Այվազյանը եկել է գործի

30/08/2006

«Ոսկու մելկի գողերն են, ովքեր ամերիկյան դեմոկրատիայից են հորջորջում ու այդ դեմոկրատիայի անվան տակ Հայաստանի օրենսդրական բացից օգտվելով առնում են երկրի հարստություններն ու վերավաճառում են` մեջը միլիոններ աշխատելով: Երբ փորձում ես դեմն առնել ու կանոնակարգել իրենց գործունեությունը, անմիջապես հարձակվում են վրադ ու սկսում են ինֆորմացիաներ տարածել, թե ես տանն ի՞նչ եմ ուտում, պահակին կամ շենքի հավաքարարին ինչքա՞ն փող եմ վճարում, կամ` որ սրճարանում եմ նստում` մատուցողուհուն թեյավճար տալի՞ս եմ, թե՞ չէ»,- ի պատասխան մամուլի հրապարակումների, թե այս արձակուրդն իր պաշտոնավարման վերջին արձակուրդն է լինելու, քանի որ այդպես է ուզում Ռոբերտ Քոչարյանն, ասաց Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը` ակնարկելով «Գլոբալ Գոլդ» ընկերությանը, որն, ըստ նրա, «հարձակում» է սկսել իր դեմ: Իսկ ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակմանը, թե ՀՀ Գլխավոր դատախազությունն իր դեմ կաշառք վերցնելու մեղադրանքով նյութեր է նախապատրաստում, Վ. Այվազյանը` դարձյալ ակնարկելով «Գլոբալ Գոլդին», ասաց. «Ես եկել եմ գործի, եթե նման բան լիներ` նախագահը կկանչեր ու կասեր` քո դեմ կաշառք վերցնելու համար գործ է հարուցված, պետք է հեռանաս: Նման բան չի եղել»: