Օսկանյանը կմեկնի Գվինեա

06/05/2005

Հասարակածային Գվինեայում 6 հայ օդաչուների առողջական վիճակը կարելի է
համարել նորմալ: Այսպես ասաց դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հունվարի
11-ին է վերջին անգամ խոսել հրամանատար Աշոտ Կարապետյանի հետ: Ս.
Մանասարյանից տեղեկացանք, որ այսօր հայկական կողմը շարունակում է հայ
օդաչուներին փրկելու աշխատանքները: Թեպետ շատ հավանական է Հասարակածային
Գվինեայի Գերագույն դատարանից մերժում ստանալը, այնուամենայնիվ, հայկական
կողմը մտադիր է գործը հասցնել Միջազգային դատարան: Էքստրադիցիայի հարցը
նույնպես քննարկման փուլում է: «Հայաստանն արդեն Հասարակածային Գվինեա է
ուղարկել էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու առաջարկը,- ասում
է Ս. Մանասարյանը,- բայց դեռեւս պատասխան չենք ստացել»: Փետրվարին
ակնկալվում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցը Գվինեա: «Դա դեռեւս
հաստատ որոշված չէ, ցանկություն է,- ասաց Ս. Մանասարյանը,- եթե որոշվի, ես
նույնպես մեկնելու եմ»: Ենթադրվող այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը,
Գվինեայի իր կոլեգային հանդիպելուց բացի, հնարավոր է՝ հանդիպի նաեւ երկրի
նախագահին: Ինչ վերաբերում է ՀՀ Արտգործնախարարության եւ հայ օդաչուների
հարազատների հանդիպմանը, որն ուշանում էր, այն ի վերջո կայացավ: Հանդիպման
ընթացքում Արտգործնախարարությունը հարազատներին տեղյակ է պահել օդաչուների
ընդհանուր վիճակի մասին, ինչպես նաեւ՝ խոսվել է հետագա ծրագրերից:
Օդաչուներից մեկի եղբորից տեղեկացանք, որ հարազատներն իրենք էլ ձեռքները
ծալած չեն նստում եւ, թեպետ դեռ անպատասխան, դիմել են հոգեւոր տարբեր
կազմակերպությունների: Հեռախոսազրույցներ լինում են միայն այն ժամանակ,
երբ օդաչուներին թույլ են տալիս զանգել հարազատներին: