1. Կասկածից դուրս է, որ այսօրվա յուրաքանչյուր հայի մեջ շատ մեծ սեր կա մոր նկատմամբ: Այդ սերը ոմանց մոտ վերաճել է պաշտամունքի, մյուսների մոտ` ընտանեկան կամ սոցիալ-կենցաղային հարաբերություններում մի տեսակ ամուր օրենքի… Սակայն ընդհանուր առմամբ հայերի մի քանի սերունդների մեջ այն ավանդույթ է դարձել:
2. Այդ սիրո գագաթնակետն արվեստում մենք տեսնում ենք Հովհաննես Շիրազի ստեղծագործության մեջ, որն այդ թեմային նվիրել է գրեթե մի ողջ կյանք` գրելով մի ամբողջ գիրք: Ես խոսում եմ բանաստեղծ Հովհաննես Շիրազի մասին, որն այս իմաստով վեր է խոյանում բոլորից այսբերգի գագաթի նման, սակայն հարկ է հիշել, որ մոր թեման մտել է շատ նկարիչների, քանդակագործների, երգիչների եւ երգահանների ստեղծագործությունների մեջ, օրինակ` նկարիչներ Մինաս Ավետիսյանի կամ Աշոտ Հովսեփյանի, բանաստեղծ Պարույր Սեւակի։ Նույնիսկ հեռավոր Ամերիկայում դրանով վարակված էին գրող Վիլյամ Սարոյանը, նկարիչ Արշիլ Գորկին կամ երգահան Ալան Հովհաննեսը. նրանք բոլորն էլ ստեղծում են իրենց արվեստում կարեւոր տեղ ունեցող գործեր մոր մասին: Դրանից չեն խուսափում նաեւ Շառլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Անրի Վերնոյը Ֆրանսիայում…
3. Կյանքի այս աշխարհընկալումը եղել է եւ մնում է ազգային ինքնագիտակցության ամենաորոշիչ կողմը, թեեւ մեծ հավանականություն կա, որ այն կարող է ջարդուփշուր լինել «նոր հայերի» սերունդով:
4. Ո՞րն է իմաստը, որ հայերն այդպես խոնարհվում են հայուհի-մոր կերպարի առջեւ ժամանակակից էմանսիպացված եւ արագ փոփոխվող աշխարհում, որը յուրօրինակ ձեւով փոխարինում է Աստվածամորը: Որո՞նք են այդպիսի կերպարի ստեղծման աղբյուրներն ու պատճառները: Բնականաբար, միշտ չէ, որ այդպես է եղել, թեեւ ցանկացած հայի թվում է, թե դա եղել է հավերժ:
5. Իրոք, մոր թեման` որպես ազգային խորհրդանիշ, որպես ազգի եւ հասարակության կյանքում կարեւորագույն կերպար, որպես մարդկային ամենակարեւոր հարաբերությունների խաչմերուկ, որպես արդարության եւ բարու, մաքրության եւ աշխատասիրության խորհրդանիշ` մենք տեսնում ենք 20-րդ դարի 40-ական թթ. կեսերի երգահանների, բանաստեղծների, նկարիչների գործերում: Այս մտածելակերպը գոյություն չունի անգամ 20-րդ դարի այնպիսի բանաստեղծների գործերում, ինչպես Տերյանը կամ Չարենցը, էլ չենք խոսում արեւմտահայ բանաստեղծների ու երգահանների մասին: Եվ ո՞րն է պատճառը: Եվ ե՞րբ է այն հայտնվում նախ` բանաստեղծների, ապա եւ` հասարակության ուշադրության կենտրոնում: Դրան օգնել է թերեւս Արեւելքի աշուղների ավանդույթը… Բայց այս ամենի մասին հերթով:
6. Սկզբում մոր թեման հայ հասարակության (ինչպես Հայաստանում, այնպես էլ գաղութներում) ուշադրությունը գրավում է 20-40-ական թթ., երբ հայուհի-մայրը փրկեց ազգի կյանքը, նրա արժանապատվությունը: Զարմանալի է, բայց փաստ, որ ցեղասպանությունից հետո` 1920-1930-ական թթ., հայուհի-մայրը երեխաներ էր ծնում իր հնարավորությունների սահմաններից դուրս` լրացնելով ազգի մարմինը, ապագան կերտելով, որը պետք է լիներ լուսավոր եւ անամպ: Հայուհի-մայրն իր արիությամբ, որպես ազգի դաստիարակ իր բարձր նշանակությամբ` խաղաղություն եւ կարգուկանոն էր հաստատում, երբ փրկում էր Արեւմտյան Հայաստանի սրբությունները: Հիշենք հազարավոր այն հայուհիներին, որոնց ջանքերով փրկվեցին ձեռագիր մատյաններ եւ մասունքներ, երբեմն նույնիսկ սեփական մանուկների կյանքի հաշվին: Հիշենք Խորհրդային Հայաստանի եւ Սփյուռքի մայրերին, որոնց բարությունն ու արդարամտությունն աշխարհի հետ զարմանալի ներդաշնակություն պահպանեցին, որպեսզի ազգը չչարանա եւ ինքն իր ներսում չներպարփակվի: Այսպես սկսեց հայերի ուղեղներում ծնվել համաշխարհային մակարդակի հիմնարար գիտությունն ու տեխնիկան, այսպես սկսեց վերածնվել մշակույթը… Սակայն տեղի ունեցավ անդառնալին. Երկրորդ համաշխարհային պատերազմը բախեց տասնյակ երկրների դռները, որտեղ ապրում էին գաղթական հայեր, բախեց նաեւ ԽՍՀՄ-ի դուռը, որտեղ ապրում էր հայ ժողովրդի մի մեծ հատված: Կրկին հայուհու ուսերին ծանրացավ մոր եւ ամենայն լավի ու բարու պահապանի դժվարագույն պարտականությունը: Աղքատությունը կարող է ստորացուցիչ չլինել (30-ականներին հազարավոր ընտանիքներ տուժեցին ստալինյան բռնություններից եւ կոլեկտիվացումից), քանզի այն մարդուն եւ սերնդին հնարավորություն է տալիս հասկանալու մի կտոր հացի, մի կում ջրի եւ փոքրիկ ուրախությունների արժեքը, որոնք մարդկային էությունը կերտում են ներսից եւ ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում:
7. Հենց այդ պատերազմից սկսվեցին մոր մասին առաջին երգերը, նրա կերպարը կենտրոնական դարձավ նաեւ այն ժամանակվա աշուղների գործերում: Մոր թեման հզորացավ եւ Հաղթանակի խորհրդանիշով, ու հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ աշխարհի տարբեր երկրներից հայտնվեցին ներգաղթածներ (1946-1947թթ.), որոնք, որպես կանոն, սփյուռքի առավել գիտակից մասն էին կազմում, որոնք իրենց տեղը չէին գտել այնտեղ եւ ապրում էին Հայրենիքի հանդեպ անսահման սիրով: Այս իրադարձություններին ավելացան այլ իրադարձություններ, ավելի դառը. 1949թ. հազարավոր հայեր աքսորվեցին Սիբիր եւ Ալթայի երկրամաս:
8. Թեման ընդլայնվում էր եւ հայ հասարակության մեջ առավել մեծ հնչեղություն ստանում: Չնայած բոլոր դժվարություններին` հզորանում էր եւ ծաղկում ապրում: Եվ իհարկե, այդ կյանքը պետք է ունենար պահապանի, բարության, աշխատասիրության հենց այդպիսի խորհրդանիշ` ազգային ինքնագիտակցության ներսում իբրեւ փարոս եւ իբրեւ անարդարության դեմ վերին դատաստան: Հայուհի-մայրը` թախծոտ աչքերով, հոգնած ձեռքերով, բայց չկոտրված, հպարտ, ժամանակից շուտ ծերացած, սակայն ուժեղ եւ կարեկից, սավառնում է բոլոր դժվարությունների վերեւում եւ ամեն մի տուն հաղթականորեն բերում հայ կյանքը…
9. Եվ սա տեսավ ու զգաց, ապա եւ իր ստեղծագործությունների մեջ իրականացրեց նախ եւ առաջ Հովհ. Շիրազը: Սակայն նրան ձայնակցում էին այդ տեսակետից ուժեղ երկու բանաստեղծուհիներ` Սիլվա Կապուտիկյանը եւ Մարո Մարգարյանը` որպես այդ հատկանիշների կրողը հասարակության ներսում` իրենց գործերում բացահայտելով այդ բանաստեղծական կերպարի հասարակական հնչողությունը: Կարելի է ասել, որ նրանց պոեզիան իրենց հասարակական կյանքի խրոնիկան է. մոր կերպարի իրենց հրապարակախոսական ընկալումը: Թեեւ նրանք ազգի կյանքում չստացան այնպիսի հասարակական հնչողություն, այնպիսի սրություն, որին հասավ Հովհաննես Շիրազը` «մերժված բանաստեղծի» իր կերպարով: Այս դիտանկյունից Հ.Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի ամուսնությունը կարելի է խորհրդանշական համարել, ուսուցողական եւ ճակատագրական, քանզի ամուսնալուծված ընտանիքը նույնպես հասարակության, լայն առումով` նաեւ աշխարհասփյուռ ժողովրդի մեջ դարձավ բանաստեղծության թեմա կամ փոխաբերություն: Կապուտիկյանը հաճախ էր մեկնում սփյուռք (չտեսնված առավելություն տոտալիտար ԽՍՀՄ-ում, որ նրանց կյանքում եւ ողբերգական, եւ պարադոքսալ սյուժե էր), ուր չէին թողնում Շիրազին: Եվ Կապուտիկյանն իր ներքին լավատեսությամբ, իր արիությամբ, կանացի ողջ էությամբ եւ, իհարկե, բանաստեղծական-հրապարակախոսական գործունեությամբ զարգացրեց եւ ամրապնդեց մոր թեման:
10. Իհարկե, այդ կերպարը, այդ փոխաբերությունը, խորհրդանիշը եւ պաշտամունքն իր մեջ կրում է ցեղասպանության համախտանիշը եւ նրբաճաշակ պոեզիայի բարձր օրինակներ չի տվել, սակայն հարկ է հիշել, որ հենց այդ խորհրդանիշն է մեր սրտերում պահպանել Հայրենիքի, Պարտքի զգացումի, Բարու ուժի եւ Մարդու վերին նշանակության զգացումները: Հենց այդ խորհրդանիշն է մեր մեջ պահպանել մարդուն, մարդկային ջերմությունը, գեղեցիկի նկատմամբ սերը եւ Սերը` որպես ապագայի թանկարժեք կրակ: Այսպես մարդու հոգու խորքերում ապրում է Հույսը մարդկային երջանկության նկատմամբ, ինչին ամբողջ ուժով տենչում է Հայերի այս Երկիրը եւ Հայտնությունների այս Երկինքը…