Դժգոհություններն ու պնդումները, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամայել է ոչ մեկին չփոխանցել Հայաստանի ենթադրվող հիմնի համար իր գլխավորած հանձնաժողովի կողմից երկրորդ փուլ անցած հինգ տարբերակների խոսքերը` էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում այն օր առաջ ձեռք բերելու համար:
Եվ չնայած ՄԱԿ-ի կողմից առաջադրված նախարար Հասմիկ Պողոսյանի համառ ջանքերին, որպեսզի իր ճաշակին արժանացած «հիմնացու» խոսքերը հատկապես լրատվամիջոցների «ձեռքը չընկնեն», մեզ հաջողվեց ծանոթանալ այդ 5 տեքստերից չորսին (մեզ չհաջողվեց միայն պարզել, թե Վահագն Դավթյանի ո՞ր բանաստեղծությունն է ընտրվել Էդգար Հովհաննիսյանի երաժշտության համար): Հանձնաժողովն առանձնացրել է նաեւ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»` Տիգրան Մանսուրյանի հատուկ հիմնի համար գրված երաժշտությամբ:
Համարելով, որ Հայաստանի հիմնը միայն Հասմիկ Պողոսյանի ճաշակով չէ, որ պետք է ընտրվի եւ, որ միայն իր համար չէ, որ այն երբեւէ պետք է հնչի, մենք որոշեցինք այն ներկայացնել նաեւ մեր ընթերցողների ուշադրությանը: Իսկ մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Մշակույթի նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ որոշվել է դրանք հասարակական քննարկման չներկայացնել, քանի որ հրապարակման հետ կապված կարող է մարդու իրավունքների խնդիր առաջանալ` այնքան էլ լուրջ չէ, քանի որ խոսքը վերաբերում է հիմնին:
Ի դեպ, խոսքերի հետ կներկայացնենք նաեւ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանի կարծիքը, ով նույնպես գտնում է, որ Հայաստանի ներկայիս հիմնը պետք է անպայման փոխվի:
Այսպիսով`
1. Արամ Խաչատրյանի երաժշտությամբ հիմնի համար խոսքեր է ներկայացրել Արսեն Սողոմոնյանը, ով Մշակույթի նախարարության Երիտասարդական քաղաքականության հարցերով վարչության պետն է (ի դեպ, ներկայացված 85 հայտերից 37-ի խոսքերը գրված են եղել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ).
Ազատ, անկախ, նախնյաց պատգամ Հայաստան,
Հայոց ազգի դարեր կերտած դու ոստան,
Մագաղաթյա մեր պատմության նոր մատյան,
Դու նորօրյա Մայր Հայրենիք հայության:
Կրկներգ
Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստան,
Որդիներիդ ահեղ բազկով անսասան,
Երկաթագիր քո տառերով մեսրոպյան
Դու կերտում ես հայոց պայծառ ապագան:
Վահագն աստված քեզ հուրն անշեջ պարգեւեց,
Լուսավորչի հավատքը քեզ լույս տվեց,
Նարեկով էր Խաչիդ ճամփան տեւական,
Արարատն է դարձիդ ճամփան վերջնական:
Կրկներգ
Արքա, ռազմիկ, քերթողահայր, շինական,
Արարեցին պատմությունդ նաիրյան:
Ծիրանագույն արտերից արեւահամ
Ալիքվեց քո եռագույնը հաղթական:
Ընդունելով, որ հիմնի համար գրված տողերում նաեւ հայրենասիրական ամպագոռգոռ բառեր պետք է լինեն, այնուամենայնիվ, ըստ Սամվել Մկրտչյանի, այն պետք է ունենա նաեւ քնարական տարրեր: «Ընդունում եմ, որ հիմնի մեջ ինչ-որ տեղ` բոլորովին վատ իմաստ չդնելով այդ բառի մեջ, մի քիչ ամպագոռգոռ արտահայտություններ պետք է լինեն: Բայց ոչ այն աստիճանի, որ ամբողջը, այսինքն` բոլոր տողերը լինեն այդպիսին:
Ճիշտն ասած, ես մի քանի երկրների հիմներ կարդացել եմ, ու հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ էլ զգացել եմ ինչ-որ քնարերգություն: Բոլորի մոտ էլ հայրենասիրական ամպագոռգոռ արտահայտություններ կան, բայց ոչ ամբողջը, որն, անկեղծ ասած, ինձ համար անընդունելի է: Մի քիչ քնարական տարրեր պիտի լինեն, որովհետեւ հիմնը պետք է արտացոլի տվյալ ազգի ուղեղն ու սիրտը: Սրա մեջ սիրտ չկա, մենակ ուղեղ է: Իսկ անսիրտ ազգ, որն ունենա անսիրտ հիմն` հնարավոր չէ լինի,- ասում է Ս. Մկրտչյանը` ավելացնելով,- Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որպես հիմն, շշմելու լավն է, բայց ահավոր դժվար կլինի այդ երաժշտության համար հայերեն ճիշտ շեշտադրությամբ տողեր գրել: Եթե ինչ-որ մեկը կարողանա գրել, ես կողջունեմ: Տաղանդավոր բանաստեղծը կկարողանա միայն նման տողերով հիմն ստանալ: Միայն Չարենցը կարող էր գրել այդ երաժշտության համար: Հակառակ դեպքում կլինի նույն «պռավալը», ինչ գործող հիմնի դեպքում է, երբ երաժշտությունն ուրիշ է, բառերն ուրիշ: Հայերենում վերջին վանկն է շեշտվում, իսկ այս հիմնի դեպքում` առաջին վանկը. «Մեր հայրենիք, ա՛զատ, ա՛նկախ…»: Սա հայերեն չի, երեւի` ղարաբաղերեն է, որտեղ շեշտն առաջին վանկի վրա են դնում»:
2. Երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի, խոսքը` Լյուդվիգ Դուրյանի.
Մեր հայրենիք, բյուր դարեր կանգուն ես
Հայկյան շուքով, դյուցազնական,
Տեսել ես մահ, ավեր, սանձել ես մութ հողմեր,
Թեժ մարտերում կոփել ես կամք հաղթական:
Մեր Հայրենիք, սրբազան լույսի տաճար ես,
Հավերժ կապրի շենշող հանճարը քո,
Աստվածաշունչ մայր Երկիր,
Հավատ մեր եւ փրկիչ:
Քո Արարատ լեռան լանջին
Կծնվեն ազատ երգեր օրորի,
Չի լռի Զանգը Հաղթության կանչիդ,
Կավետի նոր Մայիսներ փառքի:
Փառք քեզ, Երկիր, անվախճան է երթդ,
Պիտի ապրենք ու կերտենք
Վերածնված Հայրենիք,
Հավաքազոր, հար ու Հզոր, Հայաստան:
Սամվել Մկրտչյանի կարծիքն այս տարբերակի վերաբերյալ, ինչպես ինքը նշեց, նույնն է, ինչ նախորդը: Միայն մեկ վերապահում կար. «Մի քիչ քնարերգություն կա, բայց շատ քիչ է հիմնի տեքստ լինելու համար»:
3. Երաժշտությունը` Երվանդ Երզնկյանի, խոսքը` Արարատ Բ.-ի
Հայոց աշխարհ մեր հպարտ,
Դրախտ երկիր, տուն հզոր,
Պաշտպան լինենք մենք քո կյանքին
Ցնծա, ցնծա այսօր:
Գնանք առաջ ու առաջ,
Պահենք ոգին վեհ ու քաջ,
Գնանք, հայեր
Գնանք, հայեր
Միշտ աննահանջ:
Մենք որդիք քո ցնծալի,
Մենք փառքի հետ անցյալի,
Կկերտենք մեր դրախտ Երկիր-Ոստան
Մեր արեւով, հոգով, Արարատով`
Նոր Հայաստան:
Դու իմ երկիր Նաիրյան,
Տիրոջ կամքով հաստատված,
Պաշտպան ունես դու քաջերիդ
Ու մի հզոր Աստված:
Դու իմ հզոր Հայրենիք,
Օրրան դու ողջ հայության,
Քայլիր ազատ
Քայլիր հպարտ
Իմ Հայաստան:
«Միանգամից հիշեցի ֆուտբոլային թիմերին, որոնք բոլորն էլ իրենց հիմնն ունեն: Տիպիկ ֆուտբոլային թիմի ինչ-որ մի հիմնի է նման` առաջ, առաջ… Նույնն է ինչ` ալե, ալե, ալե… Սա չի կարող հիմն լինել»,- ասում է Ս. Մկրտչյանը:
Չորրորդ տարբերակը, ինչպես արդեն նշեցինք, Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերով Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունն է: Ս. Մկրտչյանն իր ձայնը տվեց հենց այս տարբերակին` վստահեցնելով, որ հենց դա կարող է որպես հիմն ընկալելի լինել. «Միանգամից ասեմ, որ առիթ չեմ ունեցել լսելու Մանսուրյանի երաժշտությունը, բայց` ճանաչելով Տ. Մանսուրյանին, որպես կոմպոզիտոր, չեմ կասկածում, որ ինքը շատ լավ երաժշտություն գրած կլինի: Չարենցի տեքստը տեղավորվում է իմ ասածի մեջ. եւ՛ պաթոսը կա, եւ՛ քնարականությունը: Ես անվերապահորեն իմ ձայնը տալիս եմ Մանսուրյանին ու Չարենցին»,- հայտարարեց Ս. Մկրտչյանը:
Հնչող տեսակետներին, թե հիմնի դեպքում կարեւորը երաժշտությունն է, որը պետք է նախեւառաջ ընդունելի ու ընկալելի լինի միջազգային հանրության համար, ուր պաշտոնական, արարողակարգային եւ այլ կարեւոր հանդիպումների ու միջոցառումների ժամանակ հենց հիմնի երաժշտությունն է լսվում, ոչ թե խոսքերը, Ս. Մկրտչյանն ասաց. «Հո մենք միայն դրսի մարդկանց մասին չե՞նք մտածելու: Մեր հիմնն է, չէ՞: Մենք պետք է հպարտ լինենք դրանով: Եթե մեր ֆուտբոլիստները դուրս են գալիս միջազգային ասպարեզ, ձեռքները դնում են սրտի վրա ու չեն կարողանում նորմալ մեր հիմնը երգել, որովհետեւ շեշտերը, բառերն ու երաժշտությունը խախտված են, նորմա՞լ է: Առաջին հերթին մեր հիմնը պետք է մեզ ուժ տա, ոչ թե դրսի ականջին հաճո լինի: Նորմալ հիմնը` հիմնի բոլոր օրենքներին ենթարկվող եւ նորմալ հայերեն շեշտադրությամբ, նախ եւ առաջ մեզ է պետք»:
Հ.Գ. Հիմնի հնարավոր տարբերակներին ծանոթանալուց հետո հասկացանք, թե ինչու էր Հասմիկ Պողոսյանը խուսափում այն հանրությանը ներկայացնել: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպես պետք է, ասենք, սրանցից որեւէ մեկը լսելիս որպես պետության խորհրդանիշը` ոտքի կանգնել: Էլ չեմ ասում` անգիր սովորել ու միաժամանակ մտքում երգել: Ավելի լավ է չպատկերացնենք ու մտածենք, որ Եղիշե Չարենցի ու Տիգրան Մանսուրյանի երկրպագուները հանձնաժողովում գերակշռող կլինեն: