի ուղեւորներից որեւէ մեկի մտքով չի էլ անցնում, որ երիտասարդը ձեռքը մեկնելու եւ մուրացկանություն է անելու: Շարժվում է առաջ ու ձեռքը պարզած հասկացնում է, որ դրամ է խնդրում: Մետրոյի ուղեւորներն այս երեւույթին չեն արձագանքում, որովհետեւ գրեթե բոլոր կայարաններում ամեն քայլափոխի մուրացկաններ են տեսնում: Իսկ տղային ուշադիր հետեւողների համար զարմանալու շատ բան կա: Ձեռքը պարզած երիտասարդն իբր պատահաբար հրմշտելով կանգնած կանանց` ձեռքը զգուշությամբ տանում է մեկի ազդրին, մյուսի հետույքին եւ շոյելով կանանց բարեմասնությունները` մեկումեջ գումար մուրալով` շարժվում է առաջ: Այս երեւույթը, սակայն, ոչ ոք չի նկատում, քանի որ ճոճվող վագոնը մարդկանց այս ու այն կողմ է շարժում, եւ տպավորություն է ստեղծվում, որ տղան պատահաբար է դիպչում կանգնած ուղեւորներին: Զգուշությամբ հետեւում եմ երիտասարդին, ով «Հանրապետության հրապարակ» կայարանում դուրս է գալիս վագոնից, որպեսզի այլ վագոնում մուրացկանություն անի: Այս վագոնից ոչինչ չստացավ: Մոտենում եմ, դրամ եմ տալիս, որպեսզի նրա հետ զրուցելու ձեւ գտնեմ: Վերցնում է դրամն ու պահը բաց չի թողնում ձեռքս մի լավ շոյելու: Ձեւացնում եմ, թե ոչինչ չի պատահել, ու հարցնում եմ` «Մուրացկանությո՞ւն եք անում»: Նա շատ արագ կծկվում է ու հոնքերին հարյուր ծալք տալով` խեղճ ու կրակ մուրացկանի տեսք է ստանում: «Հա՛, փող եմ հավաքում»: 20 տարեկան Ռուբեն Առաքելյանն է, որը խոսելիս դիտմամբ ձայնի տոնայնությունն այնպես է փոխում, որ խղճահարություն առաջացնի: «Աշխատանք չկա՞, որ աշխատեք»,- հարցնում եմ: «Չէ՛, չկա: Աշխատանք չկա, սոված-ծարավ եմ մնում: Ստիպված մուրացկանություն եմ անում»,- ասում է Ռուբենը: Ասում եմ` «Եթե ես ձեզ աշխատանք առաջարկեմ` կթողնե՞ք մուրացկանությունն ու աշխատեք»: Սպասում եմ, որ դեմքի սառը արտահայտությունն ուր որ է կփոխարինվի ոգեւորությամբ, բայց… «Չէէ՜է, ես չեմ ուզում աշխատել, չեմ կարա, ոտքերս թույլ են»: Զարմանքով ասում եմ` «Բայց դուք նորմալ քայլում էիք, ի՞նչ է պատահել, ի՞նչ խնդիր ունեք»: Անակնկալի է գալիս, որ հետեւել եմ իր քայլվածքին: Ոտքերը թույլ են ու վերջ, էլ ոչ մի պատասխան: Ռուբենի խոսքերը հասկանալը շատ դժվար է, քանի որ նա ամեն ինչ անում է, որպեսզի տպավորություն թողնի, թե հազիվ է կարողանում խոսել: Ասում է, որ «Ռադիոմաչտում» է ապրում, իսկ ծնողները մահացել են: Կրթություն չունի, որովհետեւ 6-րդ դասարանից թողել է դպրոցը: Մետրոյի կայարաններում մուրացկանություն անելով` օրական վաստակում է 2000-3000 դրամ: Հասկանալու համար, թե Ռուբենը որքանով է ցանկանում աշխատել, հարցնում եմ` «Լավ, եթե ոտքերի խնդիր ունեք, ապա ավելի հանգիստ աշխատանք կուզենա՞ք, ասենք, նստած գործ, ինչ-որ գրասենյակում կաշխատե՞ք, որտեղ ֆիզիկական ուժ չի պահանջվի»: Երկարատեւ լռությունից հետո գլուխը հանգիստ օրորում է` հասկացնելով, որ «նստած» գործի էլ համաձայն չէ: Ռուբենն ամուսնացած չէ, երեխաներ չունի, բայց շատ է ցանկանում ընտանիք կազմել: Միեւնույն ժամանակ չի ցանկանում աշխատել: Հարցնում եմ` «Ինչ-որ լուրջ խնդիր կա՞, որ ոչ մի աշխատանքի համաձայն չեք: Առողջական կամ հոգեբանական խնդիրնե՞ր ունեք»: Երկար մտածում է պատասխան հորինելու համար` «Հա՛, սիրտս մի քիչ լավ չի»: «Եթե մարդիկ ցանկանան ձեզ օգնել, գումար տրամադրել, որպեսզի գնաք հիվանդանոց, ստուգվեք, անհրաժեշտության դեպքում բուժվեք, կգնա՞ք»: Ուսերն է թոթվում: Մոտենում է Մետրոպոլիտենի հսկիչը, ով վկայում է, որ երիտասարդն ամեն օր առավոտից երեկո վագոններում փող է մուրում: «Չենք արգելում, որովհետեւ էնքան շատ են, որ չգիտես` ով է իրական ու ով է կեղծ մուրացկան»,- ասում է հսկիչը: Երկար ուսումնասիրելով Ռուբենին, հսկիչը հիշում է նրան. «Եթե հիշողությունս չի դավաճանում` մի 2 տարի առաջ սրան դուրս եմ վռնդել, որովհետեւ վագոնում սեռական կարիքներն էր հոգում»: Ինչեւէ, Ռուբենը կարծես թե ոչնչով չի տարբերվում 20 տարեկան բոլոր հայ տղաներից: Նա կարող է աշխատել եւ ապրել մարդավայել կյանքով, սակայն չի ուզում աշխատել եւ ինչպես մեր օրերում շատ-շատերը` իր գործազրկությունը բացատրում է մեկ արտահայտությամբ՝ «Աշխատանք չկա»: