Ղարաբաղի հաջորդ նախագահի թեկնածուների շուրջ խոսակցություններն արդեն սկսում են հրատապություն ձեռք բերել: Հասարակության որոշ շրջանակներում տարբեր անուններ են արդեն շրջանառվում եւ հետզհետե ինչ-որ նոր անուններ են ի հայտ գալիս, սակայն թեկնածության առաջադրման ոչ մի պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի եղել:
Բանն այն է, որ 2007թ. լրանում է գործող նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: «Նախագահի մասին» օրենքի համաձայն, քաղաքացին երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող լինել նախագահական պաշտոնում:
Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը որոշել է այս թեմայով հարցում անցկացնել հանրապետության բնակիչների շրջանում: Հարցաթերթիկում նշվել է 14 քաղաքական եւ հասարակական գործիչների անուններ, որոնք կարող են նախագահի թեկնածուներ դառնալ: Հարցվողները պետք է ընտրեն նշված թեկնածուներից մեկին:
«Բաց հասարակություն» հարցմանը մասնակցել են 150 հոգի, որոնցից 31-ն ընտրել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Նրան հաջորդում է «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը՝ 24 ձայնով, այնուհետեւ` ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 15 ձայնով: Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին եւ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին են ընտրել 11-ական հոգի: Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր («ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խումբ) Վիտալի Բալասանյանը հավաքել են 7-ական ձայն, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր («ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խումբ) Գեղամ Բաղդասարյանը՝ 5-ական ձայն, ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը՝ 4, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը՝ 2, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանը, «Բարոյական վերածնունդ» կուսակցության ղեկավար Մուրադ Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը՝ 1-ական ձայն:
«Այլ թեկնածուների» տարբերակում 3 հոգի նշել են Արկադի Ղուկասյանին, 1-ը՝ Սամվել Բաբայանին: 11 հոգի դժվարացել են պատասխանել հարցին, 9-ը գտնում են, որ իրենց հայտնի քաղաքական գործիչներից ոչ ոք չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, իսկ 1 հոգի ասաց, որ ցուցակում ներկայացվածներից բոլորն էլ կարող են աշխատել այդ պաշտոնում, քանի որ մեծ պատասխանատվություն այնտեղ չկա: