Մինչ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն արձակուրդում էր, այդ ընթացքում մամուլում իրար հետեւից տարբեր լուրեր տարածվեցին, թե Ռոբերտ Քոչարյանն Անդրանիկ Մարգարյանին զգուշացրել է, որ Վ. Այվազյանի հանգիստը վերջանալուն պես նրան պետք է հեռացնել աշխատանքից: Լուրեր էլ եղան, թե ՀՀ Գլխավոր դատախազությունը նյութեր է նախապատրաստում Վ. Այվազյանի դեմ, քանի որ վերջինիս դեմ կաշառք վերցնելու մասին հայց կա:
Երեկ Վ. Այվազյանն արդեն աշխատանքի էր ու հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին: Բայց, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Վ. Այվազյանը, Ռ. Քոչարյանի մոտ, բացի Սեւանին առնչվող խնդիրներից, այլ հարց չի քննարկվել, այդ թվում` նաեւ իր հնարավոր պաշտոնանկության մասին: «Քննարկվել են Սեւանի կառուցապատման հետ կապված հարցեր, Սեւանի նոր զարգացման ծրագիր է ներկայացրել նախագահը: Սեւանում ապօրինի շինարարության հետ կապված նախագահը հրավիրել էր Անդրանիկ Մարգարյանին, մարզպետին, Հովիկ Աբրահամյանին, Արամ Հարությունյանին, ինձ…»,- ասաց Վարդան Այվազյանը:
Նման «ստահոդ» լուրեր տարածողն, ըստ Վարդան Այվազյանի, «Գլոբալ Գոլդ» ոսկու հանքարդյունաբերական ընկերությունն է: «Գլոբալ Գոլդ»-Վարդան Այվազյան չստացված համագործակցության մասին բազմաթիվ հրապարակումներ եղել են, եւ Վ. Այվազյանը վստահ է, որ իր դեմ սկսված այս «վայնասուններով հարձակումները» հետեւանք են այն բանի, որ ինքը նախ չեղյալ է համարել «Գլոբալ Գոլդի» կողմից օգտագործման վերցված Հանքավանի եւ Մարջանի ոսկու հանքերը: Մինչ Վ. Այվազյանի պարզաբանումներին անցնելը, թե ինչո՞ւ է չեղյալ համարել «Գլոբալ Գոլդի» գործունեությունը, նշենք, որ «Գլոբալ Գոլդը», որը որպես ընդերք շահագործող ընկերություն` Բնապահպանության նախարարությունում գրանցված չէ, Հայաստանում, բացի Հանքավանից ու Մարջանից, որն այլեւս իրենը չէ, ունի եւս երկու ոսկու հանք` Թուխմանուկը եւ «Աթիլլան»:
Թուխմանուկը նախկինում պատկանել է «ՄԵԳԱ գոլդ» ընկերությանը, որի սեփականատերերից են եղել նախկին գումարման ԱԺ պատգամավոր Գեւորգ Դավթյանն ու այս գումարման ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Սակայն «Գլոբալ Գոլդը», որի գործադիր տնօրենը հայտնի սփյուռքահայ Վան Գրիգորյանն է, «ՄԵԳԱ գոլդից» այն գնել է, երբ ուսումնասիրություններն արդեն կատարված-վերջացված էին: Իսկ «Աթիլլա» ՍՊԸ-ն գնել են դեռեւս ոչ ուսումնասիրված վիճակում:
«Այո, ես չեղյալ եմ համարել Հանքավանի եւ Մարջանի գործարքը, որով նրանք ցանկանում էին այն վաճառել: Եվ չեղյալ համարելու արդյունքը սա է: ՀՀ-ում գրանցված «Գլոբալ Գոլդը» վերցրել էր երկու հանք` Հանքավանը (8 տոննա ոսկի) եւ Մարջանը(124.000 տոննա մոլիբդեն, 30 տոննա ոսկի): Այնուհետեւ վերցրել են «ՄԵԳԱ-գոլդ»-ը` Թուխմանուկի հանքը: Սրա շահագործման թույլտվությունը նախարարությունը տվել է, որովհետեւ այստեղ, ի տարբերություն Հանքավանի ու Մարջանի հանքերի, աշխատանք արված էր: Հանքավանի ու Մարջանի հանքերի գործունեությունը չեղյալ ենք համարել, որովհետեւ իրենք այն երեք տարի առաջ վերցրել ու մինչ օրս ոչինչ չէին արել: Դա է պատճառը, որ նախարարությունն այն հետ վերցրեց «Գլոբալ Գոլդից»,- ասում է Վարդան Այվազյանը,- Իրենք ուզում էին վաճառել այն, ինչը ես թույլ չտվեցի»:
Հուլիս ամսին, ինչպես հայտնի է, Գործարարության զարգացման խորհրդում քննարկվել է «Գլոբալ Գոլդի» եւ Բնապահպանության նախարարության միջեւ առկա այս խնդիրների մասին: Հիշեցնենք, որ քննարկմանը ներկա է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Հենց այդ ժամանակ Վան Գրիգորյանը ներկայացրել է իր բողոքները Վարդան Այվազյանից` ասելով, որ նախարար Այվազյանը Հանքավանի եւ Մարջանի հանքերում իրենց գործունեությունը չեղյալ է համարել: «Ես այդ ժամանակ ասացի, որ իրենք չեն կատարել իրենց աշխատանքները. խոստացել էին 100 տոկոսանոց աշխատանք, բայց երեք տարվա ընթացքում արել էին ընդամենը 2 տոկոսի աշխատանք: Երեք տարվա մեջ Մարջան մարդ չի մտել ու մի բահ հող չի փորել: Եթե չի աշխատեցնում, ինչի՞ մնա իրեն, երբ դա պետությանն է: Իսկ Թուխմանուկը նորմալ վիճակում էր, ու դրա շահագործման թույլտվությունը նախարարությունը տվել է,- ասաց Վ. Այվազյանը` նկատելով,- Թուխմանուկում էլ ինքը չի արել. ուսումնասիրություններն արել են Գեւորգ Դավթյանն ու պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն ու վաճառել են «Գլոբալ Գոլդին»:
Նախարարի հավաստմամբ, «Գլոբալ Գոլդը», որն այժմ իր ղեկավարած նախարարության հետ մեկ այլ խնդիր ունի իր մյուս` «Աթիլլա» հանքի հետ, իր դեմ ակցիա է սկսել ու տարբեր տեղերում, օրինակ, ռուսական «Տրուդ» թերթում եւս, իր դեմ նյութեր է պատվիրում: Պարզվում է` «Աթիլլայի» շուրջ ծավալված խնդիրը նույնպես լուրջ է. ըստ Վ. Այվազյանի, «Գլոբալ Գոլդը» հիմա «Աթիլլայում» ռադիոակտիվ նյութեր է ուսումնասիրում, այն դեպքում, երբ դրա իրավունքը չունի: «Ինչի՞ է ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրություններ անում, երբ մենք նման թույլտվություն չենք տվել,- հարցնում է Վ. Այվազյանը։ -Իրենց ներկայացրած նախագծով իրենք ոսկու ուսումնասիրություն պիտի կատարեն միայն, բայց ինքն ասում է` ուրան եմ գտել, ու իր ինտերնետային կայքում հանել է վաճառքի: Եթե ինքը վաղը հանկարծ ուրանի մետաղ վաճառեց, կասի` Հայաստանից եմ գտել: Մենք էլ իրենց երեք ամիս ժամանակ ենք տվել, որպեսզի մեզ պատասխան տան, թե ինչո՞ւ են առանց իրավունքի ուրանի ուսումնասիրությամբ զբաղվում»:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլ ամսին Վ. Այվազյանը նամակով դիմել է «Գլոբալ Գոլդին»` պահանջելով դադարեցնել ուրանի ուսումնասիրություններն ու համապատասխան պարզաբանումներ ներկայացնել: Արդեն լրացել է այն եռամսյա ժամկետը, որի սահմաններում «Գլոբալ Գոլդը» պետք է պատասխաներ նախարարությանը: Սակայն «Գլոբալ Գոլդը» համառորեն շարունակում է ուրանի իր ուսումնասիրությունները: Ի դեպ, վերջիններս հատուկ այս հարցով դիմել են նաեւ Ռոբերտ Քոչարյանին ու բողոքել են Վ. Այվազյանից: «Ասում են` ուրան ենք գտել, ուրան ենք ուսումնասիրում: Իսկ ես հարցնում եմ` ինչպե՞ս կարող եք դուք ուրան ուսումնասիրել, եթե այս երկրում դուք դրա իրավունքը չունեք: Ասում եմ` եթե ես ձեր երկրում ճանապարհային տրանսպորտի կանոն խախտեմ, ինձ կբռնեն-կտուգանեն, իսկ դուք առանց թույլտվության ուրան եք ուսումնասիրում»,- ասում էր Վ. Այվազյանը` վստահեցնելով, որ «Գլոբալ Գոլդը» փորձում է օգտվել Հայաստանի օրենսդրության «բացից», բայց օրենքներն այնքան էլ թերի չեն, որ չկարողանան արգելել չթույլատրված գործունեությունը: «Իրենք օգտվում են օրենքի բացից: Ամերիկյան դեմոկրատիայի անունն օգտագործելով` Հայաստանին քամում են: Ասում էին` Մարջանը սահմանի վրա է, վախենում են աշխատանքներ սկսել այնտեղ: Ասում եմ` լավ, սահմանի վրա է, հետ ենք վերցնում, որ ձեզ հետ բան չպատահի: Ասում են` չէ, տվեք, ծախենք: «Գլոբալ Գոլդը» փող չի ծախսել Մարջանում, պետական փողով ուսումնասիրված հանքավայր է, որը մենք հետ ենք վերցնում, եթե իրենք դա չեն շահագործում: Չեն ուզում, որովհետեւ արդեն վաճառելու մտադրություն ունեին: Իսկ ես չեմ թողնում վաճառեն, դրա համար էլ իմ դեմ նյութեր են պատվիրում, թե ես ինչ եմ ուտում, ինչ աղբ ենք թափում, որ սրճարան եմ գնում, մատուցողուհուն թեյավճար ինչքան եմ տալիս, կամ էլ` որ ինձ նախագահը հեռացնում է, ինձ արդեն դատել են, գնդակահարություն են տվել: Բայց ես ձեզ հետ խոսում եմ, չէ՞: Դատախազությունից ինձ ոչինչ չեն ասել: Նման լուրեր տարածողներն իրենք են»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը:
Հ. Գ. Փաստորեն, «Գլոբալ Գոլդի» իրական նպատակը Հայաստանի ոսկու հանքերը հերթով էժան գնով գնելն ու որոշ ժամանակ հետո կրկնակի, եռակի թանկ վաճառելն է: Դա է վկայում հենց միայն Մարջանի հանքի օրինակը, որտեղ որեւէ աշխատանք չկատարելով` նրանք ցանկանում էին Հայաստանին «քցել» ու թանկ վերավաճառել: Երեկ Վ. Այվազյանը պատրաստվում էր «Աթիլլայում» ստուգումներ անցկացնելու մասին հրաման ստորագրել: Հավանաբար արդեն այսօր նախարարության Ընդերքի վերահսկողական ծառայությունը կսկսի ստուգումները` պարզելու համար, թե այս տարիների ընթացքում ի՞նչ է արել «Աթիլլան»: «168 Ժամը» կհետեւի դեպքերի զարգացմանը: