Շարունակելու են գործունեությունը

30/08/2006

Նախորդ շաբաթ հրավիրած ասուլիսի ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ իր որոշմամբ կասեցվել է «Ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանն ԱԺ-ի կողմից հատկացվելիք 10 միլիոն դրամի փոխանցումը: Տ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս կազմակերպությունը ստեղծվել է 2005-ին եւ նախորդ տարի ԱԺ կողմից ստացել է 20 մլն դրամ: Այս տարի եւս նախատեսված է եղել այդ հ/կ-ին հատկացնել 20 մլն դրամ, որի առաջին կեսը փոխանցվել է, իսկ երկրորդ կեսի փոխանցումը կասեցրել է ԱԺ ներկայիս նախագահը, քանի որ «ԱԺ-ն դոնոր կազմակերպություն չէ»: Սակայն ԱԺ ֆինանսական աջակցությունից զրկված հասարակական կազմակերպությունը, ըստ դրա նախագահի, շարունակելու է իր գործունեությունը: «Ազգային ժողովից ֆինանսավորում արդեն չունենալով էլ՝ կենտրոնը միջոցներ կգտնի շարունակելու իր գործունեությունը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ հայտարարել է վերոնշյալ հ/կ-ի նախագահ Հենրիկ Բակունցը: Իսկ հարցին, թե հիշո՞ւմ է արդյոք որեւէ նախադեպ, որ Հայաստանի խորհրդարանը ֆինանսավորած լինի որեւէ այլ հասարակական կազմակերպության, Հ. Բակունցը պատասխանել է. «Չգիտեմ: Գուցեեւ կա, բայց ես չգիտեմ դրա մասին: Բայց ես գիտեմ, որ մեր կառավարությունը, պրեզիդենտի ապարատը եւ այլն, այդպիսի հասարակական կազմակերպություններին աջակցություն ցույց են տալիս եւ ֆինանսավորում են: ԱԺ-ում գուցե առաջին դեպքն է»: Իսկ հարցին, թե արդյոք գիտնականի համար պարտադի՞ր էր անդամակցել «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ աջակցություն ստանալու համար, Բակունցը պատասխանել է, թե ինքն առողջապահության բնագավառում աշխատում է արդեն 30-ից ավելի տարի եւ գտնում է, որ մեր առողջապահության վիճակը ոչ մի ձեւով չի բարելավվում: «Թեպետ ֆինանսավորումը շատանում է, բայց ոչ մի ձեւով ո՛չ հիվանդի վիճակն է լավանում, ո՛չ բժիշկների վիճակը: Արթուր Բաղդասարյանն այդ ժամանակ առաջարկեց ակտիվ մասնակցություն ունենալ առողջապահության հարցերին եւ այլն, եւ ես համաձայնությունս տվեցի… նաեւ կուսակցությանն անդամակցելու»,- ասել է Հ. Բակունցը: Հիշեցնենք, որ Տ. Թորոսյանը տեղեկացրել էր, թե վերոնշյալ հ/կ-ն իր գործունեության ընթացքում թողարկել է Ավետիք Իսահակյանի երկերը, կազմակերպել է «Նորմա» ֆիլմ-օպերայի պրեմիերան եւ նման այլ բաներ:

Ռ.Թ.