Հրաժարական չի տա

30/08/2006

«Ես աշխատում եմ ԵԱՀԿ-ի մանդատի հիման վրա, որը համաձայնեցվել է կողմերի հետ: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ես հրաժարական կտամ միայն այն դեպքում, եթե կողմերը չընդունեն իմ թեկնածությունը, իսկ կողմերից որեւէ մեկը նման բան չի ասել»,- մեկնաբանելով ադրբեջանական մամուլում իր դեմ ուղղված հրապարակումները՝ «Turan»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նա ասել է, թե չի հասկանում իր շուրջ հասունացող աղմուկի պատճառը եւ պատկերացում չունի անգամ, թե ով կարող է կանգնած լինել այդ ամենի հետեւում: Ա. Կասպրչիկը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե ինքը զբաղվում է գորգերի բիզնեսով: Նա ասել է նաեւ, թե սեպտեմբերի սկզբին նախատեսված էր իր այցը Բաքու: Պաշտոնական Բաքուն համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանագծին հրդեհների հետ կապված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ Կասպրչիկի զեկույցի հետ, որում նշված է, թե գործնականում անհնար է պարզել հրդեհների պատճառները, եւ թե ով է մեղավոր դրանց համար: Այս զեկույցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները Կասպրչիկին մեղադրել են հայամետության մեջ: