Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը գումար աշխատելու ձեւն արդեն, կարելի
է ասել, գտել է: Տեսնելով, որ համատարած հողահատկացումների արդյունքում
արդեն Երեւանի մեծ մասը զբաղեցված է, երկար մտածելուց հետո գտավ փող
աշխատելու ձեւը: Զախարյանի՝ ինքնակամ շինությունների դեմ պայքարի
նախաձեռնությունը սկսեց տարածվել նաեւ օրինական կառույցների վրա:
Քաղաքացիներից շատերը փաստաթղթերի փաթեթներով դիմում են խմբագրություն՝
պատճառաբանելով, որ քաղաքապետն ինքնանպատակ որոշումներով, հակասելով
նախորդ քաղաքապետի որոշումներին, պատրաստվում է ապամոնտաժել իրենց
տրամադրված կառույցները՝ դրանք համարելով ապօրինի: Փորձեցինք մեր
աղբյուրներով գտնել այն հողատարածքները, որոնք նախկին քաղաքապետ Ռ.
Նազարյանի որոշմամբ հատկացվել կամ վարձակալության են տրվել քաղաքացիներին՝
շինարարություն իրականացնելու նպատակով, իսկ այսօր ներկա քաղաքապետ Ե.
Զախարյանն, ի հակասություն Ռ. Նազարյանի ամրագրած որոշումների, պահանջում
է կառույցներն ապամոնտաժել: Նմանատիպ թյուրիմացության զոհերից մեկը Ռոբերտ
Գալուստյանն է, որը Լենինգրադյան-Շիրազ փողոցների հատման կետում
իրականացրել է բենզալիցքավորման կայանի շինարարություն: 2002թ. Երեւանի
քաղաքապետարանում տեղի է ունեցել հողհատկացման մրցույթ Աջափնյակ համայնքի
Լենինգրադյան-Շիրազ փողոցների անկյունում բենզալցակայան կառուցելու
նպատակով: Մրցույթում հաղթող է ճանաչվել գործարար Ռոբերտ Գալուստյանը,
ապա, 5 ամիս անց, Ճարտարապետական վերահսկողության վարչության կողմից հողի
մակերեսն ավելացնելու առաջարկ է եղել, որպեսզի կառուցվող բենզալցակայանը
նորմատիվներին համապատասխանի: Ի լրումն նշյալ որոշման, նախկին քաղաքապետ
Ռոբերտ Նազարյանի կողմից կրկին որոշում է կայացվել սկզբնական 300 քմ-ին
հավելել եւս 1700 քմ ամբողջական տարածքը (ընդհանուր՝ 2000 քմ, որից
1000քմ-ն նախատեսված է բենզալցակայանի համար, իսկ մյուս 1000քմ-ն՝ Ռ.
Գալուստյանի կողմից կանաչապատման նպատակով): Բենզալցակայանի սեփականատերը
մեզ ներկայացրեց բոլոր փաստաթղթերը: Քաղաքապետարանի հողահատկացման
որոշումից զատ առկա է «Արտագերատեսչական փորձաքննություն» պետական ՓԲԸ
եզրակացությունն առ այն, որ երաշխավորվում է ներկայացված նախագծային
փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվային
փաստաթղթերի պարտադիր պահանջներին (սա ամրագրել են փորձագետ, վաստակավոր
ճարտարապետ Ա. Ադալյանը եւ տեխնիկական գիտությունների թեկնածու Գ.
Վարդանյանը): Բացի դա, ՀՀ Բնապահպանության նախարարությունը «Շրջակա
միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության
հավաստագիր տվող եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական
եզրակացությունը հաստատող հանձնաժողովի» որոշմամբ քաղաքացի Ռ.
Գալուստյանի՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան եւ Շիրազի փողոցների հատման
մասում բենզալիցքավորման կայանի կառուցման աշխատանքային նախագծի
վերաբերյալ տվել է իր դրական եզրակացությունը: Ներկայացված է նաեւ
Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանի ստորագրությամբ
շինարարության թույլտվության փաստաթուղթը: Այս բոլոր դրական
եզրակացություններով հանդերձ` բավական երկար ժամանակ Ռ. Գալուստյանը չի
կարողանում ավարտել բենզալցակայանի շինարարությունն այն պարզ պատճառով, որ
քաղաքապետ Ե. Զախարյանի քմահաճույքով պարբերաբար հայտնվում են մարդիկ,
որոնք սպառնում են ապամոնտաժել հսկայական աշխատանք կատարած բենզակայանը՝
համարելով այն անօրինական: Ծանոթանալով փաստաթղթերին՝ անհասկանալի է
քաղաքապետի տրամաբանությունն ու նրա օրինական եւ ապօրինի չափորոշիչները,
քանի որ Ռ. Գալուստյանը հողատարածքը շահել, վարձակալել է մի մրցույթում,
որը կատարվել է նույն Երեւան քաղաքի նախկին քաղաքապետ Ռ. Նազարյանի
կողմից: Հարկ է նկատել, որ Ե. Զախարյանը նախկին քաղաքապետի որոշումները
կամ համարում է տգետ, կամ էլ վաճառված տարածքները փորձում է ապօրինի
պիտակներով ապամոնտաժել եւ վերավաճառել իրեն հարմար բյուջեով ու իրեն
նախապատվելի մարդկանց: Եթե անգամ Ե. Զախարյանը գտնում է, որ նախկին
քաղաքապետի հողահատկացումների մասին որոշումները սխալ են, ապա ըստ օրենքի՝
պետությունը պարտավոր է փոխհատուցել անհատին պատճառած վնասի համար,
այլապես ստացվում է, որ ներկայիս քաղաքապետը սուբյեկտիվ պատճառներով չի
ընդունում նախկին քաղաքապետի գործունեությունն, իսկ արդյունքում տուժում է
սովորական քաղաքացին: Վաղն էլ հաջորդ քաղաքապետը կգա ու ապօրինի կճանաչի
Երվանդ Զախարյանի որոշումները… Մեջբերենք նաեւ, որ Ռ. Գալուստյանը հայց
է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանում՝ Ե. Զախարյանի՝ բենզալցակայանի կիսակառույցը քանդելու որոշման
դեմ: Դատարանն անընդհատ հետաձգում է դատական նիստը, ամենայն
հավանականությամբ՝ հարցի լուծման համար ելք որոնելու նպատակով: Ի՞նչ
իմանաս՝ վերեւներից ում օգտին հրահանգ կիջեցվի: Այն դեպքում, երբ առկա
փաստաթղթերը պաշտպանում են բենզալիցքավորման կայանի սեփականատեր Ռ.
Գալուստյանի իրավունքները: Առաջիկա համարներում կներկայացնենք մեր ունեցած
այն փաստերը, որոնք վկայում են քաղաքապետ Ե. Զախարյանի անօրինական
գործողությունների մասին: