Ղազարը գնում է պատերազմ

30/08/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որ վերջերս հայտարարել էր քաղաքացիական շարժում սկսելու մասին, օրերս ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնել իրենց կուսակցության նախաձեռնած՝ «Ընդդեմ անօրինական ընտրությունների» նախաձեռնությանը միանալու գրավոր փաստաթուղթը։

Մ. Շահգելդյանի խոսքերով, իրենց կուսակցությունը միշտ կարեւորել է երկրում ազատ-արդար ընտրությունների անցկացումը եւ հիմա իրենց ներկայացրած առաջարկությունը ոչ միայն ուղղված է քաղաքական կուսակցություններին, այլ նաեւ հասարակությանը: «Չորս հիմնական ուղղություն ենք նախատեսել: Առաջին եւ կարեւորագույն խնդիրը ԸՕ-ի բարեփոխումներն են, որ թույլ կտան իրավական բազան ամրապնդել: Երկրորդ` կարեւորում ենք հանձնաժողովների անդամների վերապատրաստման ընթացքում հավասար պայմանների ապահովում բոլոր կուսակցությունների համար: Հաջորդ խնդիրը` հասարակական վերահսկողությունն է, որը խիստ կարեւոր է: Պետք է դիտորդների եւ վստահված անձանց իրավունքներն ընդլայնվեն: Եվ վերջում` շատ կարեւոր է մամուլի ու մյուս ԶԼՄ-ների պաշտպանվածությունը, դեռ կոալիցիայում եղած ժամանակ ՕԵԿ-ը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ»,- իրենց առաջարկները ներկայացրեց Մ. Շահգելդյանը:

Այս առաջարկների ձեւակերպումը հիշեցնում է գրանտով շահած միջազգային ծրագրեր, մնում է միայն այդ հանրահայտ մտքերի բուկլետը տպագրել եւ անվճար տարածել, «պտիչկա» դնել, թե տեսեք՝ գործ ենք անում:

Նկատենք, որ ընդդիմադիր դաշտում հայտնվելուց հետո ՕԵԿ-ն ամեն կերպ փորձում է նախաձեռնողի դերում հանդես գալ: Մանավանդ, որ այս օրերին ընդդիմությունը մատնված է բացարձակ անգործության: Եվ հիմա, «Ընդդեմ անօրինական ընտրությունների» վերնագրով, սակայն բարի ցանկություններ հիշեցնող փաստաթուղթը ներկայացնելով, ՕԵԿ-ը փորձում է լիդերի դերում հանդես գալ: Սակայն ՕԵԿ-ի այս նախաձեռնությունը խորհրդարանում ի սկզբանե միանշանակ չի ընկալվել: Մասնավորապես, ընդդիմադիր որոշ կուսակցություններ զարմացել են, թե ինչո՞ւ կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո նոր է ՕԵԿ-ը հիշել ազատ եւ թափանցիկ ընտրությունների կարեւորության մասին: Եվ հիշեցնում են, որ 2003թ. համապետական ընտրությունների արդյունքների կեղծմանը կոալիցիայի երբեմնի անդամները եւս մասնակից են եղել: Իսկ 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ շտաբի ղեկավարը Մ. Շահգելդյանն էր: Ուստի, ՕԵԿ-ի նախաձեռնությանը միանալուց առաջ նրանք պայման են դնում, որ Քոչարյանի երբեմնի հենարաններից մեկը հանդիսացած քաղաքական ուժը նախ եւ առաջ պետք է «ապաշխարի»: Բացի այդ, ՕԵԿ-ի` ընդդիմադիր դաշտը համախմբելու փորձերին եւս շատերը հեգնանքով են վերաբերվում` Ա. Բաղդասարյանին խորհուրդ տալով նախ եւ առաջ համախմբել իր ֆրակցիան, որպեսզի այնտեղից մարդիկ չփախչեն:

«ՕԵԿ-ն իր գոյության ընթացքում մշտապես հրապարակային քննադատել է ընտրակեղծիքները, ընդ որում, դա ֆիքսված է մամուլում: Ոմանք փորձում են այս փաստաթուղթը շահարկել: ՕԵԿ-ը երբեք ջայլամի քաղաքականություն չի վարել. բացասական երեւույթները քննադատել ենք, առաջարկել ենք հարցի լուծման մեխանիզմներ: ՕԵԿ-ը միշտ ասել է ճշմարտությունը: Իհարկե, հետեւողականորեն եւ հստակ հետայսու նույնպես քննադատելու ենք բոլոր բացասական երեւույթները անխտիր, ում կողմից էլ դրանք կատարված լինեն»,- ասում է Մ. Շահգելդյանը:

Ի դեպ, ՕԵԿ-ի այս նախաձեռնությունն ամենեւին էլ նոր գաղափար չէ: 2003թ. ընտրություններից առաջ մոտավորապես այսպիսի առաջարկով հանդես եկավ ՀՅԴ-ն: Իսկ ամիսներ առաջ էլ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը հայտարարեց «Հանուն ազատ եւ արդար ընտրությունների» համալիր ծրագրի մասին, որը նա ներկայացրել էր քաղաքական ուժերին: «Անկախ թե ինչ են գրավոր առաջարկել, մենք դեռ երկու ամիս առաջ ենք այդ մասին ասել: Բայց, ընդհանուր առմամբ, ես ողջունում եմ պայքարի գաղափարը, պետք է հիմիկվանից պատրաստվենք պայքարելու: Խնդիրն առաջին հերթին պետք է լինի թեւերը քշտած պայքարելը: Եթե ՕԵԿ-ում ձեւեր չեն թափում, այլ իրոք հանուն ազատ-արդար ընտրությունների են պայքարելու, ապա պետք է դա ողջունել»,- ասաց պարոն Սադոյանը:

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դաշնակցությունում ամենեւին էլ չեն խանդում ՕԵԿ-ի նախաձեռնությանը: «Խանդելու խնդիր չկա, կարեւորը նպատակն է: Եվ այստեղ կարեւոր չէ, թե ով է նախաձեռնում: Կարեւորն արդյունքն է: Ամեն ինչ պիտի անենք, որ արդար ընտրությունները հնարավոր դառնան: Կարեւոր է, որ ԸՕ-ն այնպես մշակվի, որ սողանցքներ չլինեն: Հետո կարեւոր է քաղաքական կամքը: Եվ ամեն ինչ պիտի անենք, որ այդ քաղաքական կամքը լինի»,- վստահեցրեց նա` ավելացնելով, որ «ՀՅԴ-ն ժամանակին նման նախաձեռնություն դրսեւորել էր եւ մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ նման քայլերի գնալ: Եթե ուրիշներն էլ նման նախաձեռնություն ունեն, ապա դա ողջունելի է»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ էր ՕԵԿ-ի այս առաջարկի մասին տեղեկացել մամուլից: Ու թեեւ նրա համար ընդունելի է այդ նախաձեռնությունը, սակայն պրն Սահակյանը կարծում է, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր կուսակցության օրակարգի առաջնահերթ խնդիրը: «Ես կարծում եմ, որ բոլոր կուսակցությունների համար էլ որպես գաղափար ընդունելի է եւ անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Վերջին հաշվով դա հերթական հայտարարություն չպիտի մնա»,- ասում է պրն Սահակյանը:

Իսկ իր համար տարօրինակ չէ, որ ազատ ու արդար ընտրությունների մասին ՕԵԿ-ն ընդդիմադիր դառնալուց հետո է խոսում: «Տարօրինակ շատ բաներ կան, բայց այս դեպքում կարեւոր չէ, թե գաղափարն ով է ներդնում քաղաքական դաշտ, կարեւորը` գաղափարն է: Եվ չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի ազատ ընտրություններին»,- վստահեցրեց պարոն Սահակյանը: